Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Հայաստանի ներքին աուդիտորների ասոցիացիայի նախագահ Արա Չալաբյանը, ավագ խորհրդատու, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
🔹 Ինչպիսի՞ն է տնտեսության և ֆինանսների վիճակը Հայաստանում:
🔹 Այս ոլորտներն ինչպե՞ս են առնչվում ՀՀ անվտանգությանը:
🔹 Ի՞նչ խնդիրներ կարող է լուծել հանրակրթության բարելավումը:
🔹 Ինչպիսի՞ն է ՀՀ տնտեսության կառուցվածքը, և ի՞նչ ուղղությամբ պետք է այն զարգացնել:
🔹 Ինչպե՞ս են կառավարվում երկիր մտնող ֆինանսական միջոցները:
Արա Չալաբյան
«Փոքր երկիրն ինքն իրենով բավականին սահմանափակված է ինքնուրույն, անկախ ինչ-որ բան ունենալու։ Կարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք ինչ-որ էկոհամակարգի մաս պետք է լինենք, քանի որ այդ մեծ էկոհամակարգում կարողանում ենք ավելի լայն, կամ ավելի լավ օգտագործել մեր հնարավորությունները։ Լինելով հատկապես աշխարի այս փակված՝ մեզ համար փակված անկյունում ենք ինքնուրույն չենք կարող «թռնել մեր գլխից վերև», այսինքն որևէ մեծ համակարգի մեջ մենք պետք է կարևոր դեր կարողանանք խաղալ։ Մեծ համակարգը նաև ենթադրում է անվտանգության որոշակի ապահովում»։
Հայկ Չոբանյան
«ՀՀ-ի համար առաջնային է կրթության և գիտության ոլորտում գերազանցությունը։ Սա հանգույցային նշանակություն ունի այն առումով, որ առանց դրա մեր երկիրը պարզապես չի կարող գոյատևել»։
Արեգ Քոչինյան
«Մեկ բաղադրիչից բաղկացած կամ մեկ քայլից, «էլեգանտ» լուծումից բաղկացած որոշումներ և կարգավորումներ այստեղ չկան։ Մենք խնդիր ունենք երկարաժամկետ ծրագրերի, ռազմավարությունների, համալիր մոտեցումների, և սա այն ամենն է, ինչում Հայաստանի քաղաքական և տնտեսական ընտրանին շատ երկար ժամանակ է արդեն կաղում է և խնդիրներ է ի հայտ բերում։ Մեր խնդիրների առաջին պատասխանը տնային աշխատանքն է»։