Գաղափարախոսությունների առկա վիճակն ու ուսումնասիրվածության մակարդակը
Հայաստանում կուսակցական համակարգը շարունակում է մնալ զարգացման փուլում։ Նախորդ աշխատանքներից մեկում նշել էինք[i], որ Հայաստանում գրանցված բազմաթիվ կուսակցությունների անգործության և թերֆունկցիոնալության պատճառներից մեկը կուսակցությունների թույլ գաղափարական հիմքերն են։ Կուսակցական համակարգի թերֆունկցիոնալության և գաղափարական թույլ հիմքերին զուգահեռ և այդ պատճառով սակավ են կուսակցությունների գաղափարախոսությունների վերաբերյալ ուսումնասիրությունները։
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքից[ii] կարելի է հասկանալ, որ գաղափարական հիմքերը արտացոլվում են կուսակցության ծրագրում և կանոնադրությունում։ Իսկ ծրագրի և կանոնադրության առկայությունը պարտադիր պայման է կուսակցութունների գրանցման համար։ Բացի այդ, կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորման երեք բաղադրիչներից մեկըկուսակցության գաղափարախոսության, ծրագրային նպատակների և հանրային քաղաքականության հարցերի մասին հետազոտություններն էին (առավել մանրամասն կուսակցությունների պետական ֆինասնավորման մասին՝ այստեղ[iii])։ Սակայն բոլորովին վերջերս Ազգային ժողովն ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագիծը։ Վերջինիս արդյունքում կուսակցության գաղափարախոսության, ծրագրային նպատակների համար կուսակցությունները պետությունից ֆինանսավորում այլևս չեն ստանա։ Սա հիմնավորվում էր հետազոտությունների առկայության վալիդացիայի դժվարությամբ և առհասարակ այս հետազոտական բաղադրիչի պակաս կարևորությամբ։
Կուսակցությունների և հայ հասարակության քաղաքական գաղափարային ուղղվածության մասով եղած աղքատ աղբյուրներից կարելի է առանձնացնել «Քաղաքական կոմպասը»[iv], որը, սակայն, իր թերություններն ունի։ Կոմպասը հարցաշարի միջոցով փորձում է վեր հանել հարցաշարը լրացնողի քաղաքական գաղափարախոսական պատկանելիությունը և դա արտացոլել կոորդինատային առանցքի վրա։ Բացի այդ, կոմպասը վերծանել է որոշ կուսակցությունների նախընտրական ծրագրային դրույթները և պրոյեկտել նույն կոորդինատային առանցքի վրա, ինչը հնարավորություն է տալիս անձի քաղաքական հայացքները համադրել կուսակցություննների գաղափարախոսությունների հետ։ Ինչ վերաբերվում է գործիքի բովանդակային և մեթոդական թերություններին, նախ վերլուծական ակնարկից և մեթոդաբանական հատվածի բացակայությունից հասկանալի չէ թե որ ժամանակաշրջանին են վերաբերվում գաղափարախոսությունների չափումները։ Առկա կուսակցությունների կազմից կարելի է ենթադրել, որ եղածը վերաբերվում է 2018 թվականին։ Բացի այդ, հարցաշարը բավական վերացական է և, կարծես, լիովին ադապտացված չի հայաստանյան իրողություններին։ Հարցերի մի զգալի մաս արևմտաեվրոպական շատ երկրներում օրակարգային է, ըստ այդմ, դրա վրա հիմնվելով, արդյունքները համադրել հայաստանյան կուսակցությունների գաղափարախոսությունների հետ կարող է շեղումներ առաջացնել։ Եվ վերջինը, որն արձանագրել են նաև Կոմպասի վերլուծական թերթում, առկա չէ որևէ ընտրանք, ինչպես նաև զտիչ, որը կվալիդացնի հարցաթերթը լրացնողին։ Նշվում է, որ 14․000 լրացնողից 3․500-ն իրական են, սակայն հասկանալի չէ, թե որտեղից այդ եզրահանգումը և արդյոք այդ կամայական 3,500 լրացնողներն ընդամենը մեկ անգամ են լրացրել հարցաշարը։ Հակառակ դեպքում՝ կարող ենք որոշակի գաղափարների ինֆլյացիայի պատկեր ստանալ։
Ժամանակին՝ 2018 թ․-ին, կար նաև Ընտրամատ գործիքը[v], որն ըստ էության նույն գործառույթն էր կատարում ինչ Կոմպասը, բայց կոնկրետ ընտրությունների համատեքստում։ Սակայն, ներկայում այն չի գործում, և հնարավոր չէ այդ գործիքի տվյալներն օգտագործել։ Այդուամենայնիվ, այլընտրանքների բացակայության պայմաններում, որպես մասնակի ելակետ, կընդունենք Կոմպասի տվյալները։
Այսպիսով, անցնելով հարցաշարը, հայ քաղաքական դաշտի մի շարք կուսակցություններ, պահպանողական/ազատական և ձախ/աջ փոփոխականներով, ըստ իրենց ծրագրերի բաշխվել են ներքոնշյալ կերպ (պատկեր 1)[vi]։ Կոմպասը նաև առաջարկում է փաստացի պատկեր, որի դեպքում կուսակցությունները պակաս պահպանողական են։ Սակայն, «փաստացի» հարթության չափման վերաբերյալ որևէ բացատրություն առկա չէ։

Պատկեր 1․ Գաղափարախոսությունները՝ ըստ կուսակցությունների ծրագրերի
Ըստ այս գործիքի՝ հարցումն անցածների միջինացված կետը գտնվում է ձախ ազատական հատվածում։ Իգական սեռի ներկայացուցիչներն առավել ազատական և ձախական հայացքներ ունեն, միաժամանակ, արական սեռի հարցվածները գտնվում են նույն քառորդում։
Այս ամենից կարելի է կարծել, որ եթե հանրության մի զգալի հատված ձախ-ազատական հայացքներ ունի, ապա կուսակցությունները նույնպես ձայների մաքսիմալացման նպատակով պետք է ադապտացնեն իրենց գաղափարախոսությունները։ Կամ, այլ կերպ ասած, կուսակցությունների՝ ըստ կլաստերների, միջինացված կետը պետք է որ հեռու չլինի ընտրողների՝ ըստ կլաստերների, քաղաքական հայացքների միջինացված կետից։ Սակայն, տեսնում ենք, որ կուսակցությունները մեծապես առավել պահպանողական գաղափարախոսություն ունեն, իսկ ձախ-աջ առանցքում եղածները հարաբերականորեն հավասար են ներկայացված։
Հայաստանում գաղափարախոսությունների զարգացումն ու առանձնահատկությունները
Այս պատկերը չի արտացոլում սույն աշխատանքի սզկբում և նախորդիվ արված այն պնդումը, որ հայաստանյան կուսակցական դաշտը աղքատ է գաղափարական բազմազանությամբ և թույլ գաղափարական հիմքեր ունի։ Այս պնդումը հիմնավորելու համար կարևոր է ակնարկ կատարել Հայաստանում կուսակցական և քաղաքական համակարգի զարգացման պատմությանը։
Հայաստանում կուսակցական և քաղաքական գաղափարախոսությունների զարգացումը բնորոշ է հետխորհրդային մի շարք երկրների իրավիճակին, հաշվի առնելով անկախացած երկրների խորհրդային սոցիալ-քաղաքական ինստիտուտներից կածանային կախվածությունը (path dependency):
Այսպես, անկախացած մի շարք երկրների, այդ թվում՝ կովկասյան երեք հանրապետությունների, քաղաքական-կուսակցական գաղափարախոսություններում գերիշխող է դառնում ազգայնականությունը։ Որպես այդպիսին՝ ազգայնականությունը, որպես գաղափարախոսություն լավագույնն էր, ծառայում ի հակադրություն կոմունիզմի՝ շեշտադրելով ազգային, պատմական առանձնահատկությունները։ Խորհրդային միությունում ազգայնականության զարգացման օջախները հումանիտար գիտական ինստիտուտներն էին։ Պատմության, լեզվի ուսումնասիրությունները ժամանակի ընթացքում դարձան քաղաքական գաղափարախոսությունների առանցք։ Անկախացած երկրների մի շարք քաղաքական առաջնորդներ (Տեր-Պետրոսյան, Էլչիբեյ, Գամսախուրդիա) և էլիտաներ հենց այդ ինստիտուտներին աֆիլացված անձինք էին։ Ազգայնականության ակտիվացմանը և տարածմանը նպաստում էր տարածաշրջանում էթնիկ կոնֆլիկտների էսկալացիան։ Ազգայնականության աճի և էթնիկ կոնֆլիկտների փոխազդեցությունը ծնեց արատավոր շրջան, որն, ըստ էության, քաղաքական հարթությունում ազգայնականությունը դարձրեց հեգեմոն գաղափարախոսություն։
Ազգայնականությանը զուգահեռ՝ անկախացած երկրների քաղաքական սուբյեկտները որոշակիորեն որդեգրեցին լիբերալիզմի արժեքները։ Լիբերալիզմը նույնպես արդյունավետ տարբերակ էր հին ռեժիմին՝ կոմունիզմին, հակադրման համար։ Կովկասյան հանրապետություններում լիբերալիզմի և ազգայնականւթյան տարբեր համամասնություններով խառնուրդը դոմինանտ դարձավ։ Ռետրոսպեկտիվ կարելի է պնդել, որ այն երկրներում, օրինակ՝ Հայաստանում, որտեղ լիբերալիզմն առավել շեշտադրված էր քան ազգայնականությունը, նոր ռեժիմներն ավելի երկարաժամկետ կյանք ունեցան։ Միևնույն ժամանակ, կարելի վերոնշյալի կոնտեքստում պնդել, որ Հայաստանում 1998 թվականին լիբերալիզմի գաղափարախոսությունն իր տեղը զգալիորեն զիջեց ազգայնականությանը, իսկ 2018-ին տեղի ունեցավ հակառակը։
Բացի լիբերալիզմ-ազգայնականություն գաղափարական հարթությունից, Հայաստանում և հետխորհրդային փոքր երկրներում քաղաքական գաղափարական հիմքերում կարևոր է արտաքին քաղաքականության հարթությունը։ Վերջինս սերտորեն կապված, բայց նույնական չէ լիբերալիզմ-ազգայնականություն հարթությանը։ Արտաքին քաղաքական ուղղվածությունը Հայաստանում և խորհրդային շատ այլ երկրներում կուսակցությունների համար ընտրություններում առանցքային հարթակ է հանդես գալիս և շատ դեպքերում լիբերալիզմ-ազգայնականություն նույնականացումը սահմանվում է լռելյայն և մղվում հետին պլան։
Հետխորհրդային երկրներում ռեժիմների որակը կախված էր հին ռեժիմի՝ կոմունիզմի, և նոր սուբյեկտների ուժերի բալանսից։ Հայաստանը հայտնվեց միջանկյալ վիճակում, երբ հին ռեժիմը մասնակիորեն ադապտացվեց և ինտեգրվեց նոր ռեժիմին՝ իր մեջ կրելով ազգայնական և ազատական գերակա արժեքները։ Գաղափարախոսությունների զարգացման ողջ ընթացքն ուղեկցվել է ազգայնականության գերակայությամբ և այդ պայմաններում՝ լիբերալիզմի որոշակի դրսևորմամբ։ Բացի դրանից, կուսակցությունները, իշխանությանը հակադրվելիս, օգտագործել են ձախական պոպուլիզմի պլատֆորմը՝ հղվելով Հայաստանում սոցիալ-տնտեսակ վատ վիճակի վրա։ Սակայն, ընդհանուր առմամբ, ձախական գաղափարախոսական գունապնակը Հայաստանի քաղաքական համակարգում աղքատ է ներկայացված։ Իրավիճակն ավելի վատ է ձախական գաղափարական հիմքեր ունեցող ուժերի արդյունքների համատեքստում։ Նման դիրքերից հանդես է գալիս միայն ՀՅԴ-ն, որը, սակայն, ձախականությունն առավելապես ադապտացրել է ազգայնականության համատեքստում։
Եզրակացություն
Ամփոփելով, պետք է վերահաստատել այն պնդումը, որ Հայաստանում կուսակցությունների գաղափարական բազմազանությունն աղքատիկ է և մեծապես հենվում է ազգայնականության, ինչ-որ տեղ նաև՝ լիբերալիզմի վրա։ Ձախականության սակավ տարածվածությունն ու նաև ցածր պահանջարկը հիմնականում գալիս է թե՛ հետխորհդային կոմունիզմի նկատմամբ ռեսենտիմենտից, թե՛ հետխորհրդային պետություններին ներհատուկ՝ սոցիալական ուղղվածություն ունեցող հիմքերից։ Սրան զուգահեռ, քաղաքական գաղափարական գերիշխող օրակարգ է արտաքին քաղաքականության ուղղության երկընտրանքը։ Այդումենայնիվ, քաղաքական գաղափարախոսությունների և դրանց կիրառման ոլորտը Հայաստանում մնում է սակավ ուսումնասիրված, կարիք ունի հստակ չափումների և փաստահեն ուսումնասիրությունների։
[i] https://rcsp.am/entry/5290/kusakcakan-hamakargi-yndhanur-nkaragiry/
[ii] https://www.arlis.am/documentview.aspx?docid=166242
[iii] https://rcsp.am/entry/5537/hayastanum-kusakcutyunneri-hanrayin-finansavorumy/
[iv] https://political.am/storage/uploads/files/zekuyc/compass.pdf
[v] https://www.facebook.com/entramat.am/?locale=hy_AM
[vi] https://www.instagram.com/political.dialogue/p/CsYi7ljMWqX/?hl=de
Հեղինակ՝ ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Տիգրան Մուղնեցյան