Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ բոլոր հանրապետությունների առջև առաջացավ միջհանրապետական նախկին սահմանների սահմանզատման և սահմանագծման խնդիրը: ԽՍՀՄ արևմտյան հատվածում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, ԽՍՀՄ արտաքին սահմանները սահմանազատված էին: Հայաստանի պարագայում դա Թուրքիայի և Իրանի հետ սահմաններն էին:
Նախկին խորհրդային հանրապետություններից Ադրբեջանի հետ ՀՀ սահմանը, դեռ խորհրդային շրջանում (հատկապես 1990 թ. հունվարից), վերածվեց տարբեր ինտենսիվության ռազմական գործողությունների գոտու և 1994-ից դարձավ ականապատված և ամրաշինական կառույցներով պաշտպանված շփման գիծ: Վրաստանը միակ պետությունն էր, որի հետ Հայաստանը 1995 թ.-ին ստեղծեց համատեղ սահմանազատման հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատանքի առաջին 15 տարիների ընթացքում, որն ավարտվեց 2010-ականների սկզբին, հայ-վրացական սահմանի մոտ 225 կմ երկարությունից համաձայնեցվեց 147 կմ[i] հատվածը, այլ տվյալներով՝ 160 կմ[ii]։ Այս պատկերը մինչ այժմ մնացել է գրեթե անփոփոխ (սահմանի և սահմանազատված հատվածների երկարության տվյալների տարբերությունը պայմանավորված է կողմերի կիրառած հաշվարկների մեթոդաբանական տարբերություններով):
Սահմանի առաջացումը և յուրահատկությունները
Հայ-վրացական ներկայիս սահմանը ձևավորվել է 1920-30-ականներին և դրանից հետո էական փոփոխություններ չի կրել: Դրա հիմքում կամ ավելի վաղ՝ ցարական շրջանի վարչական սահմաններն էին (Շիրակի հատվածն ամբողջությամբ և Տավուշի մարզի սահմանի փոքր, հյուսիս-արևելյան անկյունը), կամ 1918 թվականի հայ-վրացական պատերազմի հրադադարի գիծը, որը 1919-1920 թթ. նաև Լոռվա «չեզոք գոտու» հյուսիսային սահմանն էր:

Քարտեզ 1․ Լոռվա չեզոք գոտին (բաց դեղին գույնով) 1919-1920 թ[iii]
1921 թվականի նոյեմբերի 6-ին Խորհրդային Հայաստանի և Վրաստանի իշխանությունները ստորագրեցին սահմանի շուրջ պայմանագիր, որը հետագայում, աննշան փոփոխություններով, մնաց նույնը: Ինչպես նշվեց, հայ-վրացական սահմանը, ինչպես նաև Տավուշի և Սյունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը ձևավորվել են 1918-1921 թթ. ռազմական հակամարտությունների արդյունքում և հիմնականում համապատասխանում են այդ ժամանակաշրջանի դելիմիտացիոն գծերին։ Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածների և հայ-վրացական սահմանի հիմնական տարբերությունն այն է, որ առաջին դեպքում շփման գծին հարող բնակավայրերի ճակատագիրը որոշվում էր ազգագրական սկզբունքով՝ նպատակ ունենալով կանխել հայկական բնակավայրերի ընդգրկումը Ադրբեջանի կազմում և ադրբեջանաբնակ համայնքների հայտնվելը Հայաստանում։ Սա, իր հերթին, հանգեցրեց անկլավների ձևավորմանը։ Մինչդեռ հայ-վրացական սահմանի դեպքում նման անտագոնիզմ չկար։ Թեև Լոռու «չեզոք գոտու» սահմանին Վրաստանի հետ տեղակայված էին հայաբնակ գյուղեր (Աղքյորփի, Չանախչի, Բուրդաձոր, Խոխմելի, Գյուլբաղի, Խոժոռնի), դրանք փոխանցվեցին ՎԽՍՀ-ին, իսկ վիճելի հատվածում գտնվող երկու ադրբեջանաբնակ գյուղեր՝ Լամբալու (այժմ՝ Բագրատաշեն) և Քյորփլու (այժմ՝ Զորական), անցան ՀԽՍՀ-ին:

Քարտեզ 2․ 1920-ական թթ. հայ-վրացական սահմանի հիմնական վիճելի հատվածները
Խորհրդային իշխանության առաջին տասնամյակին հայ-վրացական սահմանի հիմնական վիճելի հարցերը կապված էին նրա արևելյան հատվածի հետ։ Դրանք վերաբերում էին Վիրահայոց (Սոմխեթի) լեռնաշղթայից հյուսիս մինչ ներկայիս սահման ձգվող Լալվարի անտառի պատկանելիությանը, Վրաստանի սահմաններում մնացած հայաբնակ սահմանամերձ բնակավայրերին, ինչպես նաև ադրբեջանաբնակ Լամբալու և Քյորփլու գյուղերի վարչական պատկանելիությանը։
Քննարկումների ընթացքում մի քանի անգամ բարձրացվել է Լալվար լեռնազանգվածից հյուսիս գտնվող անտառի ու գյուղերի հարցը, որոնց պատկանելիության շուրջ մի քանի տարբեր որոշումներ ընդունվեցին: 1929 թ. սահմանային հայաբնակ գյուղերից մի քանիսը (Աղքյորփի, Չանախչի, Բուրդաձոր) հանձնվել էին ՀԽՍՀ-ին[iv], սակայն 1933 թ. վերադարձվել էին Վրաստանին և հայ-վրացական սահմանը ստացել էր այն տեսքը, որ ուներ մինչ Խորհրդային Միության փլուզումը:

Քարտեզ 3․ ՀԽՍՀ 1932 թ. դետալային քարտեզ, որտեղ հայաբնակ Աղքյորփի, Չանախչի և Բուրդաձոր գյուղեր գտնվում են Խորհրդային Հայաստանի սահմաններում[v]
Խորհրդային շրջանում, Վրաստանի կազմում, սահմանին անմիջապես կից հայկական գյուղերն օգտվում էին ՀԽՍՀ-ի անտառներից, արոտավայրերից, ջրային ռեսուրսներից, ինչպես նաև սերտ կապեր ունեին սահմանից հարավ գտնվող հայկական գյուղերի հետ: Դրանցից Աղքյորփին, Խոժոռնին և Բուրդաձորը երեք կողմից շրջապատված էին ՀՍԽՀ-ի տարածքով: Տաշիրի տարածաշրջանի և Նոյեմբերյանի տարածաշրջանի համար բնորոշ էր նաև սահմանային գոտում ադրբեջանաբնակ գյուղերի ակտիվ կապը սահմանից հյուսիս գտնվող ադրբեջանական գյուղերի հետ: Եթե 1988 թվականից հետո վերջին կապերն ընդհատվեցին, սահմանի վրա գտնվող հայաբնակ գյուղերի համար անկախացումից հետո առաջացան բազմաթիվ խնդիրներ, որոնք սահմանային ռեժիմի խստացումից հետո 2000-ականներին ավելի սուր բնույթ ստացան:
ՀՀ սահմանից հյուսիս գնտվում են նաև մի շարք սահմանային ադրբեջանաբանկ գյուղեր, որոնք նախկինում նույնպես օգտվում էին ՀՀ տարածքից: Մառնեուլիի տարածաշրջանի ադրբեջանաբնակ Բուրմա գյուղի մի քանի բնակարաններ գտնվում են ՀՀ սահմանին անմիջապես հարող սահմանային հատվածում կամ ՀՀ տարածքում և հանդիսանում են առկա սահմանային վեճերի առարկաներից մեկը: Սահմանի այս հատվածում նշված գյուղի, ինչպես նաև հարևան ադրբեջանաբնակ Սադախլո և Թազաքենդ գյուղերի բնակիչները 2011 թվականին բողոքում էին հայկական սահմանապահների՝ իրենց օգտագործած մոտ 20 հա տարածքը զբաղեցնելու համար[vi]:

Քարտեզ 4․ Վրաստանում ադրբեջանաբնակ Բուրմա գյուղը հայ-վրացական սահմանին, որի բնակարաններից մի քանիսը ՀՀ վարչական տարածքում են
Երկկողմ սահմանազատման հանձնաժողովը, որը ստեղծվել է 1995 թվականին, ակտիվ գործունեություն է ծավալել 2003 և 2009-2011 թվականներին։ 2009-ին վերսկսվել են հայ-վրացական սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները, և հայտարարություններ են արվել՝ գործընթացը շարունակելու մասին։ Վերջին շրջանում քննարկվում էր Շիրակի մարզի Բավրա գյուղի հատվածում վիճելի հողակտորի փոխանցումը վրացական կողմին, որի փոխարեն վրացական կողմը ՀՀ-ին պետք է փոխանցեր հայաբնակ Խոժոռնի գյուղը[vii]՝ Մառնեուլիի տարածաշրջանում (մունիցիպալիտետում):
Թեև սահմանազատման գործընթացի ակտիվացման բոլոր փուլերում կողմերը խոսում էին կառուցողական մթնոլորտի մասին, սակայն սահմանի արդեն իսկ համաձայնեցված հատվածներից զատ առաջխաղացում չարձանագրվեց:
Հայ-վրացական սահմանին առնչվող հարցերի համատեքստում երկու երկրների ԶԼՄ-ներում պարբերաբար բարձրացվում էին Ջավախքի և Հյուսիսային Լոռու վերաբերյալ հարցերը՝ հայկական կողմից, ինչպես նաև Լոռու մարզի պատմական պատկանելիության հարցը՝ վրացական կողմից։ Այնուամենայնիվ, այս թեմաները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ սահմանազատման գործընթացի վրա։
Հայ-վրացական սահմանի սահմանազատման մասին հայտարարությունները կարճ ժամանակով վերսկսվեցին 2021թ.-ից՝ Ադրբեջանի հետ նույն գործընթացի քննարկումների ֆոնին:
Սահմանազատման գործընթացի անհրաժեշտության մասին հայտարարություններ եղան նաև 2024թ. հունվարին «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» հռչակագրի ստորագրման շրջանակում և 2024 թ. ապրիլին ու ամռանը, երբ սկսել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը «չորս գյուղերի» շրջանում:
Պետք է նշել, որ գործընթացի դանդաղեցման հիմնական պատճառներն են նախընտրական և հետընտրական զարգացումները Վրաստանում:
2025 թվականի հունվարի 16-ին հրապարակված հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հայտարարությունից[viii] հետո հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շարունակությունը երեք պետությունների սահմանների հատման կետից ենթադրում է նաև Վրաստանի ներգրավվածություն և եռակողմ պայմանագրի կնքում՝ սահմանների հատման կետը որոշելու նպատակով։
Երեք պետությունների սահմանների հատման կետին վերաբերող խնդիրները կարևոր են նաև այն պատճառով, որ մոտավորապես 2008թ.-ին ադրբեջանական զինուժը դիրքավորվել էր Հայաստանին հարող Վրաստանի տարածքում գտնվող Պապաքար բարձունքի գագաթին և հյուսիսային լանջերին՝ զբաղեցնելով շուրջ 1000-1200 հա[ix] վրացական տարածք: Նույն հատվածում՝ Վրաստանի վարչական տարածքում, մի քանի հենակետեր ունի նաև ՀՀ զինված ուժերը, թեև սահմանի անհամեմատ ավելի փոքր խախտումով: Ստորագրելով եռակողմ պայմանագիրը, կողմերը հնարավորություն կունենան շարունակել գործընթացը երկկողմ ձևաչափերով, ինչը կարող է նաև առողջ մրցակցային մթնոլորտ ստեղծել զուգահեռ գործընթացներում:

Քարտեզ 5․ Վրաստանի տարաքում Ադրբեջանի զինուժի զբաղեցրած տարածք՝ երեք պետություների սահմանների հատման կետից արևելք
Հայ-վրացական սահմանի սահմանազատման հիմնական խնդիրները
Հայ-վրացական սահմանը կարելի է բաժանել երկու հիմնական մասի. առաջինը՝ արևմտյան հատվածը, որտեղ սահմանը անցնում է բարձրլեռնային բաց տարածքով, և որտեղ բնակավայրերը գտնվում են սահմանից բավականին մեծ հեռավորության վրա և, հիմնականում, չկան սահմանի վիճարկելի հատվածներ (որպես բացառություն՝ Բավրա գյուղին և անցակետին հարող հատվածը):
Երկրորդ մասը՝ Մեծավան գյուղից արևելք, թեև նույնպես զգալի հատվածով անցնում է լեռնաշղթայի ջրբաժան գծով, ավելի բարդ է, քանի որ ունի անտառածածկ հատվածներ՝ սահմանագծի բարդ երկրաչափություն և սահմանին ավելի մոտ գտնվող բնակավայրեր: Աղքյորփի-Դեբեդ հատվածում վրացական կողմից սահմանի անմիջական հարևանությամբ գտնվում են հիմնականում հայաբնակ Աղքյորփի, Չանախչի, Օփրեթի, Խոխմելի, Խոժոռնի, Գյուլբաղի, Բուրդաձոր, ինչպես նաև ադրբեջանաբնակ Մոլլաօղլի, Բուրմա, Սադախլո, Թազաքենդ գյուղերը: Դրանից արևելք սահմանն անցնում է Դեբեդ գետով և Պապաքարի լեռնաշղթայով: Հայկական կողմից այս հատվածում է գտնվում Ջիլիզա գյուղը:

Քարտեզ 6․ Հայ-վրացական սահմանի ամենաբարդ՝ Աղքյորփի-Սադախլո հատվածը[x]
Նշված գյուղերի բնակիչները նախկինում օգտվել են ՀՀ տարածքի անտառային, ջրային ռեսուրսներից և արոտավայրերից: Նրանց անմիջական հարևանությունը սահմանին բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, որոնք պետք է լուծվեն սահմանզատման գործընթացի ընթացքում:
Նշված հարցերի լուծման համար ԵԱՀԿ ուղեցույցի[xi] սկզբունքները, որոնք նաև ընկած են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման կանոնակարգի տեքստի հիմքում, կարող են ապահովել օպտիմալ լուծումներ: Այստեղ կարելի է օգտագործել նաև ԵՄ երկրների մասնագիտական խորհրդատվությունը, և հատկապես լիտվացի մասնագետների փորձը, որոնք մասնակցել են ուղեցույցի տեքստի ստեղծման աշխատանքներին: ԵՄ միջնորդությունը կարող է օգտակար լինել նաև տեխնիկական առումով, օրինակ՝ սահմանազատման քարտեզների կազմման համար անհրաժեշտ թարմ արբանյակային պատկերների և այլ տեխնիկական աջակցության տրամադրմամբ։
Նշված մոտեցումների կիրառական նշանակությանը անդրադարձել էի հայ-ադրբեջանական սահմանին բնորոշ հարցերի օրինակով[xii]։ Հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացում նույն մոտեցումները կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ նաև հայ-ադրբեջանական գործընթացի վրա, որտեղ առկա են նմանատիպ խնդիրներ, սակայն քաղաքականացվածության և կոնֆլիկտի ինտենսիվությունը ավելի բարձր է։
Աղքյորփի-Բուրդաձոր հատվածի համար կարևոր է նաև ՀՀ տարածքում գտնվող Ջիլիզա գյուղի ուղղությամբ նոր անցակետի առկայությունը, քանի որ այդ գյուղերի ավանդական կապն Ալավերդու տարածաշրջանի հյուսիսային հատվածի հետ ինտենսիվ է, իսկ բնակչության մի մասը հաստատվել է ՀՀ-ում:
Հայ-վրացական հարաբերությունների համատեքստում կարևոր հարց է նաև հայ-վրացական սահմանային գոտում գտնվող պատմական հուշարձանների, հատկապես միջնադարյան հայկական (Խորակերտ, Խոժոռնիի եկեղեցի) ու վրացադավան (Խուճապ) վանական համալիրների ճակատագիրը: Սահմանային կարգավիճակը խանգարում է թե՛ այդ հուշարձանների պահպանմանը, թե՛ դժվարացնում մուտքի հասանելիությունը: Լուծումը կարող է լինել թե՛ հուշարձանների փոխանակմամբ (Խուճապը գտնվում է ՀՀ տարածքում, Խորակերտը և Խոժոռնիի եկեղեցին՝ Վրաստանում), թե՛ հատուկ որոշումների և կարգավորումների միջոցով, որոնք թույլ կտան անխոչընդոտ այցելել հուշարձաններ՝ կրոնական և զբոսաշրջային նպատակներով: Սահմանային կարգավիճակը խոչընդոտ է նաև այդ հուշարձանների վերականգնման համար։ Այս հարցում նույնպես հարկավոր են համատեղ լուծումներ:

Նկար 1․ Հայ-վրացական սահմանի վրացական կողմում գտնվող հայկական 13-րդ դարի Խորակերտի վանքը
Այս գործոնը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև հայ-ադրբեջանական սահմանային գոտում գտնվող հուշարձանների` Գագա բերդի, Սուրբ Սարգիս եկեղեցու, Ծիծեռնավանքի ճակատագրի վրա։ Բացի այդ, այն կարող է նպաստել նաև վրաց-ադրբեջանական սահմանազատման համար ամենախնդրահարույց՝ Դավիդ Գարեջի վանական համալիրի և Ադրբեջանի տարածքում գտնվող մի շարք այլ կառույցների հետ կապված հարցերի արդյունավետ լուծմանը։
Եզրակացություն
Քաղաքական կամքի պարագայում հայ-վրացական սահմանը չունի լուրջ խնդիրներ (դրանք բոլորը, գրեթե, տեխնիկական բնույթի են), իսկ սահմանազատման ավարտը կարող է դրական ազդեցություն ունենալ թե՛ երկու երկրների միջպետական հարաբերությունների, թե՛ հայ-ադրբեջանական և վրաց-ադրբեջանական սահմանների սահմանազատման գործընթացի վրա:
Փոխզիջման սկզբունքով չլուծվող հարցերը կարելի է լուծել նաև միջազգային փորձագիտական կամ պաշտոնական արբիտրաժի ձևաչափով, ԵՄ-ի կողմից տարաբնույթ աջակցությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանում, որպես բարձրագույն միջազգային ատյանի, որը իրավասու է քննել նման հարցերը:
Հայ-վրացական սահմանը Հայաստանի սահմաններից միակն է, որն ամբողջովին վերահսկվում է ՀՀ սահմանապահների կողմից: Այստեղ ԱՄՆ-ի աջակցությամբ արդեն իսկ ներդրվել են սահմանի կառավարման նոր մեխանիզմներ։ Կարևոր է, հատկապես հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը, և որ այս սահմանի սահմանազատման, կառավարման ու անդրսահմանային համագործակցության լուծումները լինեն օրինակելի և ՀՀ այլ սահմանների կառավարման համար ծառայեն որպես մոդել:
[i] https://hy.armradio.am/archives/357500
[ii] Shamkharadze N. Georgian State Border – Past and Present, http://css.ge/wp-content/uploads/2019/07/nika_border_eng.pdf
[iii] http://www.conflicts.rem33.com/images/Georgia/arm_geor_war/map%204.jpg
[iv] Կ․ Խաչատրյան, Հ․ Սուքիասյան, Հայ-վրացական տարածքային-սահմանային խնդիրների կարգավորման գործընթացը 1920-1930-ական թվականներին, «Արևելագիտության հարցեր», № 11, Երևան, 2015, էջ. 75-97
[v] https://www.loc.gov/item/2014585716/
[vi] http://janarmenian.ru/news/3895.html
[vii] https://www.panorama.am/ru/news/2009/09/16/azg/1209881
[viii] https://www.mfa.am/hy/press-releases/2025/01/16/arm_az/13039
[ix] https://www.panarmenian.net/m/rus/news/229791
[x] 1976 թ. ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզը՝ https://maps.vlasenko.net/smtm100/k-38-102.jpg
[xi] https://www.osce.org/ru/secretariat/363471
[xii] https://rcsp.am/entry/4679/sahmanazatman-kanonakarg-qaxaqakan-ev-bovandakayin-yurahatkutynnery/
Լուսանկարը՝ Հանրային Ռադիոյի կայքէջի
Հեղինակ՝ ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյան