Եվրամիության հետ վիզաների ազատականացման թեմայի վերաբերյալ շահարկումները և իրական գործընթացը

հեղ․ RCSP

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ կարծիքները հիմնականում բաժանվում են երկու հակադիր բևեռների։ Մարդկանց առաջին խումբը թերահավատորեն է վերաբերվում այդ գործընթացի ընթացքին, արդյունքներին և հետագա զարգացումներին, մինչդեռ երկրորդ խումբը համոզված է, որ ԵՄ-ն հարցին արագ ընթացք կտա, ինչը կհանգեցնի սահմանների բացմանը։ Թեև այս երկու խմբի մոտեցումները հակադիր են, սակայն դրանք ունեն մեկ ընդհանուր գիծ՝ երևակայական պատկերացումները ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների մասին։          

Վիզաների ազատականացման գործընթացը ՀՀ-ի համար նույնիսկ տարածաշրջանում առաջին նման օրինակը չէ։ Ինչպես այլ պետությունների, այնպես էլ Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ ազատականացման վերաբերյալ համաձայնությունը ստանալուց հետո ողջամիտ ժամկետներում տեխնիկական առաջադրանքի իրականացումն է միակ գործընթացը, որը հաստատապես հանգեցնում է արդյունքի։ Այլ խոսքերով՝ եթե ԵՄ երկրներն արդեն տվել են բանակցությունները սկսելու համաձայնություն, ապա քաղաքական բաղադրիչն այլևս խոչընդոտ չի կարող լինել, իսկ վիզաների ազատականացման հաստատման համար անհրաժեշտ է ընդամենը լուծել տեխնիկական խնդիրներ։ Այդ խնդիրները վերաբերվում են ԵՄ անվտանգությանն ու Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքի կառավարմանը։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել։      

Խնդիրները կարելի է բաժանել 3 հիմնական խմբի՝ օրենսդրական, ընթացակարգային և կարողությունների։ Օրենսդրական խնդիրները վերաբերվում են ՀՀ օրենսդրական դաշտի առկա վիճակին՝ սահմանային վերահսկողության, քաղաքացիության ստացման և հարակից այլ ոլորտներում։ Այս խնդրի լուծումը ենթադրում է օրենսդրական փոփոխություններ, որոնք կարելի է իրականացնել սեղմ ժամկետներում։ Կարևոր է այդ փոփոխությունների ներդրման գործընթացի իրականացումը նախագծել և կատարել պրոֆեսիոնալ հիմքերով՝ խուսափելու համար արդեն կարծես ավանդույթ դարձած հասարակական անհամաձայնություններից և որոշ ուժերի կողմից շահարկումներից։ Որպես օրինակ կարելի է նշել համընդհանուր բժշկական ապահովագրության հարցը։ Վերջինս պահանջում է ոչ միայն օրենսդրական հստակ կառուցվածք, այլև դրանց կիրառման ժամանակ առաջացող մեկնաբանության խնդիրների կանխարգելում, իրականացման ընթացքում հնարավոր խոչընդոտների կանխատեսում և հետևանքների վերացման գործիքների մշակում և նմանատիպ բազմակողմ աշխատանք։ Ըստ ամենայնի՝ հարկ է դիտարկել նաև այս խնդրի այլընտրանքային լուծումները: Մասնավորապես Վրաստանում համընդհանուր բժշկական ապահովագրությունը ծածկում է սոցիալական խոցելի խմբերի սահմանափակ ծառայությունները, իսկ մյուսների դեպքում՝ ընդամենը ծախսերի 30 տոկոսը:

Ընթացակարգային խնդիրները կապված են ԵՄ ներկայացուցիչների հետ աշխատանքների կորդինացման, քարտեզագրման, ժամանակային պահանջների ձևավորման և դրանց ավարտին աշխատանքի արդյունքի կապիտալացման հետ։ Այս առումով կարևոր են տարբեր ոլորտներին վերաբերվող ԵՄ փորձագիտական խմբերի այցելությունները Հայաստան և համագործակցային մթնոլորտում աշխատանքների պլանավորման ու հետագայում դրանց իրականացման առաջանցիկ տեմպերը։ Հարկ է ընդգծել, որ ԵՄ տարբեր փորձագիտական խմբերի այցելություններն արդեն տեղի են ունենում: Այսպես. Հունվարի վերջին ՀՀ է այցելել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությունը: Իսկ Փետրվարի երկրորդ տասնօրյակում Հայաստանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության, արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը: Երկու դեպքում էլ ՀՀ պաշտոնատար անձանց հետ քննարկումների առանցքում եղել է վիզաների ազատականացման գործընթացի իրականացմանը վերաբերվող հարցեր:   Ընթացակարգային խնդիրների շարքում գլխավորներից մեկը նաև ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրման հարցն է։ Այս գործընթացում ամենաբարդ մասը տեխնիկական խնդիրների կարգավորումն է։

Ըստ ամենայնի՝ ժամանակատարությամբ և աշխատատարությամբ աչքի է ընկնում խնդիրների երրորդ խումբը, որը վերաբերվում է համապատասխան ծառայությունների կարողունակությունների ամրապնդմանը։ Այս ուղղությամբ աշխատանքի արդյունավետություն կարելի է ապահովել արտաքին գործընկերների օգնության միջոցով։ Մասնավորապես՝ սահմանային ծառայությունների կարողունակությունների ամրապնդման հարցում կարող է օգտակար լինել 2025թ․ հունվարի 14-ին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության կանոնակարգը, որի շրջանակներում ամերիկյան կողմը պարտավորություն է ստանձնել նպաստել ՀՀ սահմանապահ ծառայության արդյունավետության ամրապնդմանը։ Ուշագրավ է նաև արտաքին այլ գործընկերների ներգրավումն առանձին ծառայությունների կոնկրետ գործառույթների բարեփոխման գործընթացում։

Հաշվի առնելով այլ պետությունների արդեն նշված փորձը և դա Հայաստանի իրավիճակին համապատասխան տեղայնացնելով՝ կարելի է կանխատեսել, որ վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնելու 4-ից 5 տարվա ժամկետը ռացիոնալ ժամանակահատված է։ Հետևաբար, ՀՀ իշխանությունների կողմից շահագրգիռ հատվածի համախմբումն ու սեփական աշխատանքին պատասխանատու մոտեցումն այն քայլերն են, որոնց իրականացման դեպքում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում որևէ խոչընդոտ չի կարող լինել անհաղթահարելի։

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037