Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործոններն ու հեռանկարները

հեղ․ RCSP

Ներածություն

Հայաստանում 2018 թվականին հասարակական և քաղաքական զարգացումները հանգեցրեցին և արձանագրեցին Հայաստանի ժողովրդավարական զարգացման մեկնարկը։ Քաղաքական ռեժիմի որակական փոփոխությունը արձանագրեցին նաև մի շարք ժողովրդավարության հետազոտություններով զբաղվող միջազգային կազմակերպություններ[i]։ Միևնույն ժամանակ, աշխարհում նկատվում է ժողովրդավարության հետընթաց, մասնավորապես աշխարհի ամենախոշոր և ազդեցիկ Մեծ 20-յակի երկրներից 19-ում ժողովրդավարությունը բացասական զարգացում է ապրում[ii]։ Հայաստանում նույնպես 2018 թվականից վերոնշյալ ինդեքսները ցույց են տալիս ժողովրդավարական զարգացման տեմպերի լճացում և հետընթաց։ Այս հոդվածում փորձ է արվելու վեր հանել Հայաստանում ժողովրավարության հեռանկարները, բացահայտել դրա վրա ազդող ներքին և արտաքին գործոնները:

Ժողովրդավարության չափումն ու Հայաստանի իրականությունը

Մինչ անդրադառնալը Հայաստանում ժողովրդավարության որակին և հեռանկարներին, կարևոր է նախ սահմանել, թե ինչ ենք հասկանում ժողովրդավարություն ասելով այս հոդվածում։ Տեսական մոտեցումների բազմազանության պայմաններում՝ հոդվածում ժողովրդավարություն հասկացությունը միավորելու է մի քանի  մոտեցումներ։ Այսպիսով, ժողովրդավարության համար կարևոր է ազատ և մրցակցային ընտրությունների առկայությունը, քաղաքական և քաղաքացիական ազատությունների և իրավունքների երաշխավորումն ու իրացումը։ Այս իմաստով, հոդվածում օգտագործվող ժողովրդավարության հասկացությունը բավական մոտ է Ֆրիդոմ Հաուսի «Գլոբալ ազատության» ինդեքսի սահմանմանը։ Ժողովրդավարական ռեժիմներում ընտրությունների կարևոր չափանիշներից մեկն իշխանության փոփոխությունն է՝ ընտրական գործընթացների արդյունքում։ Իսկ բուն ընտրությունները պետք է համապատասխանեն երեք չափանիշների[iii]՝

ա) ընտրությունների արյդունքների ex ante` սկզբնական անորոշություն

բ) ընտրությունների արդյունքների ex post`հետագա անփոփոխելիություն

գ) պարբերականություն

Վերոնշյալ չափանիշների գնահատումն է, որ այս հոդվածում հնարավորություն է տալու քննարկել Հայաստանում քաղաքական ռեժիմի փոփոխությունն ու զարգացման հեռանկարները։

Ստորև աղյուսակում ներկայացված են 2017 թվականից մինչև 2024 Ֆրիդոմ Հաուսի «Գլոբալ ազատության» ինդեքսի Հայաստանի միավորները։

ՏարեթիվՔաղաքական իրավունքների միավոր (40ից)Քաղաքացիական ազատությունների միավոր (60-ից)Ընդհանուր միավոր
2016162945
2017153045
2018203151
2019213253
2020223354
2021233255
2022233154
2023233154

Տվյալների աղյուսակից կարելի է նկատել, որ զգալի դրական դինամիկա արձանագրվել է «քաղաքական իրավունքների» բաղադրիչում, մինչդեռ քաղաքացիական ազատությունները աննշան բարելավում են գրանցել, չնայած որ զարգացման հնարավորություններ այս բաղադրիչում առավել են։ Այդուամենայնիվ, «քաղաքացիական ազատությունների» 30 միավոր և ավելը և «քաղաքական իրավունքների»՝ 20 և ավելը, ըստ Ֆրիդոմ Հաուսի մեթոդաբանության, վկայում են այդ երկրում էլեկտորալ ժողովրդավարության առկայության մասին։ Սա նշանակում է, որ Հայաստանը 2018 թվականի հեղափոխությունից հետո դարձել է էլեկտորալ ժողովրդավարություն, սակայն անցումը դեպի լիբերալ ժողովրդավարություն զգալի ջանքեր են պահանջում։

Հատկանշական է, որ «քաղաքական իրավունքներ» բաղադրիչը ներառում է չափանիշներ ընտրական գործընթացների, քաղաքական բազմազանության ու մասնակցության և կառավարության գործունեության մասին։ Զգալի առաջընթացը այս տարիներին գրանցվել է ընտրական գործընթացների ասպարեզում, որոնք կարելի է ասել, որոշակիորեն համապատասխանում են սկզբնական անորոշության, հետագա անփոփոխելիության և պարբերականության սկզբունքներին։ Այս մասով որոշակի վերապահումներին անդրադարձ կկատարվի առանձին։

«Քաղաքացիական ազատությունների» բաղադրիչը ներառում է չափանիշներ խոսքի և խղճի ազատության, կազմակերպությունների և ասոցիացիաների ազատության, իրավունքի գերակայության, անձնական ինքնավարության և իրավունքների վերաբերյալ։ «Քաղաքացիական ազատությունների» ոլորտում Հայաստանը, ըստ Ֆրիդոմ Հաուսի գնահատման, հատկապես զիջում է իրավունքի գերակայության՝ դատարանների անկախության, արդար դատավարության, ուղղությունով։

 Հետհեղափոխական հասարակական և քաղաքական զարգացումները հաշվի առնելով, այդ թվում համաճարակը, պատերազմը, Լեռնային Ղարաբաղի կորուստն ու հայերի տեղահանումը, պետք է արձանագրել հետևյալը։ Հայաստանը կարողացել է ապահովել ռեժիմի դրական որակական փոփոխություն, մասնավորապես ընտրությունների մրցակցայնության և քաղաքական դաշտի ներառական ու բազմազան լինելու ասպարեզում։ Այդուամենայնիվ, խնդրահարույց են մնում, մանավանդ ՏԻՄ-երում, հետընտրական գործընթացները, որոնք հնարավորություն են տալիս կենտրոնական իշխանություններին քաղաքական իմաստով փոփոխել ընտրությունների արդյունքները։ Հայաստանը նաև որոշակիորեն պահպանում է քաղաքացիական ազատությունների և իրավունքների ոլորտում ձեռքբերումը, սակայն պետք է փաստել, որ 2018 թվականից հետո էական առաջընթաց առկա չէ։ Վերոնշյալ ձեռքբերումը առավելապես կարելի է վերագրել օբյեկտիվ իրականությանը՝ (ժամանակի ոգուն՝ zeitgeist) հասարակության սոցիալ-տնտեսական զարգացումներին, քան որևէ քաղաքական-իշխանական առաջնորդությանն ու կամքին։ Վերջին պնդման լավագույն փաստարկը, իշխանության փոփոխականի, գրեթե աննշան ազդեցությունն է այս ցուցիչի վրա։

Հայաստանում ժողովրդավարության զարգացման հեռանկարները

Եղած իրականության և տվյալների հիման վրա հարկավոր է հասկանալ թե ինչ հեռանկարներ են առկա Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար։ Այս խնդիրը բացահայտելու համար հարկավոր է պատասխանել մի քանի հայեցակարգային հարցերի՝

ա) որքանով է ռեժիմի փոփոխությունը գծային կամ այլ կերպ՝ արդյոք կան որոշակի ելքային քաղաքական, հասարակական տվյալներ, որոնք պատճառահետևանքային կապով հանգեցնում են ժողովրդավարության

բ) արդյոք Հայաստանը իր օբյեկտիվ տնտեսական, իրավական, սոցիալական ինստիտուտներով պայմանավորված չի գտնվում ռեժիմի իրեն համապատասխան կարգավիճակում և որ Հայաստանում ժողովրդավարական զարգացման համար հարկավոր է այլ սոցիալ-տնտեսական մոդել

գ) որքանով է Հայաստանի (այլ փոքր երկրների ևս) ռեժիմի որակը պայմանավորված արտաքին միջավայրով՝ այդ թվում էքստեռնալ շոկերով

Մինչ այս հարցերին պատասխանելը, պետք է ընդգծել, որ դրանք ճշգրիտ պատասխան չունեն և առավելապես կախված են հետազոտող սուբյեկտից։

Ժողովրդավարության զարգացման գծային լինելու մասով՝

Այս մասով պետք է պնդել, որ այս գործընթացը, որքան էլ կախված լինի օբյեկտիվ կառուցվածքային տվյալներից, բացարձակապես գծային չէ, և երկրները նմանատիպ սոցիալ-տնտեսական մոդելով, ինստիտուցիոնալ միջավայրով կարող են հայտնվել տարբեր քաղաքական ռեժիմներում։ Ասվածի լավագույն օրինակը Ղրղզստանն է, որը երբեմնի էլեկտորալ ժողովրդավարություն էր։ Հիմա այն դասական իմասով ավտոկրատիա է, առանց միջնաժամկետ հեռանկարում ժողովրդավարական զարգացման։ Այսպիսով, էլեկտորալ ժողովրդավարության ձեռքբերումը ժամանակի ընթացքում գծային իմաաստով չի հանգեցնելու ժողովրդավարության ամրապնդման (կոնսոլիդացիայի)։ Հայաստանի և առավելապես քաղաքացիական հասարակության համար սա նշանակում է, որ ժողովրդավարական հարցերն ու պահանջները, ինչպես օրակարգային էին մինչև 2018-ը, այնպես էլ պետք է լինեն հիմա։ Եվ որ ժողովրդավարության հետընթացը դետալային, աստիճանական և աննկատ գործընթաց է[iv], որին հակազդելը մշտական աշխատանք ու ջանք է պահանջում։  

Ասվածի տրամաբանական շարունակությունն է հաջորդ՝ ներկա ռեժիմի օբյեկտիվ լինելու հանգամանքի, հարցին անդրադառնալը։ Քաղաքական համակարգի մրցակցային և մասնակցային լինելը, իրավունքների և ազատությունների որոշակի մակարդակը, որքան էլ որ արդյունք լինեն, օրինակ՝ աճող տնտեսության (ՀՆԱ-ի մեկ անձի ցուցանիշի), կապիտալի արտահոսքի մեծ ծավալներին[v], ինչը էլիտաներին չի ստիպում կոշտ հակադրվել ժողովրդավարական պահանջներին[vi], այդուամենայնիվ քաղաքական գործոնները զգալի նշանակություն ունեն և թուլացնում են Հայաստանում ռեժիմի օբյեկտիվ լինելու պնդումը։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ կապիտալի արտահոսքի կապը ժողովրդավարացման հետ վերաբերվում է նրան, թե իշխանության և էլիտաների ակտիվները ինչ տեսքով և լիկվիդայնությամբ են։ Լիկվիդային՝ արտահանելի ակտիվների դեպքում, էլիտաները պակաս հակված կլինեն ժողովրդավարական պահանջները ուժով ճնշելուն և ավելի հակված զիջումների գնալուն։

 Հայաստանում վերոնշյալ քաղաքական կարևոր գործոններից են՝ քաղաքական և ընտրական գործընթացներին հանրության խիստ ցածր մասնակցությունը և դրանից բխող լեգետիմության խնդիրները, որպես այլընտրանք ժողովրդավարական արժեքներով ընդդիմության գրեթե բացակայությունը, քաղաքականության և փողի-օլիգարխիայի սերտաճումը, զսպումների և հակակշիռների ինստիուտի կիրառության փորձված չլինելը։ Այս իմաստով Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ինստիտուցիոնալ կրիտիկական կետ են։ Եվ կարևոր է ոչ միայն իշխանության, այլ նաև ժողովրդավարական պլատֆորմ ունեցող ընդդիմության գրանցած արդյունքները։ Քանզի, հանրային մեծ անտարբերությունը, նույնիսկ ժողովրդավարական ընտրությունների և արդյունքների դեպքում, միշտ էական ռիսկ է պարունակում, իշխանության ոչ-ժողովրդավար ճանապարհով փոփոխության։

Եվ անդրադառնանք արտաքին գործոնին՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացման համատեքստում։ Պետք է նախ նշել, որ ժողովրդավարական, լավ կառավարման բարեփոխումները  ծախսատար գործընթաց են՝ մարդկային, ֆինանսական, ժամանակային ռեսուրսների առումներով։ Հետևաբար, այդ ռեսուրսների սակավություն ունեցող փոքր երկրների համար արտաքին աջակցությունն առանցքային է։

Սակայն միջազգային հարաբերություններում նոր միտումները, կապված ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխության հետ, ցույց են տալիս, որ ժողովրդավար լինելը այլև խրախուսելի չէ՝ առնվազն ԱՄՆ աջակցության համատեքստում։ Սա էականորեն բարդացնելու է փոքր երկրների ժողովրդավարության ամրապնդման ջանքերը, որոնք կարող են հանդիպել և հանդիպելու են ներքին և արտաքին խոչընդոտների։ Հայաստանի դեպքում ԱՄՆ-ից ժողովրդավարությանը տեխնիկական և քաղաքական  աջակցության նվազումը և դրա նույն ծավալներով ԵՄ-ից ստանալու անհնարինությունը շատ խոցելի իրավիճակ է ստեղծելու ժողովրդավարության համար։ Առաջին կետով նշված քաղաքացիական հասարակության դիմադրողականությունը մեծապես հիմնվում էր հենց արտաքին աջակցության վրա։ Բացի այդ Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է տարածաշրջանում ավտորիտար միջավայրը, որի համար Հայաստանում ներքին թույլ լեգիտիմություն ունենալը և այդ  լեգիտիմությունը արտաքին կախվածությամբ փոխարինելը Հայաստանում ազդեցություն ունենալու գլխավոր լծակն է դառնում։

Եզրակացություն

Ամփոփելով վերոգրյալը, կարևոր է ընդգծել մի քանի դիտարկումներ ու եզրակացություններ։ Ներկայում, Հայաստանում ժողովրդավարությանը խոչընդոտող ռիսկերն առավել են, քան Հայաստանի ինստիտուցիոնալ դիմադրողական կարողությունը։ Սակայն, սա չի նշանակում, որ այդ ռիսկերը արդիականանալու են միաժամանակ։ Ռիսկերի մասնակի, տարբեր ժամանակներում արդիականանալու դեպքում Հայաստանի ինստիտուցիոնալ միջավայրը ժողովրդավարական կարգը պահպանելու բավարար հնարավորություններ և կարողություններ ունի։ Բացի այդ, կարևոր է նշել, որ քննարկված ռիսկերը ժամանակի ընթացքում ևս ենթակա են որակական փոփոխություններ՝ պակաս կամ ավելի ազդեցիկ դառնալու։ Այդուամենայնիվ, պետք է գիտակցել, որ ռիսկերի արդիականանալու դեպքում, հետահայաց Հայաստանում ժողովրդավարությունը, ինչպես Ղրղզստանում, կարող է դիտարկվել, ոչ թե որպես օրինաչափություն, այլ բացառություն։ Հետևաբար, Հայաստանի ժողովրդավարական ապագայով հետաքրքրված բոլոր՝ ներքին և արտաքին սուբյեկտները պետք է համակարգված և հետևողական ջանքեր ներդնեն վերոնշյալ ռիսկերի կառավարման նպատակով։


[i] https://freedomhouse.org/country/armenia/freedom-world/2019; https://www.v-dem.net/data_analysis/CountryGraph/

[ii] https://copese.org/wp-content/uploads/2020/11/Democratic-regression-in-comparative-perspective-scope-methods-and-causes.pdf

[iii] Alvarez, M., Cheibub, J. A., Limongi, F., & Przeworski, A. (1996). Classifying political regimes. Studies in comparative international development, 31, 3-36.

[iv] Levitsky, S., & Ziblatt, D. (2019). How democracies die. Crown.

[v] https://tradingeconomics.com/armenia/capital-flows

[vi] Boix, C. (2003). Democracy and redistribution. Cambridge University Press.

Լուսանկարը՝ CNN-ի

Տիգրան Մուղնեցյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037