Ընդդիմադիր «սթրես»՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ

հեղ․ RCSP

Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին կողմերի հայտարարություններն արտաքին աշխարհից դրական ու ջերմ ազդակներ ստանալուց բացի՝ կտրուկ արձագանքներ ունեցան նաև ՀՀ ներքին քաղաքական դաշտում։ Եվ եթե իշխանություն կազմող քաղաքական ուժը հանդես է գալիս համաձայնագիրը պաշտպանելու տեսանկյունից, ապա ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մոտեցումները տարբեր են։ Իրենց որպես «չեզոք» քաղաքական ուժեր ներկայացնող ընդդիմադիրներն առավելապես պահանջում են համաձայնագրի տեքստի հրապարակում, իսկ արմատական ընդդիմադիրները հանդես են գալիս համաձայնագրում հանրությանը հայտնի կետերի վերաբերյալ քննադատություններով և փաստաթուղթը որակում են «հակահայկական»։

Արմատական ընդդիմադիրների խոսքերով՝ խնդիրները սկսվում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման կետից։ Ըստ նրանց՝ կասկածելի է, որ Ադրբեջանը փաստաթղթով ճանաչում է 29․743քկմ ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Հարկ է նկատել, որ սա ակնհայտ շահարկում է, քանի որ ըստ համաձայնագրի վերաբերյալ ՀՀ և ԱՀ պաշտոնական հաղորդագրությունների՝ այն ունի տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչման մասին կետ, իսկ սահմանագծման և սահմանազատման երկկողմանի հաստատված կանոնակարգի համաձայն՝ գործընթացի համար հիմք է Ալմա Աթայի 1991թ․-ի հռչակագիրը։ Հետևաբար՝ ՀՀ տարածքային ամբողջականության թվային արտահայտությունը, եթե նույնիսկ տեղ գտած չլինի համաձայնագրի տեքստում, միևնույն է ամրագրվում է ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ստորագրված երկու փաստաթղթերի համակցմամբ։

Ընդդիմադիրների մեկ այլ անհամաձայնություն կապված է միջազգային դատարաններից հայցերի փոխադարձ հետկանչման հետ։ Թեև այս դաշտում Հայաստանը կարող է ակնկալել որոշակի առավելություն Ադրբեջանի նկատմամբ, բայց միջազգային իրավական գործընթացները մեզ համար ևս ռիսկեր են պարունակում։ Նախ՝ անհայտ է, թե ինչ որոշում կկայացվի օրինակ ՀՀ նկատմամբ ահռելի ֆինանսական հայցերով պահանջների վերաբերյալ, որը նախաձեռնել է Ադրբեջանը։ Բացի այդ, վերջին տարիներին միջազգային դատարանների որոշումների նկատմամբ Ադրբեջանն արդեն ցույց է տվել իր քամահրական վերաբերմունքը (օրինակ՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջը), և հիմքեր չկան կարծելու, թե նույնիսկ հաղթանակի դեպքում Հայաստանը կամ արցախահայերը կկարողանան ստիպել Ադրբեջանին կատարել դատարանների վճիռները։

Եվ վերջապես՝ դժգոհության մի մեծ ալիք վերաբերվում է սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարվելու կետին, քանի որ, ըստ նրանց, դա բացառում է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։ Գուցե ընդդիմադիրների մի հատվածի մոտ իսկապես անհանգստություններ կան դիտորդական առաքելության աշխատանքի դադարեցման վերաբերյալ, սակայն ողջամիտ կասկածներ են առաջանում, թե մյուսներն անձնուրաց կերպով պայքարում են հնարավորության դեպքում ՀՀ-ԱՀ սահման ռուսական հատուկ ծառայությունների վերադարձի ճանապարհը չփակելու համար։

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037