Ընդհանուր տեղեկատվություն
Մարտի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ[i] Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Վերջինս իր հերթին հիմնվում է կառավարության՝ Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշման[ii] վրա։ Այս հոդվածում անդրադարձ կկատարվի միայն Գյումրու արտահերթ ընտրությունների կոնտեքստում քաղաքական զարգացումներին և ինստիտուցիոնալ միջավայրին։ Բացի այդ կարևոր է ընդգծել, որ, ըստ էության, այս ընտրությունները, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ վերջին խոշոր ընտրություններն են (եթե այլ համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չառաջանա) և քաղաքական ուժերի, պատասխանատու մարմինների համար որոշակիորեն հանդիսանում են նախապատրաստական։
Գյումրու ավագանու ընտրություններին կմասնակցեն 9-ը քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք, որոնք ներկայացված են ստորև`
- Ապրելու երկիր կուսակցություն
- Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն
- Իմ հզոր համայնք կուսակցություն
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն
- «Մայր Հայաստան» դաշինք (Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություն, Իմ պայքար, իմ հայրենիք կուսակցություն)
- «Մեր քաղաքը» դաշինք (Հայրենիք կուսակցություն, Միացյալ Հայաստան կուսակցություն)
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն:
- «Եվրադաշինք» դաշինք (Հանրապետություն կուսակցություն, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն)
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանված է 4%, իսկ դաշինքների համար՝ 6%: Հատկանշական է, որ ի տարբերություն Ազգային ժողովի ընտրությունների, եթե անգամ մեկ կամ երկու ուժ հաղթահարի անցողիկ շեմը, հենց նրանցից էլ կձևավորվի ավագանին։ Մինչդեռ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում օրենսգիրքը նախատեսում է, որ առնվազն երեք ուժ մասնակցի մանդատների բաշխմանը։
Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է մարտի 15-ին և կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ՝ մարտի 29-ին։ Քարոզչության բովանդակության, մասնակիցների խոսույթի վերլուծության արդյունքում կարող ենք նշել, որ ընտրությունները համայնքային և հանրային մեծ հետաքրքրություն են ներկայացնում։
Նախորդ երկու դեպքերում, երբ Գյումրիում ավագանու ընտրություններ էին, քաղաքական ուժերի և Գյումրու բնակիչների մասնակցությունը հետևյալ պատկերն ուներ։
Ընտրություն | Քաղաքական ուժերի թիվը | Քվեարկության մասնակցության տոկոսը |
2016 | 11 | 36.2% |
2021 | 10 | 24% |
Պետք է նշել, որ 2016 թ․-ին նախորդող ընտրություններում Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինները՝ թե՛ քաղաքապետը, թե՛ ավագանու անդամներն ընտրվում էին ուղիղ՝ մեծամասնական ընտրական համակարգով։ Այդ իսկ պատճառով վերոնշյալ չափանիշներով զուգահեռ անցկացնել նախորդող ընտրությունների հետ, տեղին չէ։ Կարելի է կարծել, որ չնայած մասնակից քաղաքական ուժերի քանակի համեմատաբար քիչ լինելուն, մասնակցության տոկոսը առնվազն 2021 թվականի ընտրությունների համեմատ ավելին կլինի։
Նախորդող ավագանուց մինչև արտահերթ ընտրությունների նշանակում․ նախապատմություն
Արդեն լիազորությունները դադարեցված Գյումրի համայնքի ավագանին ձևավորվել էր 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում։ Ընտրություններին մասնակցել էին 10 կուսակցություն և դաշինք։ Ընտրություններում շուրջ 24% մասնակցության պայմաններում որևէ ուժի չհաջողվեց ստանալ ձայների մեծամասնությունը և ինքնուրույն ընտրել համայնքի ղեկավար։ Ավագանու 33 մանդատը բաշխվեց հինգ կուսակցությունների և դաշինքների միջև հետևյալ կերպ՝ Բալասանյան դաշինք՝ 14, Քաղաքացիական պայմանագիր`11, Զարթոնք՝ 4, Հանրապետական և Ապրելու երկիր՝ 2-ական մանդատ։
Համայքնի գործադիր իշխանությունը ձևավորելու, համայնքի ղեկավար ընտրելու նպատակով առաջին երկու տեղերը զբաղեցնող կուսակցությունները՝ Բալասանյան դաշիքն ու Քաղաքացիական պայմանագիրը, համագործակցության հուշագիր ստորագրեցին[iii]։ Վերջինիս արդյունքում քաղաքապետ առաջադրվեց և ընտրվեց Բալասանյան դաշինքի թեկնածուն, իսկ քաղաքապետի տեղակալներ ըտնրվեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուները։ Գյումրին շուրջ երկու տարի կոալիցիոն համաձայնությամբ կառավարլուց հետո Քաղաքացիական պայմանագիրը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարեց համագործակցության մասին հուշագիրը միակողմանի խզելու մասին։ Որպես հիմնավորում նշվում էր, որ «Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով», և «քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»[iv]։ Արդյունքում Քաղաքացիական պայմանագիրը դարձավ ընդդիմություն, իսկ Բալասանյան դաշինքը, որպես ամենամեծ խմբակցություն, ստանձնեց քաղաքի միանձնյա կառավարումը։
Նման ձևաչափով քաղաքի կառավարումը տևեց շուրջ 10 ամիս։ 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իշխող Բալասանյան դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձինք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրեցին ցուցակից դուրս գալու դիմումներ։ Զուգահեռաբար, Բալասանյան դաշինքի ավագանու անդամները, այդ թվում՝ քաղաքապետն ու առաջին տեղակալը ավագանու մանդատները վայր դրեցին։ Ինչի արդյունքում ավագանու թափուր մնացած մանդատները հնարավոր չեղավ լրացնել։ Այս գործընթացները կապակցված էին Սամվել Բալասանյանի, նրա որդու ներգրավմամբ քրեական վարույթների հարուցման հետ, որոնք առնչվում էին հողատարածքների ապօրինի օտարմանը[v]։
Ավագանու 13 մանդատի (1 անձ երկրում չգտնվելու պատճառով չի կարողացել մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնել), այդ թվում քաղաքապետի և տեղակալի պաշտոնների թափուր մնալու արդյունքում առաջացավ կառավարման ճգնաժամ։ Գործընթացների արդյունքում մեծամասնություն դարձած Քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց, որ չեն առաջադրի քաղաքապետի թեկնածու և չեն աջակցի այլ թեկնածություններին։ Չնայած նրան, որ ավագանու 20 անդամով հնարավոր էր օրինական կերպով՝ քվորումի առկայությամբ, ձևավորել նոր քաղաքային իշխանություն և գումարել ավագանու նիստեր, Քաղաքացիական պայմանագիրը իր դիրքորոշումը հիմնավորեց հետևյալով՝ «Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, քանի որ Գյումրիում որոշողը գյումրեցին է, համայնքային իշխանություն ձևավորողը գյումրեցին է և հենց գյումրեցին էլ պիտի որոշի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ համայնքապետը»[vi]։
Հաջորդիվ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարման ճգնաժամից դուրս գալու համար հարկավոր են արտահերթ ընտրություններ, իսկ մինչ արտահերթ ընտրությունները Գյումրիում կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Թե ով կլինի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կորոշվի նախնական ընտրությունների արդյունքում, որոնք Գյումրիում անցկացվեցին դեկտեմբերի 8-10-ը: Հետագայում՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, հենց նախնական ընտրությունների հաղթողն ու նշանակված պաշտոնակատարն էլ կհանդիսանա Քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի թեկնածուն։
Նախնական ընտրություններն անցկացվեցին Գյումրու բնակիչների շրջանում, որում առաջադրվել էր 7 թեկնածու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների և համախոհների շարքերից։ Նախնական ընտրություններում քվեարկեցին Գյումրի համայնքի շուրջ հազար բնակիչներ, արդյունքում հաղթեց Սարիկ Մինասյանը։
Այս գործընթացին զուգահեռ նաև նշվել էր, որ համայնքի ղեկավար պաշտոնակատար նշանակելու համար հարկավոր են օրենսդրական փոփոխություններ։ Այսպես, 2024 թվականի դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովն ընդունեց Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքը11, համաձայն, որի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, և միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»:
Դեկտեմբերի 13-ին վարչապետի որոշմամբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրու նախնական ընտրությունների հաղթող Սարիկ Մինասյանը նշանակվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որը կկատարի իր պարտականությունները մինչև նորընտիր ավագանու լիազորությունների մեկնարկը[vii]։
Եզրակացություն
Ներկայիս տրամադրությունների և քաղաքական իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած հանրային լայն հետաքրքրությանը, մասնակիցների մեջ բացարձակ ֆավորիտ չկա, որը կկարողանա ստանալ քվեների բացարձակ մեծամասնությունը։ Սա նշանակում է, որ առավել կարևոր են դառնում հետընտրական զարգացումները՝ քաղաքային կառավարումը ստանձնելու նպատակով կոալիցիոն նախաձեռնությունները։ Նախորդ փորձը կոալիցիոն կառավարման անհաջող էր, ինչը և հանգեցրեց այս արտահերթ ընտրություններին։ Սակայն այս գործընթացներն են, որոնք կարող են նպաստել քաղաքական առողջ համագործակցությանը։ Մինչդեռ, զուգահեռաբար նաև պահպանվում են հետընտրական շրջանում խնդիրներին ոչ քաղաքական ուղիներով լուծումներ տալու ռիսկերը։ Վերջինս, բացի տարածված լինելուց, խորացնում է քաղաքական համակարգի բևեռացվածությունն ու լարվածությունը։
Տիգրան Մուղնեցյան
[i] https://www.e-gov.am/gov-decrees/item/43869/
[ii] https://res.elections.am/images/Decisions/20.02.25/25.2_A_20-02-2025.pdf
[iii] https://www.azatutyun.am/a/31537061.html
[iv] https://www.azatutyun.am/a/32716921.html
[v] https://www.azatutyun.am/a/samvel-balasanyan-dzerbakalelou-oroshoum-e-kayatsvel-sev-berdi-harakits-hoghataratskneri-%D6%85tarman-gortsov/33162199.html
[vi] https://www.aravot.am/2024/11/08/1453433/
[vii] https://www.e-gov.am/gov-decrees/item/43869/