Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են ռազմավարական շահերի վրա և մի շարք ոլորտներում դինամիկ զարգանում են։ Վերջին ամիսներին Թել Ավիվը և Բաքուն ավելի են սերտացնում հարաբերությունները, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ ինչպես հարավկովկասյան, այնպես էլ մերձավորաարևելյան տարածաշրջանի վրա:
Իսրայել-Ադրբեջան․ չհայտարարված դաշինք
Իսրայելն ու Ադրբեջանը թեև իրենց ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին ֆորմալ հռչակագրեր չունեն, տարիների ընթացքում քաղաքական, ռազմական, էներգետիկ, կիբերանվտանգության, հետախուզական ոլորտներում կարողացել են հաստատել ռազմավարական գործակցություն: Այժմ թե՛ Թել Ավիվում, թե՛ Բաքվում ակտիվորեն քննարկվում են ռազմավարական հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելու հեռանկարները, ինչի խթան կարող է դառնալ էներգետիկ ոլորտում գործակցության խորացումը:
Այս ոլորտում ադրբեջանա-իսրայելական համագործակցությունն ունի երկար պատմություն: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շնորհիվ 2000-ականների վերջից Ադրբեջանը դարձավ Իսրայել նավթի գլխավոր մատակարարներից և ապահովում է այդ երկիր ներմուծվող նավթի մոտ 40%-ը։[i] Հատկանշական է, որ Բաքուն այս ընթացքում Իսրայելում ձևավորել է բավական հուսալի գործընկերոջ կերպար։ Անգամ Գազայում ռազմական գործողությունների ֆոնին, երբ տարբեր երկրներ սկսեցին վերանայել Իսրայելի հետ տնտեսական հարաբերությունները, Ադրբեջանը ոչ միայն չգնաց նման քայլի, այլ հակառակը՝ շարունակեց խորացնել գործակցությունը։
2025 թվականի փետրվարին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (State Oil Company of the Republic of Azerbaijan — SOCAR) ձեռք բերեց Հայֆայից 90 կմ հեռավորության վրա գտնվող, Իսրայելի երկրորդ խոշորագույն բնական գազի հանքավայրի՝ Թամարի, բաժնետոմսերի 10 տոկոսը։
Գործարքի մանրամասները չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ SOCAR-ը բաժնետոմսերը ձեռք է բերել Union Energy-ից, որը 2022 թվականին հանքավայրի բաժնետոմսերի 11%-ը գնել էր մոտ 520 միլիոն դոլարով։[ii] Հատկանշական է, որ նույն հանքավայրում 25% մասնաբաժին ունի նաև ամերիկյան Chevron-ը։[iii]
Մարտի 17-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) ստացավ Միջերկրական ծովում Իսրայելի հյուսիսային տնտեսական գոտու մշակման արտոնագիր:[iv] Այդ տարածքի մոտ 1․700 կմ քառակուսի մակերեսով բնական ռեսուրսները դեռևս չեն ուսումնասիրվել։ Նախագիծը SOCAR-ն իրականացնելու է բրիտանական British Petrolioum-ի և իսրայելական NewMed Energy-ի հետ միասին։ Տրամադրված արտոնագիրը նախատեսում է հետախուզական աշխատանքների իրականացում և, ռեսուրսների հայտնաբերման դեպքում, արդյունահանման նախապատրաստում։
Սա SOCAR-ի արդեն երկրորդ նման արտոնագիրն է։ Առաջինն այն ստացել էր 2023 թ․-ին՝ Լևիաթան հանքավայրի հարակից տարածքում գործունեություն ծավալելու համար։
Դեպի ռազմավարական գործընկերության թարմացում
Էներգետիկ ոլորտում ձեռք բերված այս պայմանավորվածությունները նշանակալի խթան են հանդիսանում Իսրայելի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության համար՝ նոր հեռանկարներ բացելով դրանց զարգացման համար։ Դրան նպաստում են նաև միջազգային զարգացումները, օրինակ՝ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների զգալի սերտացումը, Թրամփի կողմից Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության վերականգնումը և այլն։
Ստեղծված նոր իրողությունների պայմաններում ադրբեջանական կողմի համար ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունների կառուցման հարցում Իսրայելը կարող է կարևոր դերակատարում ունենալ, և այդ ուղղությամբ նկատելի է զգալի ակտիվացում: Մարտի 6-ին Իսրայելի վարչապետի աշխատակազմից հայտարարեցին, որ Թել Ավիվն ԱՄՆ-ի հետ շարունակական քննարկումներ է անցկացնում՝ Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու համար։[v]
Մարտի 8-ին Քնեսեթում տեղի է ունեցել «Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքի ամրապնդում» թեմայով նիստը,[vi] որի օրակարգում էին Ադրբեջան-Իսրայել ռազմավարական գործընկերության արդիականացման, Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան հնարավոր եռակողմ ռազմավարական դաշինքի ստեղծմանը վերաբերող հարցեր։
Այդ օրերին հայտնի դարձավ նաև, որ մի քանի տասնյակ հեղինակավոր ռաբբիներ, որոնք ունեն նաև լայն դիվանագիտական կապեր, նամակներ են ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Աբրահամի համաձայնագրերում Ադրբեջանը ներառելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցները (907-րդ բանաձև) չեղարկելու խնդրանքով:[vii] Խումբը ղեկավարում են ռաբբի Մարվին Հիերը՝ Հոլոքոստի հետազոտություն և հիշողության կենտրոնի ղեկավարը, և րաբբի Էլի Աբադին, որը ԱՄԷ-ի ավագ ռաբբին է և Թրամփի փեսայի, Աբրահամի համաձայնագրի ճարտարապետ Ջարեդ Քուշների մոտ ընկերը:
Այս զարգացումների ֆոնին, ուշագրավ էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը, Մոսկվայում բանակցություններից հետո վերադառնալիս կանգառ կատարեց Բաքվում։ Ո՛չ ամերիկյան, ո՛չ ադրբեջանական կողմը որևէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել այդ կանգառի և հնարավոր շփումների մասին։ Հատկանշական է սակայն, որ իսրայելական մամուլն Ուիտկոֆի այցը ներկայացրեց Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ գործակցության ձևաչափի ստեղծման համատեքստում։[viii]
Աբրահամյան համաձայնագրերին Ադրբեջանի միանալու հեռանկարը բավական ակտիվ քննարկումների փուլում է: Դրանք նախաձեռնվել են Թրամփի նախագահության առաջին շրջանում և միտված էին նպաստել Իսրայելի և մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Մինչ օրս Աբրահամյան համաձայնագրերին են միացել ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սուդանը և Մարոկկոն:[ix] Վերընտրվելուց հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շարունակել այդ համաձայնագրերի ընդլայնումը:
Ադրբեջանի համար այս նախաձեռնությունում ներգրավվելը հետաքրքիր է ոչ միայն Իսրայելի հետ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից, այլ նաև ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունների զարգացման, եռակողմ Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան ֆորմատի ձևավորման առումով, ինչը կամրապնդի նաև տարածաշրջանում Ադրբեջանի դիրքերը: Իսրայելի համար Ադրբեջանի ներգրավումը կարևոր է Իրանի դեմ ճնշումների մեծացման համատեքստում՝ հաշվի առնելով նաև Թրամփի վարչակազմի որդեգրած կոշտ դիրքորոշումը:
Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների խորացումը, ԱՄՆ ներգրավվածությամբ հնարավոր եռակողմ դաշինքի ձևավորման հեռանկարը որոշակի մարտահրավերներ են ստեղծում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Դրանք կարող են ամրապնդել Ադրբեջանի տարածաշրջանային դիրքը` նպաստելով Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակմանը: Միևնույն ժամանակ, տարածաշրջանը կարող է առավել ակտիվ ներգրավվել Իրանի դեմ ԱՄՆ նոր վարչակազմի «առավելագույն ճնշման» քաղաքականության մեջ, ինչը կհանգեցնի իրավիճակի ապակայունացման:
Նարեկ Մինասյան
[i] https://www.thedailyscrumnews.com/the-btc-pipeline-turkiyes-strategic-dilemma-in-supporting-israels-energy-needs/
[ii] https://israeldesks.com/aaron-frenkel-buys-11-of-the-tamar-gas-reservoir-for-usd-520-million/
[iii] https://www.offshore-energy.biz/socar-coming-aboard-chevrons-gas-field-offshore-israel/
[iv] https://x.com/elicoh1/status/1901654698022535266?ref=oc-media.org
[v] https://www.jpost.com/israel-news/article-845076
[vi] https://caucasuswatch.de/en/news/knesset-members-advocate-for-strengthening-trilateral-cooperation-between-israel-the-us-and-azerbaijan-including-bakus-inclusion-in-the-abraham-accords.html
[vii] https://forbes.co.il/e/prominent-rabbis-appeal-to-trump-include-azerbaijan-in-abraham-accords/
[viii] https://www.jpost.com/international/article-846086
[ix] https://www.state.gov/the-abraham-accords