Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո կտրուկ նվազել են սահմանային միջադեպերը։ Սա արձանագրում են Հայաստանում, Եվրամիությունում և այլուր։ Այս փաստի հետ համաձայնում են անգամ վատատեսները, ովքեր նախկինում հայտարարում էին, թե «հեռադիտակն ու գրիչը» չեն կարող անվտանգային նշանակություն ունենալ։ Այնինչ փորձը ցույց տվեց, որ դիտորդների ներկայությունը սահմանափակում է սադրանքների իրականացման հնարավորությունները՝ ինչպես Ադրբեջանի կողմից, այնպես էլ Ադրբեջանի միջոցով՝ այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից։ Զարմանալի չէ, որ Բաքվում և Մոսկվայում ԵՄ դիտորդական առաքելության նկատմամբ խիստ բացասական տրամադրություններ կան։
2025թ․ հունվարի 29-ից հետո, երբ ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը երկարացվեց ևս 2 տարով, այս հարցի վերաբերյալ հիմնական խոսույթը շրջանառվում էր «խաղաղության համաձայնագրով» նախատեսված՝ սահմանին 3-րդ երկրների ուժեր չտեղակայելու համատեքստում։ Սակայն համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել, ինչը նշանակում է, որ ԵՄ դիտորդները դեռևս չեն հեռանալու, մյուս կողմից էլ՝ համաձայնագրում սևով սպիտակի վրա գրված «սահմանին» բառը հնարավորություն է տալիս նույնիսկ ստորագրման դեպքում որոշակի վերափոխումների միջոցով պահպանել առաքելության հիմնական գործառույթները։
2025թ․ մարտ-ապրիլ ամիսների՝ Ադրբեջանի կողմից Հայաստանին կրակելու մեջ մեղադրելու և ժամանակ առ ժամանակ ՀՀ ուղղությամբ կրակ արձակելու դեպքերը հայտնվել են միջազգային ուշադրության կենտրոնում։ Դրան նպաստել են ԵՄ առաքելության կողմից իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատականները։ Սահմանին այս լարվածության վերաբերյալ միջազգային արձագանքները չեն ուշանում։ Մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոն հայտարարեց իր երկրի մտահոգությունների մասին, որտեղ նա նշում է խնդիրների հաղթահարման նպատակով ԵՄ առաքելության ընդլայնման հնարավորությունը։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներս բազմաթիվ անգամներ նշել ենք ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման կարևորությունը։ Համոզված ենք, որ դիտորդների քանակի և ներկայացվող պետությունների շրջանակի ավելացման դեպքում՝ ՀՀ անվտանգության ամրապնդման այս բաղադրիչի արդյունավետությունը կարող է կտրուկ աճել։ Կարծում ենք՝ ԵՄ դիտորդական առաքելության առավելագույն արդյունավետություն կարելի է ակնկալել մինչև 1000 դիտորդի աշխատանքի դեպքում։ Այս թիվը տոկոսային հարաբերությամբ համադրելի է Վրաստանում դիտորդական առաքելություն իրականացնող առաքելության հետ: Բանն այն է, որ ռուս-վրացական մոտ 920կմ սահմանի ընդամենը 200կմ-ն է ենթարկվում մշտադիտարկման։ Այդ 200կմ հատվածում ակտիվ աշխատանք է տանում մոտ 200 դիտորդ։ Հայաստան-Ադրբեջան սահմանը մոտ 1000կմ է, որն ամբողջությամբ ենթակա է ակտիվ դիտարկման։ Այստեղ այսօր տեղակայված է 209 դիտորդ։ Նրանց աշխատանքի արդյունավետությունը սահմանափակվում է մեծ տարածությունում գործելու օբյեկտիվ դժվարությունների պատճառով։ Հետևաբար, Հայաստանում 1000 դիտորդ է անհրաժեշտ՝ սահմանի ողջ երկայնքով արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու համար։
Ինչ վերաբերվում է Բաքվի կամ Մոսկվայի հնարավոր բացասական արձագանքին, ապա դա չի կարող ավելի մեծ կարևորություն ունենալ, քան ՀՀ անվտանգության ամրապնդումը։ Ավելին՝ եթե Ադրբեջանում ցանկանում են ԵՄ առաքելությունը հեռացնել սահմանից, ապա դիտորդների թվի և ներգրավված կողմերի քանակի ավելացումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ՝ Խաղաղության համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու և, ըստ համաձայնեցված կետի, սահմանից դիտորդներին հեռացնելու համար։
Ռոբերտ Ղևոնդյան