Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների ամփոփում

հեղ․ RCSP

Ընդհանուր տեղեկատվություն 

Մարտի 30-ին Գյումրիում կայացան ավագանու արտահերթ ընտրություններ։ Մեկ այլ աշխատանքում[i] անդրադարձ էինք կատարել ընտրությունների պատճառներին, նախապատմությանը և քարոզարշավի որոշ դրվագների։ Ընտրություններին մասնակցում էր 9 ուժ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարեց 5-ը։ Քվեարկության մասնակիցները կազմում էին ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 42.6%-ը։ Սա համեմատաբար բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններում Գյումրիում երբեք մասնակցության տոկոսը չի գերազանցել 40%-ը, իսկ նախորդ՝ 2021 թվականի ընտրությունները մասնակցության ցուցանիշով ռեկորդային ցածր էին՝ 24%: Որոշակի բարձր մասնակցությունը պայմանավորված էր երկու գործոնով։ Առաջին՝ մասնակից ուժերի բազմազանությամբ և հավակնություններով։ Գյումրիում, ավանդաբար, ընտրություններին մասնակցող և ազդեցություն ունեցող դեմքերը, բացառությամբ՝ երկու-երեքի, որոնք էլ անուղղակիորեն աջակցում էին այս կամ այն թեկնածուին, ներգրավված էին ընտրություններում։ Երկրորդ գործոնը վարչական է՝ ընտրողների ցուցակի որոշակի ֆիլտրումն ու ապահովումը «իրական» ընտրողներով։

ԸնտրությունՔաղաքական ուժերի թիվըՔվեարկության մասնակցության տոկոսը
20161136.2%
20211024%
2025942.6%

Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցան հանգիստ, սակայն որոշակի խնդիրներ, որոնք առկա են երկար տարիներ, դրսևորվեցին նաև այս ընտրություններում։ Մինչ դրանց հատվածաբար անդրադառնալը՝ հարկավոր է ընդգծել, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում միշտ առանձնացել են իրենց պակաս քաղաքական, առավել տեղային, անձնավորված լինելու տրամաբանությամբ։

Նախընտրական քարոզչությունն ու քվեարկության օրը

Թե՛ նախընտրական քարոզչության, թե՛ քվեարկության օրվա ընդհանուր դիտարկումը վեր է հանում մի մեծ խնդիր՝ ՏԻՄ ընտրություններում համամասնական ընտրակարգի թերարժեք գործելը։ Քարոզարշավի ընթացքում քիչ չէին դեպքերը, երբ դաշինքների նախընտրական շտաբների ներկայացուցիչները, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները դժվարանում էին մտաբերել, թե որ կուսակցություններից է կազմված իրենց դաշինքը։ Քաղաքում քարոզչական պաստառների մեծամասնությունից չէր երևում, թե դա որ կուսակցության/դաշինքի պաստառն է, առկա էին միայն թեկնածուի նկարն ու անունը, լավագույն դեպքում՝ քվեաթերթիկի համարը։ Սրա պատճառը ընտրողների շրջանում կուսակցությունների վարկաբեկված լինելն է, ինչն էլ  հանգեցնում է արատավոր շրջանի, երբ թեկնածուները փորձում են չասոցացվել կուսակցությունների հետ։ Չնայած նրան, որ Հայաստանի կուսակցական համակարգը և ՏԻՄ-երում համամասնական ընտրական համակարգը դեռ գտնվում են զարգացման փուլում, սակայն ներկայիս իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ներդրվող ջանքերը բավարար չեն։

Նախընտրական քարոզչությունը, չնայած ընդհանուր հանգիստ մթնոլորտին, զուրկ չէր նաև մի շարք մտահոգիչ դրվագներով։ Շարունակում են խնդրահարույց մնալ վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, երբ նախընտրական շրջանում համայնքային և պետական բյուջեներից չպլանավորված բարեկարգման, վերանորոգման և այլ աշխատանքներ են սկսում իրականացվել։ Շարունակական մեկ այլ խնդիր է ատելության խոսքի շրջանառությունը, որը վերաբերելի է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Շարունակում է նաև խնդրահարույց մնալ մասնակից ուժերի նախընտրական հիմնադրամների հայտարարագրումը։ Այս խնդիրը չի լուծվում նաև վերահսկող մարմնի ոչ պատշաճ արձագանքի պատճառով, որը թերլրացված հայտարարագրերի, մասնակից ուժերի ֆինանսների՝ ոչ թափանցիկ լինելու հարցերում խնդիրներ չի արձանագրում։ Վերահսկող մարմնի ոչ պատշաճ արձագանքը կիրառելի է նաև վարչական ռեսուրսի չարաշահման պարագայում։

Նախընտրական քարոզչության վերջին օրերին տեղեկություն տարածվեց, որ «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների ներկայացուցիչներ են ձերբակալվել[ii] ընտրակաշառք տալու և բարեգործության արգելքը խախտելու համար։ 2018 թվականից հետո ընտրակաշառք բաժանելու դեպքերն զգալիորեն նվազել են, և կարևոր է, որ ժամանակին և իրավաչափ արձագանքը կանխի հնարավոր օրինաչափություն դառնալու՝ դրանց հնարավորությունը։

Քվեարկության օրը նույնպես ոչ համակարգային բնույթի որոշակի խախտումներ էին առկա։ Խնդիրների զգալի մասը կապված էր ընտրական վարչարարության հետ, ինչի պատճառը տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների ոչ բարձր արհեստավարժությունն էր։ Այս իմաստով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ զգալի աշխատանք ունեն կատարելու՝ կապված ՏԸՀ անդամներ պատրաստելու հետ։

Նախընտրական քարոզչության և քվեարկության օրվա դեպքերի նկարագրությանը, խախտումների բովանդակությանը առավել մանրամասն ծանոթանալու համար կարելի է կարդալ դիտորդական առաքելությունների միջանկյալ հայտարարությունները[iii][iv]։ Այս առումով կարևոր է անդրադառնալ նաև սույն ընտրություններում ի հայտ եկած մեկ այլ խնդրի՝ ոչ բարեխիղճ և ոչ պրոֆեսիոնալ դիտորդությանը։ Խոսքը «Հայաքվե» դիտորդական առաքելության մասին է, որը թե՛ նախընտրական քարոզչության, թե՛ քվեարկության օրվա ընթացքում չեզոքություն պահպանելու փոխարեն քարոզչություն էր իրականացնում տեղամասերում՝ որոշակիորեն խոչընդոտելով հանձնաժողովի աշխատանքներին։ Սա կարող է առավել ռիսկային դառնալ համապետական ընտրությունների ժամանակ՝ հաշվի առնելով վերջինիս մասշտաբները։

Ընտրությունների արդյունքներն ու քաղաքապետի ընտրությունը

Ընտրություններին մասնակցած շուրջ 47000 բնակիչների ձայները մասնակից 9 ուժերի միջև բաշխվեցին հետևյալ կերպ։

Մասնակից ուժըՍտացած քվեներըՍտացած քվեների տոկոսը
«Քաղաքացիական պայմանագիր»1718836.2
Հայաստանի կոմունիստական կուսակցություն972720.5
«Ապրելու երկիր»16953.5
«Մայր Հայաստան»29046.1
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն6521.3
«Եվրադաշինք»21134.4
«Դեմոկրատական այլընտրանք»14072.9
«Մեր քաղաքը»738015.5
«Իմ հզոր համայնք»37397.8

Կուսակցությունների համար 4%-անոց, իսկ դաշինքների համար՝ 6%-անոց շեմը կարողացան հաղթահարել «Քաղաքացիական պայմանագիրը», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնքը» և «Մայր Հայաստանը»։ Հետաքրքրական է, որ նախընտրական քարոզչության հատվածում բոլոր ուժերն ընդհանուր ծախսել են շուրջ 117 մլն դրամ, որի գրեթե 50%-ը ծախսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Վերջինս թե՛ հավաքած ձայների, թե՛ ստացած և ծախսած գումարի քանակով առաջատարն է։ Միևնույն ժամանակ, ձայների թվով երկրորդ տեղում հայտնված Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ամենաքիչ գումարն է ծախսել քարոզչական ժամանակահատվածում. այն չի հասնում անգամ 1 մլն դրամի։

Ստացած ձայների համապատասխան՝ Գյումրի համայնքի ավագանու 33 մանդատները անցողիկ շեմը հաղթահարած հինգ ուժերի միջև բաշխվել են հետևյալ կերպ։

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 14 մանդատ;

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 8 մանդատ;

«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ;

«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ;

«Մայր Հայաստան» դաշինք՝ 2 մանդատ։

Քանի որ որևէ ուժ չունի մանդատների մեծամասնությունը՝ 17 մանդատ, հետևաբար, օրենքի ուժով որևէ ուժի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձ չի կարող համարվել ընտրված համայնքի ղեկավար։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ այդ դեպքում տեղի են ունենում ավագանու նիստում համայնքի ղեկավարի բաց ընտրություններ, որում համայնքի ղեկավար է ընտրվում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն ստացած թեկնածուն։ Որևէ թեկնածուի՝ ձայների մեծամասնությունը չստանալու դեպքում անցկացվում է երկրորդ փուլ, որտեղ համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն։

Ընտրությունների արդյունքների ամփոփումից շատ չանցած երկու ուժ՝ «Իմ հզոր համայնք»-ը և «Մայր Հայաստան»-ը, հայտնեցին ընդդիմադիր ամենաշատ քվեներ ստացած թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին, որպես համայնքի ղեկավարի թեկնածուի, աջակցելու մասին[v]։

Այդուամենայնիվ, միայն վերոնշյալ երկու ուժերի և Հայաստանի կոմունիստական կուսակցության ավագանու անդամների ձայները չեն հասնում մեծամասնություն պահանջող 17 մանդատի շեմին։ Երրորդ ամենաշատ քվեներն ստացած «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակի առաջին համար Մարտուն Գրիգորյանը, վերոնշյալ ուժերի կողմից աջակցություն հայտնելուց օրեր անց, հայտարարեց[vi], որ ավագանու անդամներն անհրաժեշտ թվով քվեներ կտան Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանի հայտարարության տեքստում կարելի է նաև որոշակի ափսոսանք գտնել այն փաստի առթիվ, որ երկու ուժերը շտապեցին աջակցել երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանին՝ փակելով համագործակցության այլ տարբերակների՝ այլ քաղաքապետի թեկնածու ունենալու հնարավորությունը։

Ապրիլի 16-ին Գյումրի համայնքի ավագանու կայացած նիստում Վարդան Ղուկասյանը ավագանու 18 ներկա անդամների կողմից 18 կողմ ձայներով ընտրվեց համայնքի ղեկավար։ Բացի Ղուկասյանից՝ այլ թեկնածուներ առաջադրված չէին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստին չէր ներկայացել։ Բացակայությունը «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը բացատրեց նրանով, որ Գյումրիում կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է, և հարկավոր է գնալ նոր, արտահերթ ընտրությունների[vii]։

Եզրակացություն

Ամփոփելով՝ կարևոր է անդրադառնալ մի քանի ուղղությունների։ Նախ, քաղաքական ուժերի բաշխվածությունը ավագանում, առկա բևեռացումը, պետական և տեղական իշխանությունների հակասությունները վկայում են Գյումրիում կառավարման ճգնաժամի բարձր ռիսկերի մասին։ Եվ, հավանաբար, ավագանու այս կազմի ճակատագիրը, լիազորության ժամկետներն ուղղակի կախված կլինեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից և, գուցե, անգամ դրա նախապատրաստական շրջանից։

Շարունակում են խնդրահարույց մնալ ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման, իրավական պահանջներին ոչ համապատասխան վարքի դեպքերը, որոնք, մեծ հավանականությամբ, կհանդիպեն նաև խորհրդարանական ընտրություններին։ Մտահոգիչ են ընտրակաշառքի տարածման դեպքերը, որոնք, պետք է հուսալ, հատվածային տեղ են ունեցել և կկանխվեն համապետական ընտրություններում։ Սակայն կարևոր է ընդգծել, որ եթե Գյումրիում պետական և իրավապահ ռեսուրսը կարգուկանոն ապահովելու համար ներգրավված էր, համապետականի դեպքում այդ ռեսուրսը, մեծ մասշտաբների պատճառով, գուցե բավարար չլինի։

Քաղաքական իմաստով՝ այս ընտրությունները պետք է տրամաբանորեն տարանջատել համապետական ընտրություններից և խուսափել արդյունքները համապետականի վրա պրոյեկտելուց։ Ավանդաբար, տեղական ընտրությունները կենտրոնացած են եղել անձերի-հեղինակությունների, ոչ՝ քաղաքական օրակարգերի շուրջ։ Չնայած նրան, որ շեմը հաղթահարած ընդդիմությունը, մի կողմ դնելով ներքին հակասությունները, կարողացավ քաղաքային իշխանություն վերցնել, պետք է հիշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում ինքնուրույն իշխանության չի էլ եղել։ Այս իմաստով, գուցե, Երևանի ընտրություններն ավելի մոտ են համապետականի տրամաբանությանը։ Առնվազն նրանով, որ ընտրողների թիվը շուրջ 8 անգամ ավել է, քան Գյումրիում, իսկ ընտրություններն ավելի քաղաքական են։ Եվ երևանյան մի հսկա ընտրազանգված դեռ շարունակում է փնտրել իրեն նախընտրելի քաղաքական ուժ և թեկնածու, ինչը Գյումրիի դեպքում չկար։

Տիգրան Մուղնեցյան


[i] https://rcsp.am/entry/6751/gyumri-hamaynqum-avaganu-artahert-yntrutyunnerin-yndaraj/

[ii]https://www.anticorruption.am/hy/news/view/380?fbclid=IwY2xjawJpuFlleHRuA2FlbQIxMQABHnDo40JvbKZ1FJgQj4F7m0PNy-Vw0cTgYHZpLXOYTVlJfQpgv00_9HnBipbf_aem_4I_oanaAHnh3UisikBYUyw

[iii] https://www.transparency.am/hy/publication/pdf/393/11847

[iv] https://hcav.am/ind-obs-31-03-2025/

[v] https://www.civilnet.am/news/825579/%d5%b6%d5%a1%d5%ad%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%af%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%b8%d6%82%d5%aa-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf-%d5%a7-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac-%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6-%d5%b2%d5%b8%d6%82%d5%af%d5%a1%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6/?fbclid=IwY2xjawJfYnxleHRuA2FlbQIxMQABHtw3yyGEr_xMgdcbo3oNvtW8UaSsirRrrIxkmK_xakHNECiMnOqIw0QJv29S_aem_PFcFvmipliKJZ3Ags_QVmw

[vi] https://www.azatutyun.am/a/martoun-grigoryani-dashinky-anhrazhesht-tvov-kvener-kta-vardan-ghoukasyanin/33373752.html

[vii] https://www.1lurer.am/hy/2025/04/16/1/1297557

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037