Հայ-ռուսական հարաբերությունների աշխարհաքաղաքական համատեքստը և Ռուսաստանի ձգտումները տարածաշրջանում՝ սկսած 1990-ականներից
Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, որպես Խորհրդային Միության ժառանգորդի, որը պարտվել է Սառը պատերազմում, պահպանել է նախկին պետության արտաքին քաղաքականության մի քանի իներցիոն դրսևորումներ՝ դեռ 1990-ականների սկզբից, թեև դրանք ավելի արտահայտիչ դարձան 2000-ականներից: Ռուսական արտաքին քաղաքականության հիմնական տարրերն էին ետխորհրդային տարածաշրջանում ազդեցության պահպանումը, Արևմուտքի և դրա հետ ասոցացվող ռազմաքաղաքական կառույցների (ՆԱՏՕ) հետ մրցակցային հարաբերությունները, Ռուսաստանի ներքին քաղաքական զարգացումներում մտահոգիչ շարժումների և գաղափարական ընթացքների չեզոքացումը (սկզբնական շրջանում՝ անջատողական շարժումների և քաղաքական իսլամի, հետագայում՝ «գունավոր հեղափոխությունների» և քաղաքական ընդդիմության):
Արևմուտքը Խորհրդային Միության փլուզումից հետո ընդունում էր ռուսական կողմի, որպես գերագույն իրավարարի, լեգիտիմ շահերը ետխորհրդային տարածաշրջանում, որը կարող էր լուծել վտանգավոր միջպետական և էթնիկ կոնֆլիկտներ (Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսեթիա, Մերձդնեստր, Տաջիկստան): Նույն պատճառով Արևմուտքը Ռուսաստանին սատարում էր նախկին ԽՍՀՄ-ի միջուկային զենքի միակ սեփականատերը դառնալու ուղղությամբ՝ դիտարկելով նրան որպես ավելի կանխատեսելի և լեգիտիմ կողմ, քան ետխորհրդային այլ երկրների, որոնք ունեին նման զինանոց իրենց տարածքում (Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան):
Ռուսաստան-Արևմուտք առաջին ակնհայտ աշխարհաքաղաքական հակասություններն ակնհայտ դարձան դեռևս 1990-ականների կեսերից՝ նախկին Հարավսլավիայի տարածքում միջէթնիկ հակամարտությունների և 1999թ. Հարավսլավիայի ռմբակոծությունների հետ կապված: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հակամարտության նոր փուլը էսկալացիոն դինամիկա սկսեց 2003-2004թթ., երբ Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցան հեղափոխություններ՝ նոր, արևմտյան կողմնորոշմամբ քաղաքական էլիտաների և գաղափարների ներքո: Զուգահեռաբար, 2004թ. ԽՍՀՄ-ի երեք նախկին հանրապետություններ՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան դարձան ՆԱՏՕ-ի անդամ: Նույն սցենարի կրկնությունը ետխորհրդային այլ պետությունների պարագայում (ներքին փոփոխություններ՝ նոր արևմտամետ էլիտաներով, և արտաքին կողմնորոշում՝ ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին և արևմտյան այլ կառույցներին անդամակցությամբ) բերեց ռուսական կողմի դիրքորոշումների կարծրացմանն ու ետխորհրդային տարածաշրջանի համար ուղիղ և ավելի վճռական պայքարի, որի արտահայտությունը 2007թ. Վ. Պուտինի մյունխենյան ճառն էր[i]։ Դրան հետևեցին 2008թ. Ռուսաստանի ռազմական ագրեսիան Վրաստանի դեմ՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի փաստացի բռնազավթմամբ, Ղրիմի բռնազավթումը, 2014թ. դոնբասյան պատերազմը: Նույն տրամաբանության զարգացում է նաև 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմը:
2008թ. հետո Ռուսաստանն ակտիվացավ նաև Հարավային Կովկասում՝ փորձելով ուղիղ միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Այդ ձևաչափը ենթադրում էր միջանկյալ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչը նշանակում էր հրաժարվել Հայաստանին միակողմանի աջակցությունից: Ադրբեջանը՝ տարածաշրջանի ամենախոշոր ու էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկիրը, 1990-ականների վերջից ընտրել էր ետխորհրդային տարածքում Ռուսաստանի ինտեգրացիոն ծրագրերը շրջանցող ու դրանց հետ մրցակցող ձևաչափեր (ՎՈՒԱՄ — GUAM – Georgia, Ukraine, Azerbaijan, Moldova) և կարևոր երկիր էր դիտարկվում Ռուսաստանը շրջանցող գազանավթային ենթակառուցվածքների ստեղծման հարցում (Nabucco): Հետևաբար, Ռուսատանի համար Ադրբեջանի հետ քաղաքական առևտուրն առաջնային խնդիր էր Հարավային Կովկասում: Այս գործոնով է պայմանավորված, հատկապես, 2007-2008թթ. սկսած զենքի լայնամասշտաբ վաճառքն Ադրբեջանին, որի ծավալը 2010-ականների վերջին հասավ մոտավորապես 5 մլրդ դոլարի[ii]:
Հետևաբար, Արևմուտքի հետ հակամարտությունը բերում էր Ռուսաստանի՝ իր ազդեցության հիմքերը ետխորհրդային տարածաշրջանում ամրապնդելու վճռականության աճին։ Այդ նպատակի համար օգտագործվում էին տարբեր գործիքներ՝ քաղաքական ճնշում, ռազմական միջամտություն, կոնֆլիկտների լուծմանն ուղղված միջնորդություն, էներգետիկ և տնտեսական շանտաժ և դիվիդենտներ: Սա վերաբերում է հատկապես Ռուսաստանից արևմուտք ընկած (Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա) և Հարավային Կովկասում գտնվող երկրներին, որոնք ունեն Արևմուտքի հետ հարաբերություններն ամրապնդելու այլընտրանքի հնարավորություն: Կենտրոնական Ասիայի երկրների այլընտրանքի հնարավորությունը դեպի արևմուտք սահմանափակված էր աշխարհագրական գործոններով և Հարավային Կովկասով, իսկ Չինաստանի հետ կոմունիկացիաները դեռ զարգացման փուլում էին:
Ռուսաստանի և Հայաստանի նոր ձգտումները Հարավային Կովկասում և հարաբերությունների հնարավոր սցենարները
Ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանի ձգտումները Հարավային Կովկասում միտված են ազդեցության պահպանմանը կամ թուլացման տեմպերի կասեցմանը՝ հետագայում ուժեղացնելու ակնկալիքով: Այստեղ կարելի է որպես ընդհանուր տրամաբանություն նշել այն, որ եթե Ռուսաստանի հնարավորությունները (քաղաքական, ռազմական, խոչընդոտող միջազգային այլ ակտորների թույլտվություն կամ անգործություն) բավարարեն, այդ երկիրը կձգտի հեգեմոնիա ունենալ ողջ տարածաշրջանի վրա, իսկ եթե չբավարարեն, երկրներից միայն մեկի նկատմամբ, որը կծառայի որպես գործիք մյուս կողմերի դեմ:
Ամենահետաքրքիր երկիրն այս տեսակետից Ադրբեջանն է, որն ունի առանցքային դեր Թուրքիայից և Եվրոպայից Կենտրոնական Ասիա գնացող բոլոր կոմունիկացիոն ծրագրերի համատեքստում: Ադրբեջանը, սակայն, ունի նաև արտաքին հովանավորություն Թուրքիայի տեսքով, և հնարավոր ռուսական ճնշումներն այդ երկրի վրա սահմանափակ են: Հետևաբար, հենց ադրբեջանական կողմի լոյալության համար ռուսական կողմը պատրաստ է գնալ զիջումների և այդ կողմին հետաքրքիր առաջարկների (քանի որ շանտաժի գործիքներն ավելի սահմանափակ ու ռիսկային են): Սա մի միտում է, որն ակնհայտ էր հայ-ռուսական հարաբերություններում 2010-ականների սկզբից՝ հայկական կողմից զիջումների շնորհիվ ներգրավել Ադրբեջանը ռուսական ազդեցության գոտի կամ դարձնել լոյալ երկիր, և այս տրամաբանությունը տարածաշրջանի ռուսական հեգեմոնիայի պարագայում մնում է ակտուալ: Ռուսական կողմի հիմնական և հեռավոր նպատակն է՝ պահպանել վերահսկողությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների նկատմամբ և թույլ չտալ, որ հայ-ադրբեջանական կարգավորումը տանի իր դիրքերի թուլացմանն ու ստեղծի Հարավային Կովկասի տարածքից դուրս գալու առիթ (Գյումրիի 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները՝ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմանին):
Ելնելով նշվածից՝ հայկական և ադրբեջանական կողմերի մարտավարությունը Ռուսաստանի հետ կախված է արտաքին այլ կողմերի ներգրավվածությունից (առաջին հերթին՝ ԱՄՆ-ի), որոնց միջոցով կարելի է չեզոքացնել հնարավոր ռուսական միջամտությունը։ Ինչքան մեծ լինի Արևմուտքի ներգրավվածությունն, այնքան մեծ է նաև կողմերի վճռականությունը՝ հակադարձել ռուսական գործոնին և գնալ հարաբերությունների փոխադարձ կարգավորման:
Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության ապագա սցենարներին անդրադառնալիս կարևոր են մի քանի գործոն, որոնք այդ սցենարները կառուցելու համար հանդես են գալիս որպես աքսիոմներ:
Առաջինը՝ ուկրաինական պատերազմի արդյունքները և Ռուսաստանի ռեսուրսները դրանից հետո: Եթե ռուսական կողմը պահպանի բավարար ռեսուրսներ, ապա իր հիմնական մարտավարությունը Հարավային Կովկասում լինելու է սեփական շահերի մաքսիմիզացման քաղաքականությունը և ամբողջ տարածաշրջանը՝ բոլոր կողմերով, իր ազդեցության տակ պահելը:
Եթե տարբեր պատճառներով Ռուսաստանի՝ տարածաշրջանում միջամտելու հնարավորությունները սահմանափակվեն, ապա հիմնական մարտավարություն կարող է դիտարկվել գոնե մի կողմի վրա ազդեցության պահպանումը, ինչը հնարավորություն կտա ազդել նաև այլ կողմերի վրա: Այստեղ ավելի խոցելի են Հայաստանը և Վրաստանը:
Տարածաշրջանային հիմնական խնդիրը, որ խոցելի է դարձնում բոլորին, հայ-ադրբեջանական հակամարտությունն է, որը հնարավորություն է տալիս ռուսական կողմին՝ պահպանել ազդեցության լծակները ողջ տարածաշրջանի նկատմամբ:
Հակամարտության պահպանման դեպքում եթե Ռուսաստանը կորցնի իր ազդեցությունը Վրաստանի և Ադրբեջանի վրա (որոնք դառնում են Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի ուղի), բայց պահպանի Հայաստանի վրա, այն կարող է կտրել Վրաստանով անցնող Արևելք-Արևմուտք գծով բոլոր կումունիկացիաները, որոնք գտնվում են Հարավային Օսեթիայում (կամ Ցխինվալի շրջանում) ռուսական ազդեցության սահմանից 350 մ (դեպի Սև ծով տանող մայրուղին) և 8,4 կմ (դեպի Սև ծով տանող երկաթգիծը):

Վրաստանի արևելքից արևմուտք տանող հիմնական կոմունիկացիաները ռուսական վերահսկողության տակ գտնվող Հարավային Օսեթիայի անմիջական հարևանությամբ (կարմիր շրջանակը՝ ներսում)
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պարագայում Արևելք-Արևմուտք գծով կոմունիկացիաները Հայաստանի և Ադրբեջանի կենտրոնական և հյուսիսային հատվածներով հեռու են ՌԴ սահմանից, իսկ Թուրքիայի ներգրավվածությունն այս միջանցքում դրանց անվտանգության հավելյալ երաշխիք է:
Հաջորդ թեզն այն է, որ Արևմուտքի ցածր ներգրավվածության պայմաններում ռուսական հնարավոր ազդեցությանը և միջամտությանը հակադարձելու համար կարևոր է տարածաշրջանային երկրների փոխադարձ մերձեցումը և համագործակցության ստեղծումը:
Վերջին թեզը պնդում է, որ ռուսական ազդեցության պահպանումը ենթադրում է երկրների միջև կամ ներսում որոշակի կոնֆլիկտների կոնսերվացում և հարաբերությունների չլուծված տարրեր:
Տարածաշրջանային երկրների համար վատ սցենարները ենթադրում են Արևմուտքի դիրքերի թուլացում և ռուսական դիրքերի ուժեղացում, իսկ լավ սցենարները՝ Արևմուտքի դիրքերի ուժեղացում, տարածաշրջանային համագործակցություն, կոմունիկացիաների գործարկում:
Մոդել մեկ («ետխորհրդային հեգեմոնիա»/ «ռուսական Անդրկովկաս»).
Ռուսական կողմը Ուկրաինայի պատերազմի ավարտին ԱՄՆ-ի հետ պայմանավորվում է ետխորհրդային տարածաշրջանը իր ազդեցության գոտի ճանաչելու հարցում: Այս պարագայում՝ հարաբերությունների ներկա կոնֆլիկտային բնույթի պահպանման դեպքում, Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ռեսուրսներ չեն ունենա՝ դիմակայելու ռուսական ճնշումներին, և ընդունելու են «Նոյեմբերի 9»-ից բխող ձևաչափը, հատկապես՝ կումունիկացիաների հարցում: Ուժեղացնելով իր դիրքերը Հայաստանում և Ադրբեջանում՝ Ռուսաստանը հնարավորություն է ստանալու ուժեղացնել իր ազդեցությունը նաև Վրաստանի վրա, և Հարավային Կովկասը ամբողջովին կմնա ռուսական վերահսկողության տակ:
Այս մոդելով ռուսական կողմն իր ազդեցության տակ է պահպանում նաև Կենտրոնական Ասիան և չեղարկում է Արևելք-Արևմուտք գծով հաղորդակցության ուղիները՝ Հյուսիս-Հարավ գծով իր առևտրատնտեսական գործունեությունը երաշխավորելու համար:
Մոդել երկու. Հարավային Կովկասը չի ճանաչվում որպես ռուսական ազդեցության գոտի, սակայն ընդունվում է որպես բուֆերային տարածաշրջան, որի երկրները պետք է մնան չեզոք: Այս դեպքում Ռուսաստանը, թեև չի ստանում լիարժեք վերահսկողություն կողմերի ու կոմունիկացիաների վրա, պահպանում է իր ներկա ազդեցությունը և հնարավորություն է ստանում ժամանակ շահել՝ հետագայում իր դիրքերն ուժեղացնելու ակնկալիքով:
Մոդել երեք (Ռուսաստան-Արևմուտք առճակատում Հարավային Կովկասի տարածքում).
Ուկրաինական պատերազմի ավարտի ամրագրումը չի ներառում Հարավային Կովկասի շուրջ որևէ պայմանավորվածություն, և մրցակցությունը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև տարածաշրջանում շարունակվում է: Ռուսական կողմը փորձում է ուժեղացնել իր դիրքերը՝ օգտագործելով տարբեր լծակներ կողմերի վրա․ առևտրատնտեսական ու էներգետիկ կախվածությունը՝ Հայաստանի և Վրաստանի պարագայում, ազգային փոքրամասնությունները՝ Ադրբեջանի: Հայաստանի վրա հնարավոր լծակներից մեկը նաև ներքին քաղաքական դաշտի և ընտրությունների արդյունքի վրա ազդեցությունն է, որը բոլոր սցենարների դեպքում նույնպես ակտուալ է:
Տվյալ դեպքում սցենարների զարգացումը կախված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից և Արևմուտքի ու Թուրքիայի ներգրավվածության ծավալից: Եթե Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական կամք և հավելյալ երաշխիքներ չգտնեն՝ կարգավորելու հարաբերությունները, իսկ Արևմուտքի ներգրավվածությունը թույլ լինի, ռուսական կողմի մրցակցային դիրքերն ավելի հաջողակ կլինեն, իսկ եթե հակառակը, կուժեղանան կարգավորման ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված սցենարները:
Մոդել չորս (կոլապս կամ 1917թ. կրկնություն).
Ուկրաինայում պատերազմի սառեցումը կամ ավարտը Ռուսաստանում բերում է ներքին քաղաքական ճգնաժամի, որի արդյունքում ռուսական կողմը լքում է Հարավային Կովկասը: Տարածաշրջանի համար սա վտանգավոր է Հյուսիսային Կովկասում հնարավոր ռազմական բախումների և Ռուսաստանի հետ առևտրատնտեսական և էներգետիկ հաղորդակցության խնդիրների առաջացման տեսակետից: Վրաստանի և Ադրբեջանի դեպքում վտանգավոր ազդեցությունը նաև ռազմական գործողությունների հնարավոր տեղափոխումն է իրենց տարածք, որտեղ բնակվում են հյուսիսկովկասյան էթնիկ խմբերի ներկայացուցիչներ: Վրացական կողմի համար սա նաև հնարավորություն է՝ լուծել իր անջատված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով, որը նույնպես ունի Հյուսիսային Կովկասից տարբեր խմբերի ներգրավման ռիսկեր: Այս սցենարի հետ կապված՝ կարելի է ակնկալել ռուսական ռազմաբազայի դուրսբերումը ՀՀ տարածքից: Առաջացած խնդիրները Հարավային Կովկասի երկրները կարող են լուծել միայն համատեղ ջանքերով և փոխադարձ հարաբերություններում ռիսկերի մինիմիզացմամբ:
Նշված մոդելներից ամենահավանականը համարում եմ երրորդ մոդելը, թեև նշված գործոնների ազդեցությունը կարող է էականորեն տարբերվել:
Եզրակացություն. Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և Հայաստանի նկատմամբ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ սցենարներով, կախված է մի քանի գործոնից.
ա) Ուկրաինական պատերազմի արդյունքներից և Ռուսաստանի կարողությունների վրա դրա ազդեցությունից
բ) Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ, առանձին պետություններ) և տարածաշրջանային ուժերի (Թուրքիա, Իրան) մրցակցությունից Ռուսաստանի հետ՝ տարածաշրջանում ազդեցության և Արևմուտք-Արևելք գծով կոմունիկացիաների գործարկման ուղղությամբ
գ) Հարավային Կովկասի երեք երկրների միջև հարաբերությունների բնույթից և ուղղվածությունից (կոնֆլիկտ/zero-sum game կամ համագործակցություն):
Բոլոր սցենարների պարագայում կարևոր եմ համարում հատկապես երրորդ կետը՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մերձեցումը և տարածաշրջանային ձևաչափերի ստեղծումը, որը թույլ կտա այս երկրներին մինիմիզացնել հնարավոր ռիսկերը արտաքին գործոնների փոփոխության բոլոր սցենարների պարագայում: Այս համատեքստում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարող է բարձրացնել նաև Վրաստանի դիմադրողականությունը:
Որպես տեսական առաջարկ կարելի է դիտարկել նաև Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա երկրների համագործակցության ձևաչափի ստեղծումը:
Սամվել Մելիքսեթյան
[i] https://www.politico.com/news/magazine/2022/02/18/putin-speech-wake-up-call-post-cold-war-order-liberal-2007-00009918
[ii] https://ria.ru/20180901/1527658900.html