2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հնարավոր մոդելները

հեղ․ RCSP

Ընդհանուր տեղեկատվություն 

2026 թվականի ամռանը Հայաստանում սպասվում են հերթական խորհրդարանական ընտրություններ։ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից և, ըստ այդմ, խորհրդարանական կառավարման անցնելուց հետո Հայաստանում խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են։ Այս իմաստով, խորհրդարանական ընտրությունները դարձել են առանցքային քաղաքական իրադարձություն, և որքան մոտենում են, այնքան հանրային դաշտում դրանց կշիռն ու արժեքն ավելի է բարձրանում՝ փոխկապակցելով դաշտում առկա գործընթացներն ու իրադարձությունները։

Ուշագրավ է, որ վերջին խորհրդարանական հերթական ընտրությունները անցկացվել են 2017 թվականին։ Սա վկայում է վերջին տասնամյակում քաղաքական լարվածության, ճգնաժամերի, քաղաքական բևեռացման առկայության մասին։ Հանուն արդարության պետք է նշել, որ անկախ Հայաստանի ժամանակաշրջանին առավել բնորոշ են քաղաքական ճգնաժամերն ու լարվածությունը, քան՝ դրանց բացակայությունը։ Ինչ-որ առումով, 2018 և 2021 թվականի արտահերթ ընտրությունները, չնայած իրենց բովանդակային տարբերություններին, ծառայեցին վերոնշյալ ճգնաժամերն ու լարվածությունը մասամբ թուլացնելուն։

Նախորդ աշխատանքներից[i] մեկում քննարկելով Հայաստանում ժողովրդավարության ձեռքբերումներն ու հեռանկարները՝ նշվել էր, որ ընտրական գործընթացները բավարարում են ժողովրդավար համարվելու չափանիշներին՝ մրցակցային են և չկանխորոշված արդյունքով։ Այս իմաստով կարևոր է որոշակիորեն ժողովրդավար համակարգում ընտրություններն՝ ընդհանրապես, և 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ մասնավորապես, դիտարկել որպես արժեքների, ռեսուրսների և շահերի վերաբաշխման մեխանիզմ[ii]։

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների սցենարներին անդրադառնալը ներկայումս հետաքրքական է, քանզի հանրային ակտիվ քննարկումների օրակարգում է հայտնվել Գյումրիի ավագանու ընտրություններից հետո, որին առավել մանրամասն անդրադարձ կատարել ենք[iii]։ Վերջինիս արդյունքները հանրային դաշտում ստեղծեցին կանխատեսումներ, համեմատականներ անցկացնելու համար ելման կետ։

2026 թվականի ընտրությունների ինստիտուցիոնալ միջավայրը

Հնարավոր սցենարներ ուրվագծելու համար հարկավոր է կատարել մի քանի արձանագրում։ Նախ, քաղաքականությունը և, մասնավորապես, ստորև քննարկվելիք սցենարները, որոնք վերաբերում են մի տարվա հեռավորության իրադարձությանը, ենթակա են բազում շեղումների և ներառում են բազմաթիվ փոփոխականներ։ Այդ պատճառով պետք է արձանագրել, որ քննարկվելիք սցենարներում ժամանակի և քաղաքական շոկերի փոփոխականները սահմանում ենք ֆիքսված (controlled variable): Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անկայունությունը, բարձր անվտանգային ռիսկերը կարող են ամբողջապես փոխել ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը։ Հետևաբար, այս աշխատանքի կոնտեքստում համարում ենք, որ այդ ռիսկերը մինչև 2026 թվականի ընտրություններ չեն ակտուալիզացվելու, և ներքաղաքական զարգացումները մնալու են ներկայումս գործող տրամաբանության՝ կածանային կախվածության (path dependency) ուղեծրում։

Հաջորդիվ, առանցքային է սցենարներ քննարկելու համար հասկանալ այն ինստիտուցիոնալ կարգավորումները, որոնց շրջանակում և զարգանալու են 2026 թվականի քաղաքական գործընթացները։

Նախ և առաջ, պետք է դիտարկել ընտրական իրավունքի, մասնավորապես՝ ընտրվելու իրավունքի գործոնը։ Համաձայն սահմանադրության՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։ Զուգահեռաբար պետք է ընդգծել, որ սահմանադրությունում նույնական պահանջներ առկա են Կառավարության անդամների և վարչապետի համար։ Ելնելով վերոգրյալից՝ ներկայումս մի շարք քաղաքական տարբեր օրակարգերում շրջանառվող, քաղաքական որոշակի կշիռ ունեցող անձանց՝ 2026թ. ընտրություններում վարչապետի հավանական թեկնածու լինելը բացառվում է, հատկապես՝ ՀՀ քաղաքացիության էքսկլյուզիվության դրույթով պայմանավորված։ Սա հետաքրքրական է, քանզի վերջին տարիներին այդպիսի գործիչներ, ինչպիսիք, օրինակ, Բագրատ Գալստանյանն ու Վարդան Ղուկասյանն են, կարողացել են ստեղծել որոշակի քաղաքական պլատֆորմ և կապիտալ, ինչը կամ վերաձևակերպվելու է գալիք խորհրդարանական ընտրություններին, կամ, առհասարակ, անմասն մնա գործընթացներից։

Հաջորդ կարևոր ինստիտուցիոնալ կարգավորումը անցողիկ շեմն է, որի և մի շարք այլ փոփոխված կառուցակարգերի մասին առանձին անդրադարձ ենք կատարել[iv]։ Հերթական ընտրություններ անցկացնելու դեպքում անցողիկ շեմը կուսակցությունների համար 5%-ից դառնում է 4%, իսկ դաշինքների 7%-անոց շեմը երկու և երեք կուսակցությունների դաշինքների համար դառնում է 8%, իսկ չորս և ավել կուսակցությունների դաշինքների համար՝ 10%: Սա էականորեն դժվարացնելու է դաշինքների՝ խորհրդարան անցնելը և կուսակցություններին մղելու է ընտրություններին առանձին հանդես գալ։ Կարելի է կանխատեսել, որ 2026 թվականի ընտրություններին մասնակիցների թվում դաշինքների համամասնությունն ավելի քիչ կլինի, քան 2021-ին էր։ Վերջինս, սակայն, չի նշանակում, որ, ընդհանուր առմամբ, մասնակից ուժերի թիվը ավել կլինի՝ կուսակցությունների՝ առանձին հանդես գալու հաշվին։ Մասնակից ուժերի թիվը զգալիորեն կախված է այլ փոփոխականներից, և, հավանաբար, կարելի է պնդել, որ մասնակից ուժերը 2021 թվականի համեմատ քիչ կլինեն։ Առհասարակ, 2021 թվականը Հայաստանի պատմության մեջ, կուսակցությունների գրանցման առումով, ռեկորդային էր՝ գերազանցելով անգամ 1991 թվականի ցուցանիշը։ Դրա պայմանավորող գործոններից էին արդեն որոշակիորեն ձևավորված իրավական, քաղաքական և, ինչ-որ իմաստով, ազատական միջավայրը, ընտրությունների բարձր մրցակցային լինելն ու ելքի անորոշությունը, և, ընդհանուր առմամբ, քաղաքական հսկայական ճգնաժամը 2021-ին։

Քաղաքագիտությունում գործող օրինաչափություն կա, երբ համամասնական ընտրակարգը, ինչպես նաև զուգորդվող կուսակցությունների համար ցածր անցողիկ շեմը հանգեցնում է տրոհված (ֆրագմենտացված) խորհրդարանի։ Այս իմաստով, տրոհված խորհրդարանը նշանակում է հարաբերականորեն ավելի շատ ուժերի և, հետևաբար, փոքր համամասնությամբ ներկայացվածություն խորհրդարանում։ 2026 թվականի ընտրությունների արդյունքով կարելի է ակնկալել ներկայիս խորհրդարանից ավելի բազմազան և տարբեր ուժերով ներկայացված խորհրդարան։ Սակայն այստեղ կարևոր է ընդգծել, որ փորձը ցույց է տալիս՝ քաղաքական ուժերին ժամանակ է հարկավոր գործող խաղի կանոնները մարսելու և դրանց հարմարվելու համար։ Հաշվի առնելով, որ 2026 թվականի համար խաղի կանոններն էականորեն փոխվել են, գուցե քաղաքական ուժերը շարունակեն իրենց գործողությունների պլանավորումը նախորդ խաղի կանոնների տրամաբանության մեջ։

Ի՞նչ կազմով կառավարություն սպասել

2026 թվականի ընտրությունների արդյունքներին անդրադառնալիս առանձին պետք է շեշտադրում կատարել կառավարության ձևավորման հնարավոր հեռանկարներին։ Դրա համար հարկավոր է հասկանալ տարբեր ուժերի հնարավոր արդյունքները։

Նախ և առաջ, կարևոր է բացարձակ թվերով քննարկել ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Քանի որ ընտրական տվյալների օբյեկտիվ, չկեղծված լինելու մասին կարող ենք խոսել միայն 2018 և 2021 թվականի ընտրությունների մասին, համեմատական անցկացնելու համար կօգտագործենք միայն դրանք։ Երկու ընտրություններին էլ մասնակցել են շուրջ 1 մլն 200 հզ. մարդ (համապատասխանաբար 48.6% և 49.3%)։ Մասնակցության բացարձակ թիվը մեծապես կախված է նաև ընտրական մթնոլորտից, քաղաքական ուժերի մասնակցության բազմազանությունից։ Ներկա իրավիճակում կարելի է պնդել, որ մասնակիցների բացարձակ թիվը նախորդ ընտրությունների ցուցանիշները հավանաբար չի գերազանցի։ Ինչ վերաբերում է տոկոսին, հնարավոր է այդ ցուցանիշի աճ՝ հաշվի առնելով ԸՕ փոփոխություններն՝ ուղղված ընտրական ցուցակներում ընտրողների իրական թիվն առավել ճշգրիտ արտացոլմանը։

Չնայած՝ Հայաստանում սոցհարցումների արժանահավատությունը ցածր է, մի քանի բան հստակ է։ Հայաստանում առկա է վստահության հսկայական ճգնաժամ կուսակցությունների նկատմամբ, և ենթադրվում է, որ ներկայումս որևէ ուժ չի հավակնում ձայների մեծամասնությունը հավաքելուն։ Ավելին, դեռ լայնորեն բաց է մնում «նախկին-ներկա» տրամաբանության մեջ երրորդ ուժի «հաստիքը»։ Որևէ ուժի կողմից այդ տարածության զբաղեցումը կարող է ձայների բավականին հաջող մոբիլիզացիա ապահովել։

Նման պայմաններում կարելի է կարծել, որ կառավարության ձևավորումը զգալի խոչընդոտների է բախվելու։ Սակայն սահմանադրությունը՝ «կայուն խորհրդարանական մեծամասնության» դրույթով, և դրանից բխող ընտրական օրենսգիրքը զգալիորեն դյուրացնում են գործընթացը, մասնավորապես, հաշվի առնելով ներկա քաղաքական  կոնֆիգուրացիան։ Ընտրությունների արդյունքում որևէ ուժի կողմից մեծամասնություն չհավաքելու դեպքում հնարավորություն է տրվում, վարչապետի թեկնածուի շուրջ համաձայնվելով, կոալիցիա ձևավորել, սակայն՝ առավելագույնը երեք ուժերի մասնակցությամբ։ Սա զգալիորեն նվազեցնում է «Գյումրիի սցենարը», երբ բոլոր ընդդիմադիր ուժերի տարաձայնությունները մի կողմ դրվելու պայմաններում հնարավոր եղավ գործադիրի ղեկավար ընտրել։ Ներկա պայմաններում դժվար է պատկերացնել, որ երեք ընդդիմադիր ուժեր կկարողան կումուլյատիվ 50+% արդյունք գրանցել ընտրություններում և, մի բան էլ, համատեղ վարչապետի թեկնածուի հարցում համաձայնության գալ։

Վերոնկարագրյալի դեպքում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած ուժերը, որոնց կարող են միանալ անցողիկ շեմը հաղթահարած այլ ուժեր ևս։ Սակայն երկրորդ փուլում ընտրությունը տեղի է ունենում այդ ուժերի ներկայացրած վարչապետի թեկնածուների՝ անձերի շուրջ։ Ըստ էության, երկրորդ փուլի ընտրությունները մեծամասնական-նախագահական տիպի ընտրություններ են, որի հաղթողին կառավարություն ձևավորելու համար տրվում են լրացուցիչ մանդատներ։

Եզրակացություն

Ներկա ուժերի դասավորության, իշխանության որոշակի հանրային՝ հարաբերական մեծամասնության աջակցության, ինստիտուցիոնալ կարգավորումների պայմաններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մնում է խորհրդարանում կրկին մեծամասնություն ունենալու և կառավարություն ձևավորելու գլխավոր հավակնորդը։ Այստեղ, սակայն, որոշակի հնարավորություններ են ստեղծվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ընտրությունների առաջին կամ երկրորդ փուլի արդյունքներով կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար։ Պետք է արձանագրել, որ ցանկացած ելքի պարագայում 2026 թվականին սպասվելիք քաղաքական իրադարձությունները, առնվազն սահմանադրական դրույթների համատեքստում, Հայաստանի պատմության մեջ կլինեն առաջին անգամ։

Տիգրան Մուղնեցյան


[i] https://rcsp.am/entry/6545/hayastanum-joxovrdavarutyan-zargacman-gorconnern-u-herankarnery/

[ii] Boix, C. (2003). Democracy and redistribution. Cambridge University Press.

[iii] https://rcsp.am/entry/7121/gyumri-hamaynqum-avaganu-artahert-yntrutyunneri-ampop/

[iv] https://rcsp.am/entry/6009/2026-tvakani-yntrutyunneri-hastatvac-xaxi-kanonnery/

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037