Արդեն հասկանալի է, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունն այս անգամ ավելի թեժ ու տևական է լինելու։ Կողմերը չեն սահմանափակվի միմյանց հասցվող սահմանափակ հարվածներով։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն խոսում է «Իրանի հոգևոր առաջնորդին ֆիզիկապես ոչնչացնելու և կառավարող ռեժիմը փոխելու» մասին, իսկ Այաթոլա Խամենեին իր հերթին սպառնում է ոչնչացնել Իսրայել պետությունը։
Այս իրավիճակում աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ուժերը փորձում են իրենց շահերն իրացնել՝ իրենց հնարավորությունների սահմաններում կողմերից որևէ մեկի դիրքերը պաշտպանելու միջոցով։ Միացյալ նահանգները պնդում է Իրանի կողմից զիջումների անհրաժեշտության մասին, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան խոսում են «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի» մասին, սակայն նաև հայտարարել են իրենց չեզոքության և չմասնակցելու մասին, Ռուսաստանը և Թուրքիան միջնորդական ծառայություններ են առաջարկում, Չինաստանը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանին հարվածները, իսկ Հնդկաստանը կողմերին զսպվածության կոչ է արել և իր աջակցությունն է առաջարկում։
Ինչպես կարելի է նկատել, բացի ԱՄՆ և Չինաստան գերտերություններից, մյուս բոլոր կարևոր խաղացողները հիմնականում չեզոք դիրքերից են հանդես գալիս։ Ֆրանսիայի նախագահը Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում նույնիսկ հույս է հայտնել, որ այս իրադարձությունները անդրադարձ չեն ունենա ֆրանս-իրանական բարեկամական հարաբերությունների վրա։
Այս իրավիճակում Հայաստանը կանգնած էր երկընտրանքի առջև․ տրվել գայթակղությանը և մեղադրել Ադրբեջանի մերձավոր դաշնակից Իսրայելին կամ դրսևորել դիվանագիտական իմաստնություն՝ հանդես գալով չեզոք դիրքերից։
Ցավալիորեն, Հայաստանը շտապողականություն դրսևորեց։ ՀՀ ԱԳ նախարարությունը պաշտոնապես դատապարտեց Իսրայելին և մեղադրեց «ընդհանուր տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը» սպառնալիքի տակ դնելու մեջ։ Մինչդեռ նույն Իրանը երբեք Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերաբերյալ միակողմանի հայտարարություններով հանդես չի եկել, իսկ 2020թ․ դեկտեմբերի 10-ին պաշտոնապես շնորհավորել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ։ Ընդ որում, Ադրբեջանն, իր հերթին, Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ բացարձակապես չեզոք հայտարարությամբ է հանդես եկել։ Մի կողմից՝ նման դիվանագիտական ճկունությունը կարելի է հասկանալ, սակայն մյուս կողմից՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը ևս կարողանա ճիշտ հաշվարկել իր առաջնահերթություններն արտաքին քաղաքական դաշտում։
Հայաստանի այս արձագանքը դիվանագիտական ռիսկեր է պարունակում՝ ոչ միայն և ոչ այնքան կապված Իսրայելի, այլ նրան աջակցող՝ Հայաստանի բարեկամ երկրների հետ (ԱՄՆ, եվրոպական երկրներ և այլն)։ Թեև Իրանը Սյունիքի նկատմամբ ռուս-թուրք-ադրբեջանական հավակնությունները զսպող երկրներից մեկն է, սակայն՝ ոչ միակը։ Բացի այդ, կանխատեսելի չէ, թե Իրանի հնարավոր փոփոխված ռեժիմի նոր ղեկավարությունն ինչպես կվերաբերի Հայաստանի կողմից ներկա ռեժիմին անվերապահ աջակցության փաստին։ Իսկ այն, որ այս պատերազմի արդյունքը կարող է լինել Իրանում ռեժիմի փոփոխությունը, կանխատեսում են շատերը։
Լավ կլիներ, եթե անվտանգության լրջագույն խնդիրներ ունեցող ՀՀ ղեկավարությունը, գայթակղություններին տրվելու փոխարեն, սառը և պրագմատիկ հաշվարկ կատարեր։ Իսկապես, Իսրայելը շատ հեռու է «բարեկամ» երկրների շարքում դասվելուց, սակայն իրավիճակում ճիշտ կողմնորոշվելով՝ կարելի է բոլոր զարգացումների դեպքում ունենալ նվազագույն կորուստներ և օգտվել առավելագույն հնարավորություններից։ Հենց սա պիտի լինի դիվանագետների գործունեության գլխավոր ուղեցույցը։
Ռոբերտ Ղևոնդյան