Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն․ ստեղծման փուլից մինչև ռազմավարական դերակատարում

հեղ․ RCSP

2022 թվականին Հայաստանի Հանրապետությունը կանգնած էր լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ։ Միևնույն ժամանակ, հանրային դիսկուրսը, լուծումներ առաջարկելու փոխարեն, զբաղված էր մեղավորներ փնտրելով։ Ահա այս միջավայրում ծնվեց «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Կենտրոնը հիմնադրեց պատմաբան և քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ փորձագիտական դաշտում առկա վերլուծական և ռացիոնալ լուծումներին միտված աշխատանքների բացը լրացնելու նպատակով։ Կենտրոնի ձևավորումից օրեր անց նրան միացավ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղևոնդյանը՝ կիսելով այն արժեքները, գաղափարական հիմքն ու տեսլականը, որ դրված էին կենտրոնի ստեղծման հիմքում։
Սկզբնական շրջանում կենտրոնի գործունեությունը սահմանափակվում էր անվտանգային հարցերի շուրջ վերլուծություններ, խորհրդատվություններ և մեկնաբանություններ տրամադրելով, որոնք դրսևորվում էին հարցազրույցների, հոդվածների և քննարկումների ձևով։

2023թ․ մարտից մեկնարկեց անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարը։ Այն ապահովում է ամենշաբաթյա վերլուծական դիտարկումներ՝ անդրադառնալով հանրությանը հուզող առանցքային թեմաներին և խթանելով ռացիոնալ դիսկուրսի տարածումը լրատվական ու հանրային դաշտում։ Այն նպաստում է ոչ միայն բարդ ու խնդրահարույց իրավիճակների վերլուծությանն ու մեկնաբանմանը, այլև առաջին հերթին՝ դրանց լուծման ուղիների ձևավորմանը։

Նույն՝ 2023թ․ նոյեմբերին կենտրոնը անցկացրեց հայ–լեհական փորձագիտական կլոր սեղան՝ նվիրված միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերներին։ Առաջիկայում Լեհաստանում կկայանա Հայաստան–ՆԱՏՕ կոնֆերանսը։

2024թ․ մեկնարկեց «Կառուցելով ավելի դիմադրունակ ժողովրդավարություն» բազմաբաղադրիչ ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել ժողովրդավարական համակարգի կայունությունն ու պետության ինքնիշխան ընտրության հնարավորությունները։

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը» դարձել է նաև բազմաթիվ միջազգային կամավորների նախընտրելի վայրն՝ իրենց մասնագիտական փորձառությունը Հայաստանում իրականացնելու համար։ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իռլանդիայից և այլ երկրներից ժամանած պրակտիկանտների համար ԱՔՀ կենտրոնը արժեքավոր հարթակ է՝ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունն ուսումնասիրելու և սեփական հետազոտական աշխատանքների միջոցով իրենց մասնակցությունը բերելու հարցում։ Նրանք կարևոր ներդրում են ունենում՝ փորձագետների աշխատանքները խթանելու համար տրամադրելով որակյալ, փաստահեն և ռացիոնալ վերլուծություններ։

Լինելով «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի» (ներկայում՝ «Ինլայթ») համահիմնադիր և նախկին նախագահ՝ Արեգ Քոչինյանը մշտապես կարևորել է երիտասարդների մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքին։ Այդ պատճառով, 2024 թվականի դեկտեմբերից գործում է կենտրոնին կից «Երիտասարդ Քաղաքագետների Ակումբ» նախաձեռնությունը։ Այն ստեղծվել է՝ նպաստելու երիտասարդների վերլուծական մտածողության զարգացմանը, գիտելիքների խորացմանը և քաղաքական ու հանրային քննարկումներին նրանց ներգրավվածությանը։ Ակումբը կազմակերպում է քննարկումներ, դասընթացներ և հանդիպումներ փորձագետների ու պետական գործիչների հետ։

Մայիսի 2-ին կայացավ ԱՔՀ կենտրոնի «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» խորագրով հետազոտական աշխատանքի շնորհանդեսը, որն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հետ համագործակցությամբ։ Շուտով կհրապարակվի նաև հաջորդ աշխատությունը՝ «Մտքեր և առաջարկություններ Հայաստանի դիմադրունակության ավելացման վերաբերյալ»։

Այսպիսով, չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը» դարձել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի ամենահեղինակավոր մտակենտրոններից մեկը՝ ներքաղաքական կյանքից մինչև աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ տրամադրելով ռացիոնալ ու փաստահեն վերլուծություններ ու առաջարկություններ ։
ԱՔՀ կենտրոնի փորձը փաստում է մեկ բան․ ռացիոնալ վերլուծությունը քաղաքականությունից դուրս չէ, այն կարող է դառնալ պետության ամենաառանցքային պաշտպանիչ շերտերից մեկը։ Իսկ կենտրոնի ստեղծման պատմությունը վկայում է, որ փոփոխությունը սկսվում է ոչ թե խոսքերից, այլ անտարբերության մերժումից և պատասխանատվությամբ գործելու պատրաստակամությունից։

Արփի Պետրոսյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037