Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների միջև երկկողմ կլոր սեղան-քննարկումը

հեղ․ RCSP

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական կառույցների աջակցությամբ, երկու երկրների քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների միջև, քաղաք Երևանում, 2025 թ․ հոկտեմբերի 21–22-ին տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան-քննարկում։ Հայկական կողմից քննարկմանը մասնակցեցին Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացնում էին Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մամեդովան և Դիլարա Աֆանդիևան։ Նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրի և դարձավ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս ձևաչափով առաջին հանդիպումը։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան երկու երկրների հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի՝ ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները հարաբերությունների կարգավորման պարագայում, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց խմբի համատեղ գործողությունների ծրագրի մշակմանը և հեռանկարներին։ Այցի շրջանակում մասնակիցները հանդիպեցին Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Մասնակիցներն ընդգծեցին հասարակական լայն խմբերի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և մեդիայի ներգրավման կարևորությունը։ Հանդիպման ավարտին խումբը հաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ նախաձեռնությունները, որոնք միտված են փոխըմբռնման խորացմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Ընթերցեք նաև