Մենք՝ ս․թ․ հոկտեմբերի 21-22-ը Երեւանում կայացած հայ-ադրբեջանական քաղաքացիական դիվանագիտության կլոր սեղանի մասնակիցներս, մեծ նշանակություն ենք տալիս գործընթացի լուսաբանմանը լրատվամիջոցներում եւ, մեր կարծիքով, լիովին բաց ենք եղել այդ հանդիպման մասին հանրության համար մեկնաբանություններ անելիս։ Շնորհակալություն ենք հայտնում լրագրողներին այս նախաձեռնության նկատմամբ ուշադրության եւ դրա նպատակահարմարությունն ու հեռանկարները մանրակրկիտ հասկանալու ցանկության համար։
Միեւնույն ժամանակ, չենք կարող չնշել այն հրապարակումները, որոնք ակնհայտորեն մեկ նպատակը ունեին՝ վնաս հասցնել մեկնարկող այս երկխոսությանը: 168.am-ը աչքի ընկավ հանդիպման «կուլիսային» մանրամասները «բացահայտելով»՝ հղում անելով երեւանյան հանդիպմանը մասնակցած քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի՝ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին: Հարցերի եւ պատասխանների էությունը կոպտորեն աղավաղելով, ինչում հեշտությամբ կարելի է համոզվել հարցազրույցը դիտելով կամ կարդալով, վերոնշյալ հայկական լրատվամիջոցն իր լսարանին տեղեկացրեց Երեւանում իբրեւ թե քննարկված պատմական հարցերի, այդ թվում՝ «Խոջալուի ցեղասպանության» մասին: Մինչդեռ Ֆարհադ Մամեդովը, պատասխանելով լրագրողի հարցին, ընդհակառակը, ընդգծել է. «Տեսականորեն, իհարկե, հաշտեցումը այս ողբերգությունների նկատմամբ վերաբերմունքի ձեւավորումն է: Բայց սա արդիական խնդիր չէ: Մենք պետք է հաշտվենք իրականության հետ»։ Մեր կողմից հավելենք, որ հանդիպման ժամանակ նման թեմաներ ընդհանրապես չեն քննարկվել։
Որքան էլ բարդ լինի, բայց ենթադրենք, թե 168.am-ի հրապարակման հեղինակը չար մտադրություններ չի ունեցել եւ պարզապես սխալ է հասկացել տեսածը, լսածը կամ կարդացածը։ Սակայն նման դեպքերի համար, մանավանդ երբ թեման շատ զգայուն բնույթ ունի, կա լրագրողական տարրական կանոն՝ այլ աղբյուրից ստուգել տեղեկատվությունը, ինչը, հաշվի առնելով նախաձեռնության հայ մասնակիցների բացությունն ու հասանելիությունը, բնավ դժվար չէր։
«Սպուտնիկ Արմենիան», բացի մյուս լրատվամիջոցների հրապարակումներից իր համար «հարմար» հատվածներ կտրելով համատեքստից, իրեն նաեւ թույլ էր տվել «արտահոսք» անել ադրբեջանցի հյուրերի գտնվելու սպասվող վայրի մասին, որն անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշ ժամանակ գաղտնի էր պահվում։ Նշված օրինակներում իրադարձությունների բուն էությունը լսարանին ներկայացնելու մտադրության փոխարեն, տեսնում ենք միտում անբարեխիղճ լրագրության միջոցով խեղաթյուրված պատկեր ձևավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին և անառողջ լարվածություն ստեղծել դրա շուրջ։
Արեգ Քոչինյան
Բորիս Նավասարդյան
Նաիրա Սուլթանյան
Նարեկ Մինասյան
Սամվել Մելիքսեթյան