ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ

հեղ․ RCSP

Հետկոնֆլիկտային միջավայրերում մարտահրավերը հազվադեպ է գաղափարական բնույթի լինում. այն հիմնականում կառուցվածքային է։ Կառավարությունները գործում են անհավասարության պայմաններում․ ապակայունացնող քայլի քաղաքական արժեքը անմիջականորեն զգացվում է ներքին հանրության կողմից, մինչդեռ համագործակցության տնտեսական օգուտները դանդաղ են, ուշացումով են ի հայտ գալիս և հաճախ ցրված են, ոչ կենտրոնացված: Արդյունքում ձևավորվում է կանխատեսելի թակարդ․ խաղաղության գործընթացները կարող են առաջընթաց ունենալ փաստաթղթային մակարդակում, սակայն մնում են ռիսկի տակ, քանի որ քաղաքական որոշումներ կայացնողների վրա շարունակական պատասխանատվություն դնելու մեխանիզմ գոյություն չունի։

Այս հոդվածը առաջարկում է նոր քաղաքական-տնտեսական մոդել, որտեղ խաղաղությունը գնահատվում է այնպես, ինչպես շուկան արդեն գնահատում է ածխածնի արտանետումները, պետության ռիսկերը կամ ինստիտուցիոնալ վստահելիությունը: Հիմնվելով տարածաշրջանային առևտրի տվյալների, ինստիտուցիոնալ տնտեսագիտության և խթանների դիզայնի տեսության վրա, հոդվածը ներկայացնում է, որ խաղաղության դիվիդենտի ինդեքսը (խաղաղության տնտեսական օգուտների ինդեքս՝ զուգակցված խաղաղության պարտատոմսերի   հետ) կարող է քաղաքական գործելակերպը վերածել չափելի տնտեսական ազդակների՝ կայունությունը դարձնելով ֆինանսապես շահավետ, իսկ քաղաքական հետընթացը՝ անմիջապես ֆինանսական վնասներ բերող:

Հակամարտությունից հետո առկա է մեկ օրինաչափություն․ փաստաթղթերը երբեք չեն պակասում, իսկ ահա դրանց երկարաժամկետ կայուն իրականացումը պակասում է։ Կայունության տնտեսական օգուտները՝ առևտրի աճ, ներդրումների ավելացում, ռիսկերի ավելացված արժեքի նվազեցում, ձևավորվում են աստիճանաբար և պահանջում հետևողական պետական քաղաքականություն։ Այնուամենայնիվ քաղաքական դաշտն աշխատում է կարճաժամկետ ցիկլերով, որտեղ զսպված գործելակերպը աննկատ է մնում, մինչդեռ ներքին ճնշումներն անմիջապես երևում են։ Այս անհամապատասխանությունը ստեղծում է խթանների բացակայություն՝ երկարաժամկետ տարածաշրջանային շահերը կախված են կարճաժամկետ քաղաքական ընտրություններից, որոնք տնտեսական տեսանկյունից գնահատված չեն։

Այս օրինաչափությունը հստակ տեսանելի է Հարավային Կովկասում։ Անկախ տնտեսական գնահատականները ցույց են տալիս, որ փակ սահմանները, բաց թողնված առևտրային հնարավորությունները և ճնշված ներդրումային հոսքերը հանգեցնում են ՀՆԱ-ի [i]տարեկան 2–3% անկման ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Ադրբեջանում։

Եթե չլինի այնպիսի մեխանիզմ, որը կայունությանը տնտեսական արժեք կհատկացնի, խաղաղությունը ենթակա է ռիսկերի․ ոչ թե այն պատճառով, որ դերակատարները ձգտում են հակամարտության, այլ՝ այն, որ համագործակցությունը չունի այնպիսի շարունակական ցուցիչ, որը կխրախուսի հետևողականությունը կամ կբացահայտի հետընթացը:

      Խաղաղության դիվիդենտի ինդեքսը հետկոնֆլիկտային կայունության գնահատման համար կիրառում է ծանոթ տրամաբանություն. իրական աշխարհի քաղաքական և տնտեսական գործոնները համախմբված են մեկ միասնական և մեկնաբանվող ցուցանիշի մեջ: Այն ընդգրկում է անդրսահմանային առևտրի, տարանցիկ ծավալների, բաց տրանսպորտային ուղիների, արտասահմանյան ուղղակի ներդրումների, քաղաքական ռիսկերի և անդրսահմանային բիզնես գործունեության միտումները: Այս մեխանիզմը ծառայում է երեք նպատակի՝

  1. Թափանցիկություն – շահագրգիռ բոլոր կողմերը, միմյանց հակասող նարատիվների փոխարեն, հետևում են նույն տվյալների վրա հիմնված տենդենցին։
  2. Համեմատական գնահատում – կառավարությունները կարող են ժամանակի ընթացքում հետևել իրենց կատարողականին կամ համեմատել տարածաշրջանային ստանդարտների հետ։
  3. Քաղաքականությունից անկախ գնահատում – քաղաքացիները, ներդրողները և միջազգային դերակատարները արձագանքում են իրական գործողություններին, ոչ թե՝ հռետորաբանությանը։ Արդյունքում, ինդեքսը դառնում է կայունության իրական ժամանակի բարոմետր:

Սակայն խաղաղության դիվիդենտի ինդեքսը ստանում է իրական նշանակություն միայն այն դեպքում, երբ համակցվում է ֆինանսական գործիքի հետ, որը չափումները վերածում է կոնկրետ խթանների: Խաղաղության գործոնները կարող են ապահովել այդ կապը: Դրանց կառուցվածքը ճկուն է՝ կարող են լինել պետական, համատեղ թողարկված կամ տարածաշրջանային ֆոնդի միջոցով ուղղորդված, և ընդգրկել Եվրոպական միությունը, ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը (TRIPP) կամ բազմակողմ կառույցներ: Հիմնական տարրն այստեղ խթանիչ ուժի տրամաբանությունն է:

Երբ խաղաղության դիվիդենտային ինդեքսը բարձրանում է՝ արտացոլելով անխափան անցում, կառավարությունների կանխատեսելի գործելակերպ, առևտրի ծավալների աճ և ընկալվող ռիսկի նվազում, խաղաղության պարտատոմսի տոկոսադրույքը նվազում է, ինչը հնարավորություն է տալիս ավելի մատչելի կապիտալ ստանալ համագործակցությունն ուժեղանալու դեպքում։ Երբ ինդեքսը իջնում է, տոկոսադրույքը ավտոմատ բարձրանում է՝ առաջացնելով ֆինանսական կորուստ անկայունության համար։ Մեխանիզմն ունի նաև ռեպուտացիոն բաղադրիչ. ինդեքսի անկումը ոչ միայն բարձրացնում է եկամտաբերությունը, այլև՝ ազդում պետական վարկանիշների վրա, բարձրացնում պարտատոմսերի եկամտաբերության տարբերություններն ու քաղաքական ռիսկի վերաբերյալ ազդանշան ուղարկում ներդրողներին և հանրությանը։ Քաղաքական արժեքը առաջանում է ոչ արտաքին ճնշման, այլ՝ շուկայի արձագանքի միջոցով։

Խաղաղության պարտատոմսերից ստացված հասույթն ուղղվելու է այնպիսի ծրագրերի, որոնք ամրապնդում են փոխադարձ շահավետ փոխկապակցվածությունը՝ արդիական մաքսային համակարգեր, սահմանից սահման լոգիստիկա, թվային առևտրային հարթակներ, գյուղատնտեսական արժեքային շղթաներ, փոքր և միջին բիզնեսների համագործակցություն, գիտական ոլորտի կամ երիտասարդների փոխանակման ծրագրեր: Այս կերպ այդ գործիքը ամրապնդում է երկարաժամկետ կայունության նյութական և ինստիտուցիոնալ հիմքերը։

Խաղաղության արժևորման տեսական հիմքերը հիմնված են քաղաքական տնտեսագիտության և ինստիտուցիոնալ նախագծման հաստատված աշխատանքի վրա։ Կրկնվող համագործակցության վերաբերյալ Ռոբերտ Աքսելրոդի դասական վերլուծությունը ցույց է տալիս, որ դերակատարները, պահպանելով խաղաղ գործելակերպ, գործում են այն դեպքում, երբ երկարաժամկետ օգուտները՝ «ապագայի ստվերը», գերազանցում են կարճաժամկետ գայթակղություններից խուսափելու համար[ii]։ Սա համընկնում է Դուգլաս Նորդի և Բարի Վեյնգաստի մեկնաբանությունների հետ, ովքեր ցույց են տալիս, որ քաղաքական համաձայնագրերը միայն այն ժամանակ են ամրապնդվում, երբ ինստիտուցիաները կառավարություններին պարտադրում են վստահելի հանձնառականների սահմանափակումներ՝ կապելով այսօրվա վարքը վաղվա տնտեսական հետևանքների[iii] հետ։

Պետության ռիսկի հետ կապված հետազոտությունները ամրապնդում են այս տրամաբանությունը։ Կարմեն Ռայնհարտն ու Քենեթ Ռոգոֆը ցույց են տալիս, որ քաղաքական կամ ֆինանսական անկայունությունը արագորեն արտացոլվում է պետության վարկավորման ծախսերի և տոկոսադրույքների տարբերությունների վրա[iv], մինչդեռ Տորբյորն Բեկերը և Պաոլո Մաուրոն ցույց են տալիս, թե ինչպես են վստահելիության և կառավարման բացասական հետևանքները անմիջապես ազդում վարկունակության վրա[v]։ Վերջապես, Լեոնիդ Հուրվիցի, Էրիկ Մասկինի և Ռոջեր Մայերսոնի մշակած մեխանիզմ-դիզայնի շրջանակը, որն արժանացել է 2007 թվականի Նոբելյան մրցանակի, տրամադրում է կոնցեպտուալ հիմք, որպեսզի սեփական շահերով առաջնորդվող քաղաքական գործողությունները հանգեցնեն համատեղ ցանկալի արդյունքների[vi]։ Այս բոլոր մոտեցումները միասին հաստատում են հիմնական պնդումը․ կայունությունը հնարավոր է գնահատել, չափել և ամրապնդել ինստիտուցիոնալ և ֆինանսական մեխանիզմների միջոցով։

Այս տեսական դիտարկումները զուտ վերացական չեն․ համադրելի, փոխադարձ շահերով ապահովված մեխանիզմներ արդեն իսկ գործում են գլոբալ զարգացման ֆինանսավորման ոլորտում, որտեղ շահութաբերությունը ուղղակիորեն կապվում է ստուգված առաջընթացի հետ։ Գլոբալ ֆինանսական համակարգը վաղուց է կիրառում արդյունքահեն գործիքներ, որոնց եկամտաբերությունը կախված է համագործակցային գործելակերպից։ Օրինակ, Հորդանանում իրականացված փախստականների ազդեցության  պարտատոմսը ներդրողների վերադարձը կապում է փախստականների կյանքի որակի չափելի բարելավումների հետ[vii]։ Նմանօրինակ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից աջակցվող սոցիալական և զարգացման ազդեցության պարտագրերը հիմնված են արդյունքահեն ֆինանսավորման մեխանիզմների վրա, որոնք խրախուսում են ստուգված առաջընթացը և պատասխանատվություն սահմանում բացթողումների դեպքում[viii]։

Հարավային Կովկասին անհրաժեշտ չեն հերթական հայտարարություններ․ անհրաժեշտ են ուժեղ խթաններ։ Խաղաղության դիվիդենտների ինդեքսը ապահովում է բացակայող չափումը՝ կայունության շարունակական, տվյալներով հիմնավորված ազդանշանը։ Խաղաղության պարտագրերը/գործիքները ապահովում են գործնական կիրառում՝ նվազեցնելով կապիտալի արժեքը համագործակցության խորացման պայմաններում և բարձրացնելով այն՝ անկայունության ի հայտ գալու դեպքում։ Դրանք, միասին, խաղաղությունը դիվանագիտական ձգտումից փոխակերպում են տնտեսական ակտիվի՝ իրական հետևանքներով։ Կայունության «գինը» որոշելով և շեղումները բացահայտելով իրական ժամանակում՝ այս մոդելը կարող է ինստիտուցիոնալացնել կանխատեսելիությունը, պաշտպանել ձեռք բերված արդյունքները քաղաքական տատանումներից և դարձնել համագործակցությունը ոչ միայն ցանկալի, այլև՝ ռացիոնալ երկարաժամկետ ռազմավարություն տարածաշրջանի յուրաքանչյուր դերակատարի համար։

Ալբերտ Հայրապետյան, Արեգ Քոչինյան


[i] https://berlin-economics.com/wp-content/uploads/2021/11/The-economic-effect-of-a-resolution-of-the-Nagorno-Karabakh-conflict.pdf

[ii] https://books.google.am/books/about/The_Evolution_of_Cooperation.html?id=NJZBCGbNs98C&redir_esc=y

[iii] https://www.cambridge.org/core/journals/journal-of-economic-history/article/abs/constitutions-and-commitment-the-evolution-of-institutions-governing-public-choice-in-seventeenthcentury-england/2E0D2B2D3490BE5C556D836ACB096362

[iv] https://www.nber.org/papers/w15795

[v] https://www.imf.org/external/pubs/ft/wp/2006/wp06172.pdf

[vi] https://www.nobelprize.org/prizes/economic-sciences/2007/summary/

[vii] https://www.unesco.org/fr/dtc-financing-toolkit/refugee-impact-bond

[viii] https://www.undp.org/blog/navigating-complexities-social-impact-bonds-sdgs

Ընթերցեք նաև