Վերջին օրերին ՀՀ քաղաքական դաշտի արմատական ընդդիմադիր հատվածում թևածում էր իմպիչմենտի գաղափարը։ Ըստ հեղինակների՝ դա կարող էր իշխանափոխության հնարավորություն լինել, եթե զուգահեռաբար երկու գործընթաց տեղի ունենա։ Առաջին հերթին ընդդիմադիրները պետք է փորձեին համաձայնության գալ վարչապետի թեկնածուի ընտրության շուրջ, հավաքել պահանջվող 36 ձայնը՝ հարցն Ազգային ժողովի օրակարգ մտցնելու համար, որից հետո հավաքել ժողովրդի կրիտիկական զանգված և ճնշման ներքո ստիպել իշխող կուսակցության առնվազն 18 ներկայացուցչի՝ քվեարկելու հօգուտ իրենց նախաձեռնության։ Թեև անգամ այս տողերը կարդալիս պարզ է դառնում նման զարգացումների անհավանականությունը, սակայն պարզվում է՝ կան մարդիկ, որոնք լրջորեն ոգևորվել են այս գաղափարով։
Նախ վերլուծենք, թե ինչու արմատական ընդդիմադիրները որևէ պարագայում իմպիչմենտն իրականություն դարձնելու հնարավորություն չունեն։ Բացի այն, որ, բոլոր հարցումներով, հասարակության մոտ այդ ուժերի աջակցության հանրագումարը անգամներով զիջում է իշխող քաղաքական ուժի աջակցությանը, բացի այն, որ նույնիսկ իրենց շարքերում բազմաթիվ խնդիրներ և անհանդուրժողականություն կա, գլխավոր հարցն այն է, որ այդ հատվածը 7 տարի շարունակ փորձում է կրիտիկական զանգված հավաքել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ «հասարակական ճնշում» ձևավորել։ Կարծել, թե համապետական ընտրություններից մեկ տարի առաջ՝ համեմատաբար կայուն ներքին և արտաքին զարգացումների պայմաններում, հնարավոր է լինելու անել այն, ինչը չի ստացվել պատերազմի, արցախահայության էթնիկ զտման և այլ արհավիրքների ժամանակաշրջաններում, ֆանտաստիկայի ժանրից է։
Եվ ահա, այս իրավիճակում արմատական ընդդիմադիրներին «օգնության ձեռք է մեկնում» նորաթուխ մի կուսակցություն, որի անդամներից ընդամենը երկուսն են քիչ թե շատ ճանաչելի Հայաստանում։ Իշխող կուսակցությունից տարանջատված և սեփականը հիմնած այդ երկու պատգամավորը, որոնք, մեծ հավանականությամբ, հաջորդ համապետական ընտրություններից անմիջապես հետո կդադարեն ունենալ որևէ քաղաքական դերակատարում և կմոռացվեն հասարակության կողմից, առաջարկում են վարչապետի սեփական թեկնածու՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Առաջին հայացքից, կարծես թե, հասկանալի է, որ նույնիսկ դաշտում գոյություն ունեցող քաղաքական ուժերը լրջորեն չեն դիտարկի այդ հնարավորությունը, քանի որ խնդրի լուծման անհեռանկարայնությանը գումարվում է նաև Մարուքյանի անձի անընդունելի լինելը։ Սակայն հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան և նախկին պատգամավոր Մարուքյանն, ըստ ամենայնի, լուրջ ընդունելով սեփական անձի առաջադրման եզակի հնարավորությունը, սկսում է արշավ, որի հետևանքներից մեզ համար կարևորն արմատական ընդդիմադիր դաշտում միմյանց նկատմամբ առկա անտագոնիստական տրամադրությունների ընդգծումն է։
Ամփոփելով տեղի ունեցածը՝ կարելի է նկատել, որ 2026թ․ սպասվող հերթական խորհրդարանական ընտրություններին արմատական ընդդիմադիրները մոտենում են փոխադարձ անվստահության մթնոլորտում։ Դա նկատելի է նույնիսկ երկու նախկին նախագահների փոխադարձ մեղադրանքներում և հերքումներում։ Իսկ իմպիչմենտի չստացված գործընթացն իր հերթին ցույց տվեց, որ անգամ ռազմավարական հարցերում տարաձայնությունները ոչ միշտ են հաղթահարելի, թեև դա չի նշանակում, որ Գյումրիի սցենարը համապետական ընտրություններին կրկնելու հնարավորության դեպքում այդ տարաձայնությունները չեն մոռացվի։
Ռոբերտ Ղևոնդյան