Վերջին մեկ տարվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչների ակտիվ քաղաքական վարքագիծը, որը ոչ միայն չէր կասեցվում, այլև որոշ դեպքերում խրախուսվում էր Էջմիածնի կողմից, հանգեցրեց մեր ժամանակների համար աննախադեպ՝ իշխանություն-եկեղեցի առճակատման։ ՀՀ վարչապետը հանդես եկավ եկեղեցականների նկատմամբ կոշտ քննադատությամբ՝ որոշ դեպքերում նույնիսկ դուրս գալով էթիկայի օրենքների սահմաններից։ Եկեղեցու ներկայացուցիչներից ոմանք այս առճակատումը անվանեցին «պատերազմ» և հայտարարեցին «հաղթելու»՝ իրենց մտադրության մասին։ ՀԱԵ հոգևոր խորհուրդը դատապարտեց իշխանությունների գործելաոճը և կոչ արեց քաղաքական և իրավական գնահատական տալ։ Ի վերջո, ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն, և ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի մեր պետականության համար չափազանց վտանգավոր հակասությունը։
Թեև ՀԱԵ ներկայացուցիչները 2018-2024թթ․ հանդես էին գալիս իշխանությունների նկատմամբ քննադատությամբ, և որոշ եկեղեցականներ, օրինակ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը, կտրուկ, երբեմն նույնիսկ օրինականության սահմաններն առերևույթ խախտող հայտարարություններ էին անում, սակայն մինչև 2024թ․ սկիզբը գոյություն ուներ «լռելյայն սոլիդարություն» Գարեգին երկրորդ կաթողիկոսի և վարչապետի միջև։ Նրանց փոխադարձ քննադատությունները հիմնականում ակնարկների միջոցով էին, և կողմերը փորձում էին հնարավորինս քիչ անդրադարձ կատարել միմյանց ոլորտների կառավարման գործընթացներին։ Ամեն ինչ փոխվեց 2024թ․ գարնանը, երբ ՀՀ իշխանությունների որոշումը՝ Ադրբեջանի հետ Տավուշում իրականացնել սահմանազատում, հանրային որոշ շրջանակների մոտ դժգոհություն առաջացրեց։ Այդ դժգոհության միջավայրում ձևավորվեց հակաիշխանական խումբ, որն առաջնորդեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը։ Կարելի է պնդել, որ այս իրադարձությունը եկեղեցու կողմից քաղաքական գործընթացներին անմիջական մասնակցություն հանդես բերելու առաջին օրինակն էր։
Անցնող մեկ տարվա ընթացքում Գալստանյանը «հաջողությամբ» տապալեց ընդդիմադիր բոլոր նախաձեռնությունները։ Սակայն նա և իր գաղափարները կիսող այլ եկեղեցականներ շարունակում էին պարբերաբար չնորմավորված խոսույթով քննադատել և անվանարկել քաղաքական իշխանությանը։ 2025թ․ մայիսին վարչապետը հավանաբար հարմար գնահատեց իրավիճակը՝ պատասխան տալու և նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնելու համար։
Գնահատելով տեղի ունեցածն առանց զգայական արտահայտումների՝ հարկ է նկատել, որ այս առճակատումը գերվտանգավոր սպառնալիք է ՀՀ պետականության համար։ Մի կողմից ՀՀ իշխանությունները չունեն եկեղեցու ներքին գործերին միջամտելու գործիքակազմ, սակայն, մյուս կողմից, վարչապետի կողմից բարձրացված անպատասխան հարցերը լրջորեն խաթարում են ոչ միայն հասարակության մոտ բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչների, այլև եկեղեցու, որպես ինստիտուտի, հեղինակությունը։ Իսկ իշխանություններին դեռևս չի հաջողվում գիտակցական մակարդակում տարանջատել այդ երկուսն իրարից։ Հարկ է ընդգծել նաև, որ, վարչապետի խոսույթում անհարիր բառապաշարի օգտագործումը էական վնաս է հասցնում Հայաստանում նոր-նոր վերականգնվող քաղաքական մշակույթի զարգացմանը։
Ընդհանուր առմամբ, և՛ իշխանությունները, և՛ ՀԱ եկեղեցին կարիք ունեն սթափվելու։ Հայոց պետականությունը բարձրագույն արժեք է, որի հիմքերը խարխլել չի կարելի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հոգևոր իշխանություն ունենալու կամ պահելու նպատակով։ Իսկ հակասության հանգուցալուծման լավագույն ուղին աստվածաշնչային է՝ «Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն»։ Մեր դեպքում սա նշանակում է երկկողմանի հարգանքի վերականգնում, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ առանձին անձանց փոփոխության գնով։
Ռոբերտ Ղևոնդյան