Ընդդիմություն՝ եկեղեցու «հաշվին»

հեղ․ RCSP

            Հայաստանում շարունակում է ծավալվել իշխանություն-եկեղեցի հակասությունը։ Վերջին օրերին կողմերի մոտեցումները, կարծես, դարձել են փոխբացառող։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կաթողիկոսի փոփոխության համակարգող խորհուրդ է ստեղծում։ Ի պատասխան՝ բարձրաստիճան հոգևորականները խոսում են Գարեգին Երկրորդի շուրջ համախմբման մասին։

            Թվում է, թե բանական և առողջ մտածելակերպ ունեցող ցանկացած մեկի համար այս իրավիճակում գլխավոր խնդիրը պետք է լինի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարաձայնությունների հարթման ուղիներ գտնելը։ Ի վերջո, այս հակասությունը խարխլում է պետականության հիմքերը, գեներացնում անվտանգային և սոցիալ-հասարակական անորոշությունների ռիսկեր, ինչպես նաև արգելակում պետության բնականոն զարգացման ընթացքը։ Սակայն, արի ու տես, ամեն ինչի մեջ սեփական էգոիստական շահերն իրացնելու շանս որոնող պատեհապաշտները նույնիսկ եկեղեցին են փորձում դարձնել իշխանության դեմ պայքարի գործիք։

              Հունիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանում կաթողիկոսին դիմավորելու միջոցառումն այս տրամաբանության մեջ հրաշալի կազմակերպված և իրականացված ներկայացում էր։ Դերերում նույն այն մարդիկ էին, որոնք ժամանակին նմանատիպ դերեր են խաղացել «Արցախը հանձնելու», «Միջանցքը տալու», «Տավուշը փրկելու» և մի շարք այլ բազմասերիանոց ներկայացումներում։ Ինչպես արդեն ավանդույթ է դարձել, նման դերակատարումները հանգեցնում են քաղաքական դաշտում նշված դերակատարների վարկանիշի փշուրների՝ ավելի մանրացմանը։ Սակայն ներկա իրավիճակը արմատականորեն տարբերվում է նկարագրված նախկիններից։

            Անկախ իշխանությունների բնույթից՝ պետության շուրջ համախմբումն այն առաքելությունն է, որին կոչված է եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցին «ընդդիմադիր» քաղաքական ուժի վերածելու փորձը Հայաստանի համար կենսական սպառնալիք է։ Հաշվի առնելով, որ որոշ դեպքերում եկեղեցու սպասավորների քաղաքական ակտիվության հետևում  կանգնած են արտաքին ուժեր, փաստորեն, տեղի ունեցողն է՛լ ավելի է հարվածում  արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանի՝ առանց այն էլ թույլ դիրքերին։ Սակայն նշված «ընդդիմադիրների» դեպքում դա ոչ միայն էական չէ, այլև համընկնում է Հայաստանի իշխանություններին, նույնիսկ Հայաստան պետության հիմքերի սասանման գնով, վնաս տալու մոտեցմանը։ Եվ այս տրամաբանությունում Հայ առաքելական եկեղեցին նրանց համար ընդամենը «գործիք» է։ Ավելի համարձակներն, անգամ, Ամենայն հայոց կաթողիկոսին առաջարկում են 2026թ․ առաջադրել վարչապետի պաշտոնում՝ այսպիսով հեղինակազրկելով և արժեզրկելով թե՛ հայոց եկեղեցին, թե՛ պետական ինստիտուտները։

            Արմատական ընդդիմադիրների՝ նման վարքագիծն արդեն սովորական է դարձել։ Նրանց համար պետություն, պետականություն, անկախություն բառերն ընդամենը գործիք են, քանի դեռ օգուտ են ստանում դրանք օգտագործելիս։ Եվ ինչու՞ պետք է եկեղեցին չդառնա նման գործիքներից ևս մեկը։ Կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ եկեղեցու նկատմամբ հիասթափությունը կարող է ավելի պառակտել հայ հասարակությունը, իսկ, անկախ անձերից, հոգևոր վերնախավի հետևողական հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն թշնամական ուժերին։ Այս իրավիճակը առավել պայթյունավտանգ է դառնում 2026թ․ ընտրությունների նախաշեմին։ Այս համատեքստում եկեղեցականներն ունեն միայն մեկ ճիշտ ճանապարհ՝ դուրս գալ քաղաքական գործընթացներից, չդառնալ «մանրադրամ» արմատական ընդդիմադիրների համար և թույլ չտալ՝ Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ տանել ցնցումների։ Եթե այս գիտակցումը չկա որևէ մեկի մոտ՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից, ապա այդ անձը ենթակա է փոփոխման, քանի որ անձինք փոփոխելի են, իսկ եկեղեցու հեղինակությունը՝ անքննելի։

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037