Ինչպես արդեն հայտնել ենք, ՀԱԿ վարչության անդամ Արամ Մանուկյանը «ՀՀ հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» հետազոտական աշխատանքի վերաբերյալ մի շարք մանիպուլյատիվ և կեղծ հայտարարություններ էր արել News.am լրատվականի եթերում։ Հայտարարություններին ի պատասխան՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը (ԱՔՀԿ) հանդես եկավ պարզաբանումներով, որոնք մերկացնում են Մանուկյանի կողմից ինչ-ինչ նկատառումներով փաստերի խեղաթյուրման միտումները։ Ավելին․ Հանրային հեռուստաընկերության կողմից ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանի և ՀԱԿ վարչության անդամ Արամ Մանուկյանի միջև բանավեճի առաջարկը մերժվեց վերջինիս կողմից՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով նրա պնդումների հիմնազուրկ և մանիպուլյատիվ բնույթը։
Այս ամենին զուգահեռ, ԱՔՀԿ արձագանքն, ի թիվս այլ լրատվականների, ներկայացվել է նաև News.am լրատվականին։ Այս լրատվամիջոցը հարթակ էր տրամադրել Արամ Մանուկյանին և, փաստացի, տարածել նրա հայտարարությունները։ News.am լրատվականի ներկայացուցիչը բանավոր կերպով, հեռախոսազանգին ի պատասխան, համաձայնեց հրապարակել նաև ԱՔՀԿ արձագանքը, որից երեք օր անց էլ, սակայն, հրապարակում տեղի չունեցավ։ Երեկ՝ հերթական հեռախոսազանգին ի պատասխան, News.am լրատվականի ներկայացուցիչը հայտարարեց, թե ուղարկված տեքստը խմբագրի մոտ է, և նա է որոշելու՝ հրապարակել, թե ոչ։ Արձանագրենք, որ Արամ Մանուկյանի հայտարարությունները հրապարակելու 7-րդ և պատասխանը լրատվականին ուղարկելու 4-րդ օրվա դրությամբ News.am լրատվականը չի հրապարակել խնդրո առարկայի վերաբերյալ մյուս կողմի՝ հետազոտության հեղինակների տեսակետները։
Իրականում պետք չէ զարմանալ, երբ ՀՀ լրատվական դաշտում կասկածելի վարքագիծ դրսևորող լրատվականը հրաժարվում է որևէ հարցի շուրջ երկու կողմերի կարծիքները հրապարակելուց։ Խնդիրն ընդամենը հանգում է այդ լրատվականի հանդեպ հասարակության վստահության հարցին։ Արդյո՞ք կարելի է հավատալ մի լրատվականի անաչառությանը, որի ներկայացուցիչները, թեև, «աջ ու ձախ» հայտարարում են իրենց «անկողմնակալության» մասին, սակայն հրաժարվում են հրապարակել հետազոտության վերաբերյալ նյութի հեղինակների տեսակետը և մեծ պատրաստակամությամբ տարածում են այն խեղաթյուրող քաղաքականացված անհեթեթությունը։