«Ո՞վ է հայը» հարցին դեռևս 19-րդ դարում Ռաֆայել Պատկանյանը պատասխանել է՝ նա, ով Հայաստանի շահերի նկատմամբ վերաբերմունքը դասում է առաջին տեղում։ Նրա մահից ավելի քան 130 տարի է անցել, սակայն այս բանաձևը շատերի դեպքում դեռ կիրառելի չէ։ Խոսքն առաջին հերթին վերաբերվում է Հայաստանի խնդիրներն իրենց շահերի ու պատկերացումների պրիզմայով ընկալող մարդկանց, որոնք երկար տարիներ չեն բնակվում հայրենիքում, սակայն հայտնվում և «մտահոգվում» են միայն այն պահերին, երբ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները սկսում են չհամընկնել իրենց բնակության երկրում ձևավորված պատկերացումների հետ։
Ոչ թե առանձին անհատներ, այլ Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունք ունեցող անձանց մի ողջ խումբ է ձևավորվել Ռուսաստանում։ Այս երկրում, հայկական արմատներ ունեցող բազմաթիվ պարկեշտ մարդկանց կողքին, ապրում և գործում է մեծահարուստներից, գիտնականներից և լրագրողներից բաղկացած մի երևակայական հանրույթ, որի գլխավոր նպատակներից մեկը կարելի է համարել ամենուր Ռուսաստանի կայսերապաշտական-շովինիստական շահերի պաշտպանությունը։ Ինչևէ, սա կարելի կլիներ դիտարկել որպես իրենց խնդիրը և չանդրադառնալ դրան, եթե ժամանակ առ ժամանակ այս մարդիկ հանկարծ «չհիշեին», որ իրենց կամ իրենց նախնիների ազգանունը վերջանում է «յան» վերջածանցով և չսկսեին նույն՝ կայսերապաշտական-շովինիստական դիրքերից մասնակցել Հայաստանի դեմ ռուսական հիբրիդային գործողություններին։ Սեփական նախաձեռնությամբ, թե ուղղակի կամ անուղղակի դրդմամբ, այս մարդիկ փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում ազդեցություն գործել միայն այն դեպքերում, երբ Ռուսաստանի շահերին Հայաստանում ինչ-որ բան սկսում է սպառնալ։ Ցավալի է նկատել, սակայն սա կարծես զուտ «հայկական» բնորոշիչ է, քանի որ, օրինակ, ռուս-ադրբեջանական փոխհարաբերություններում հազվադեպ են հանդիպում ադրբեջանցիների հետ որևէ կապ ունեցող ռուսներ, ովքեր կօգտագործվեն որպես հիբրիդային դերակատարներ։
Մեր կողմից նշված «իրենց հնարավորությունների սահմաններում» արտահայտությունը պատահական չէ։ Այսպես, եթե գիտական հանրույթի ներկայացուցիչները հիմնականում զուսպ են և միայն պարբերաբար որոշ հայտարարություններ են անում (Կուրղինյան, Չուբարյան, Կարագանով), ապա մեդիայի ներկայացուցիչները ոգևորվում են «Ռուսաստանի ազդեցությունից դուրս Հայաստանի պետականության կորստի» հեռանկարով կամ մարդկանց կոչ են անում դուրս գալ փողոց ու հակասահմանադրական գործողությունների մասնակցել (Մ.Սիմոնյան, Ս.Բաղդասարով)։ Իսկ այս հանրույթի մաս կազմող մեծահարուստներից ոմանք անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով են փորձում ՀՀ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործել (Ս․ Կարապետյան, Կ․ Կարապետյան, Վարդանյան)։
Հիբրիդային գործողությունների տրամաբանությունում Հայաստանի դեմ օգտագործվում են հնարավոր բոլոր հարթակները՝ սկսած ներքաղաքական պայքարից, մինչև հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններ ու իշխանության և եկեղեցու ներկայացուցիչների առճակատում։ Գործողություններին մասնակցելու համար հավաքագրված ռուսները, որոնք կրկին հանկարծ «հիշել են» իրենց ազգանվան մեջ հայկականության հետքի մասին, որոնք երբևէ ցանկություն կամ համարձակություն չեն ունեցող նվազագույն բողոք արտահայտել Ռուսաստանի կողմից ՀՀ դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ, այսօր հիբրիդային պատերազմի առաջնագծում են։
Այսքանից հետո մնում է միայն ցավով արձանագրել, որ Ռաֆայել Պատկանյանի խոսքերը չեն դարձել հայկական ինքնության ձևակերպման ու ընկալման հիմք։ Դրա փոխարեն, հավաքական հայությունը տասնամյակներ շարունակ ուրախությամբ ընդունում և իր «ծոցում տաքացնում է» ընդամենը ազգանվան մեջ «յան» վերջածանց ունեցող մարդկանց, որոնք օգտագործում են այն՝ մեր միասնականությունն ու հավաքական կյանքը խաթարելու, թունավորելու, փլուզելու և իրենց տերերին մատուցելու համար։
Ռոբերտ Ղևոնդյան