Սերժ Սարգսյանը սկսել է «անկեղծ զրույցը», որի մասին հայտարարել էր դեռևս ամիսներ կամ ավելի քան տարի առաջ՝ նշելով, թե դեռ չի եկել ժամանակը և երբ այն կգա, կսկսի խոսել: Սարգսյանը չէր մանրամասնել, թե ինչ նշաններով է սահմանվելու «եկած ժամանակը», այսինքն՝ ինչի՞ց է եզրակացնելու, որ եկել է խոսելու ժամանակն ու պետք է սկսել: Բայց ստացվում է, որ հիմա ժամանակը եկել է, ու Սերժ Սարգսյանը՝ սկսել: Նա սկսել է Ապրիլյան քառօրյա պատերազմից, թեև ազդարարել, որ պատրաստվում է խոսել ամեն ինչի մասին:
Ընտրված ձևաչափը գուցե լինի քննարկումների առարկա, քանի որ Սերժ Սարգսյանը փաստորեն շարունակում է խուսափել ուղիղ հարցերից: Բայց ձևաչափը տվյալ պարագայում էականը չէ, էականն այն է, որ նա համարել է, թե «ժամանակը եկել» է: Ու, քանի որ Սերժ Սարգսյանն ինքը չի մանրամասնում ժամանակի ընտրության իր չափանիշները, թե ինչու հիմա, ապա հանրությանը մնում է կռահել կամ անել իր եզրակացությունը կամ ենթադրությունը: Առերևույթ հարթության վրա մենք տեսնում ենք զարգացումների բավականին հետաքրքիր զիգզագ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի և վերլուծաբան Արեգ Քոչինյանի հետ: