Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությանը առաջարկը՝ ռուս բոլշեւիկների, կոմունիստների անուններով փողոցները, դպրոցները վերանվանել, քննարկումների տեղիք է տվել:
Այսօր պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանին «Սպուտնիկ Արմենիա» ակումբում լրագրողները այս առնչությամբ հարցրեցին՝ պետք է սահմանափակվել միայն Երեւանո՞վ, թե՞ հանրապետությունով մեկ, որովհետեւ կարեւոր արժեքներ ունեցող մարդկանց անունները օդից կախված են, իսկ բազմաթիվ փողոցներ կան՝ անհեթեթ անուններով: Նա պատասխանեց. «Անհեթեթ անուններից ես մի օրինակ բերեմ՝ Երեւանում մինչեւ այսօր կա Կատովսկու փողոց, ով չգիտի՝ ասեմ՝ Կատովսկին ըստ էության մի ռեցիդիվիստ, բանդիտ էր, ով ժամանակին կողմնորոշվել էր, որ բոլշեւիկներն են հաղթելու եւ իր ավազակային խմբով միացել էր բոլշեւիկյան թեւին: Մինչեւ այսօր նրա անունով փողոց կա Երեւանում»:
Արեգ Քոչինյանը գտնում է, որ եթե այսօր ասում են, թե փողոցների անունները փոխելը մեր պատմության մի մասը ջնջել կլինի, հանցանք կլինի պատմության նկատմամբ, սխալվում են. «Պատմությունը չեն պահում փողոցներն անվանելով կամ արձաններ դնելով: Այն կառուցում են, փողոց են անվանում, որովհետեւ դա ունի դաստիարակչական նշանակություն՝ տվյալ համակարգի քաղաքական շահերը հետապնդելու նշանակություն: Արդյո՞ք ՀՀ-ի պետական շահերից ելնում է, որ մեր մատղաշ սերունդը դաստիարակվի Կասյանի, Խանջյանի, Միկոյանի օրինակներով: Իմ կարծիքով՝ ոչ: Այն համակարգը, որտեղ գործում էին այս մարդիկ, արդեն սպառել է իրեն, այսօր մենք այլ համակարգում, այլ իրականության մեջ ենք ապրում»: Քոչինյանն ասաց, որ երբ ժամանակին այդ հարցը չի կարգավորվում, հետո ավելի վատ ձեւով է լուծվում. «Օրինակ, Ուկրաինայում Լենինի արձանը չէր հանվել, հեղափոխության տարիներին դրանք ուղղակի խուժանաբար, վրեքները թոկ գցելով շուռ էին տալիս եւ քանդում էին: Սա է խնդիրը, երբ որ դաշտը ժամանակին չի կարգավորվում, հետագայում կարգավորվում է ամբոխների կողմից կատաղած»:
Աղբյուրը՝ aravot.am