«Դիլեմա» փոդքաստի հերթական թողարկման թեման էր «Կլիմայական փոփոխություններ և շրջակա միջավայրի դեգրադացիա», որի ընթացքում քննարկվեցին բնապահպանական հիմանխնդիրները, կլիմայական փոփոխությունները, ջրերի կառավարման, հողերի օգտագործման և աղտոտման խնդիրները, ինչպես նաև անվտանգային այլ կարևոր հարցեր։
Փոդքասթի հյուրերն էին ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու Դիանա Հարությունյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը: Զրույցը վարեց «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Դիանա Հարությունյան
«Անվտանգային խնդիրները կապված են նաև համայնքների և հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների հետ։ Հայաստանի տարածքի մոտ 69-70%-ը սողանքավտանգ է, և այն համայքները, որոնք գտնվում են սողանքավտանգ տարածքներում՝ հորդառատ անձրևների հետևանքով սողանքներն ակտիվանում են և դա բերում է նրան, որ շատ անգամ հնարավոր չի լինում տվյալ տարածքներում կանխել սողանքները»։
Գեորգի Ֆայվուշը
«Ճիշտ գյուղատնտեսական տեխնոլոգիան, ջրի ճիշտ օգտագործումը ճիշտ մշակաբույսերի համար՝ հետաձգում են հողի աղակալման գործընթացը»։
«Հայաստանի անտառածածկ տարածքները նվազել են և բնականաբար բոլորս էլ գիտենք պատճառները։ Գիտենք, որ էներգետիկ, տնտեսական ճգնաժամի արդյունք է։ Բայց վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են տարվում մակերեսն ավելացնելու ուղղությամբ։
Ցավոք սրտի, ինչպես միշտ, մեզ մոտ նմանատիպ արշավներ են՝ եկեք տնկենք 100 միլիոն ծառ, չգիտեմ որքան… և այլն։ Իսկ որտե՞ղ ենք տնկելու դրանք։ Փոխարենը՝ նախ մտածենք, թե որտեղ կարող ենք տնկել և որտեղ՝ չենք կարող»։
Արեգ Քոչինյան
«Ստեղծվում է տպավորություն, թե մեր խնդիրներից շատ-շատերը կապված են ճիշտ հաշվարկների, ճիշտ կազմակերպման և ճիշտ քաղաքական նպատակների որոշման հետ։ Իսկ դրանք իրենց հերթին արդեն պետական կառավարման, և լա՛վ կառավարման ցուցիչներն են»։