«Հիմնականում ուշադրություն է դարձվում Փաշինյան-Ալիև հակադարձումներին, բայց այս հանդիպման ընթացքում Պուտինի կողմից երկու արտահայտություն հնչեց, որոնք շատ կարևոր են և մեծ նշանակություն ունեն տարածաշրջանային քաղաքականության վրա։
Առաջինն այն է, որ Պուտինը խոսեց այն մասին, որ մենք բոլորս ապրել ենք Խորհրդային Միությունում՝ որպես մի մեծ ընտանիք․ սա ևս մեկ անգամ շեշտադրում է Ռուսաստանի կայսերական հավակնություններն ու տարածաշրջանի նկատմամբ իրենց տեսակետը։
Եվ երկրորդ՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի՝ ԵՏՄ-ում ինտեգրման խորացման վերաբերյալ խոսքն էր․ նա ասաց, որ և՛ Ուզբեկստանը, և՛ Ադրբեջանը իրենք կորոշեն, թե ինչքանով խորացնեն իրենց հարաբերությունները ԵՏՄ-ի հետ։ Ադրբեջանի մասով ասեմ, որ սրանով արդեն վերադառնում ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմին և այն համաձայնությանը, որ ունեցել է Ալիևը պատերազմ սկսելու վերաբերյալ․ պետք է պարտադիր ուժային կենտրոնների կողմից գոնե չխոչընդոտելու համաձայնություն լիներ, և դրա դիմաց Ալիևը պետք է ինչ-որ գին վճարեր։ Ես բազմիցս նշել եմ, որ այդ գինը լինելու է ինտեգրացիոն պրոցեսներում Ադրբեջանի մասնակցությունը։ Եվ հիմա տեսնում ենք, որ արդեն Ալիևը ԵՏՄ նիստերին է մասնակցում՝ դեռևս որպես հյուր»։