Խաղաղության պայմանագրի շուրջ ձևավորվել էր համապարփակ տեսլական, որն իր մեջ ներառում է չորս քննարկվելիք փաթեթներ՝ դեմարկացիա-դելիմիտացիա, կոմունիկացիաներ, դիվանագիտական հարաբերությունների ստեղծման և բուն խաղաղության վերաբերյալ հարցերով; Սակայն վերջերս հայ-ադրբեջանական կողմերի համատեղ որոշման արդյունքում երկու փաթեթներ (դեմարկացիա-դելիմիտացիա և կոմունիկացիաներ) դուրս են մղվում խաղաղության պայմանագրի բուն բովանդակությունից, որոնք քննարկվում և նախատեսվում են քննարկվել այլ ձևաչափով: Համաձայն Արեգ Քոչինյանի դիտարկման՝ «կոմունիկացիաների փաթեթի շուրջ առկա են խոչընդոտներ, որոնցից ամենամեծը փոխադարձության սկզբունքի չկիրառումն է Ադրբեջանի կողմից»: Այսինքն եթե Հայաստանը Մեղրիով անցնող ճանապարհին պատրաստ է տրամադրել Ադրբեջանին հավելյալ անվտանգային երաշխիքներ՝ միջազգային կամ մասնավոր կազմակերպությունների միջոցով, ապա Ադրբեջանը չի համաձայնվում փոխզիջման գնալ Երասխ-Մեղրի-Իրան ճանապարհին երաշխիքների տրամադրման հարցում:
Հաջորդ հարցը, որին անդրադառնում է ԱՔՀԿ նախագահը՝ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կեղծ թեզերն են: «Հայաստանը այս հարցով չի կարող որևէ զիջման գնալ: Միջազգային մեր գործընկերները՝ ԱՄՆ և Եվրամիությունը իրենց իրավական խմբերում եզրահանգել են, որ որևիցե խնդիր չի գտնվել մեր Սահմանադրության մեջ: Եվ ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ չի հակասում խաղաղության պայմանագիր կնքելուն»;
Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված արհեստական խոչընդոտների բուն նպատակը Քոչինյանը կապում է Ռուսաստանի հետ վերջինիս պայմանավորվածություններին: «Դիմաց նրա ինչ Ռուսաստանը արել է Ադրբեջանի համար Հայաստանի հետ հարաբերություններում, Ադրբեջանը, ելնելով Ռուսաստանի՝ Ուկրաինայում նվաճողական գործողություններից, առնվազն ժամանակ է ձգում պայմանագրի կնքման շուրջ»: