Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն են, այժմ տեղի ունեցող փոփոխությունները, Հայաստանում հետգաղութային խոսույթը, Ռուսաստանի շահերը «Զանգեզուրյան միջանցքի» հարցում, այն հարցը, թե արդյոք գոյություն ունի ընդհանուր անվտանգային ճարտարապետություն, և թե արդյոք հայ-ռուսական հարաբերությունները զուտ երկկողմ հարաբերություններ են։
Հաղորդման հյուրերն են Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը: Զրույցը վաչրում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Ալեքսանդր Իսկանդարյան
«Եթե Ռուսաստանը միանշանակորեն սատարում է Ադրբեջանին, ապա անմիջապես կորցնում է Հայաստանը, իսկ հետո, ամենայն հավանականությամբ նաև Ադրբեջանը։ Այսինքն ռուսների հեռացումն այս պահին ձեռնտու չէ ո՛չ հենց ռուսներին, ովչ էլ արցախցիներին։ Արցախի՝ քարտեզի վրայից վերացումն այն չէ, ինչ պետք է։ »։
Արմինե Մարգարյան
«Եթե հարցը երբևէ գնա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, իսկ ըստ իս դա կարող է լինել, եթե Արցախում շատ լուրջ էթնիկ զտում լինի՝ ծանր, կոշտ միջոցներով, ապա, բնականաբար մենք արդեն պետք է գործ ունենանք միջազգային ներկայության հետ, որտեղ Ռուզսաստանը նորից իր ուրույն դերակատարությունն ունենալու է և ըստ իս՝ շահագրգռված կլինի «կիսելու այդ բեռը». Լուծումներից մեկը սա կարող է լինել…
…Ես այստեղ մեկ լուծում եմ տեսնում, որը կարող է բացի Ռուսաստանից մեկ այլ դերակատար նաև իր մեջ ներառել, դա այն պարագայում կլինի, եթե Արցախում լինի կոշտ միջոցներով էթնիկ զտում»։
Արեգ Քոչինյան
«Անկախ նրանից՝ Ռուսաստանը Հայաստանի բնակչության անգամ մեծամասնությանը դուր գալի՞ս է, թե՞ ոչ, միևնույնն է՝ Ռուսաստանը մեր տարածաշրջանում գործոն է և շարունակելու է մնալ գործոն՝ անկախ ռուս-ուկրաինական պատերազմից։ Եվ այդ գործոնի հետ բոլոր պարագաներում պետք է աշխատել»։