Ի պատասխան ՌԴ արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքով կոմունիկացիաների համաձայնությանը՝ Արեգ Քոչինյանը իր հարցազրույցում նշում է, որ խնդիրը Մեղրիով հնարավոր անցնող ճանապարհին ռուսական վերահսկողության մեխանիզմներն են, որոնք կյանքի չեն կարող կոչվել:
Քաղաքագետը Պուտինի այցը Բաքու որակում է լայն քաղաքական կոնտեքստում՝ նշելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման նոր մակարդակը: «Ռուսաստանը վերադիրքավորվում է տարածաշրջանում: Այն իր համար նոր դաշնակից է գտել, որը ալյևս Հայաստանը չէ»: Սա բացատրվում է նրանով, որ առաջինը՝ Ադրբեջանը հարուստ է էներգառեսուրսներով, ավելի կարևոր է լոգիստիկ առումով քան Հայաստանն ու Վրաստանը միասին վերցրած: Երկրորդը՝ կառավարման համակարգով և արժեբանորեն շատ մոտ է Ռուսաստանին ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի: Եվ երրորդը՝ եթե Հայաստանն ու Վրաստանը ընտրել են ԵՄ-ին ուղղված վեկտորը, ապա Ադրբեջանում նման մտադրություններ չկան:
Այն հարցին, թե ինչ մակարդակի վրա է պատերազմի հավանականությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարությունները, ԱՔՀԿ նախագահը պնդում է, որ այն նվազ է համեմատած 2022 թ-ի սրացումների հետ, սակայն նոր սրացումների հավանակությունը վերջինս նույնպես չի բացառում: «Բոլոր աշխատանքները Ադրբեջանի հետ պետք է տարվեն երկկողմ ձևաչափով հնարավոր էսկալացիայի հավանակությունը հնարավորինս նվազեցնելու համար»: