Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման հետգաղութային խոսույթն է Հայաստանում, խորհրդային և բրիտանական կամ ֆրանսիական գաղութատիրության տարբերությունը, այն հարցերը, թե արդյոք այժմյան Ռուսաստանն այս առումով կարելի է նույնականացնել Խորհրդային Միության հետ, արդյոք գաղութատիրությունը միայն բացասական հետևանքներ է բերում, և վերջիվերջո արդյոք Հայաստանն իրեն ընկալում է որպես նախկին գաղութ:
Հաղորդման հյուրերն են քաղաքագետ, դասախոս Միքայել Զոլյանը և քաղաքագետ, անկախ հետազոտող Էդգար Վարդանյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Միքայել Զոլյան
«Մենք ունենք իրավիճակ, որում ըստ էության պետության մի շարք գործառույթներ պետությունը չի կարողանում իրականացնել, որովհետև գտնվում է նեոգաղութային, կամ հետգաղութային կախվածության մեջ, և սա անմիջականորեն վերաբերում է անվտանգությանը»։
Էդգար Վարդանյան
«Հետգաղութային դիսկուրսը կա այն ժամանակ, երբ մարդիկ համարում են, որ իրենք նախկինում եղել են գաղութ։ Եթե այդպես չեն համարում, ուրեմն նրանք այդ դիսկուրսը բնականաբար կժխտեն, առաջ չեն տանի և այլն»։
Արեգ Քոչինյան
«Հայաստանում համակարգված՝ դպրոցի մակարդակի հասած գիտելիք, այսպես ասած հետգաղութային դպրոց չկա, և այս առումով էականորեն հետ ենք բազմաթիվ հասարակություններից, այդ թվում նաև՝ գրեթե բոլոր աֆրիկյան հասարակություններից։ Առաջին հերթին, որովհետև հասարակության մեջ անգամ այդ ընկալումը, որ մենք եղել ենք գաղութ և ըստ այդմ մեզ պետք է հետգաղութային խոսույթ՝ չկա»։