Factor TV-ին տված իր հարցազրույցում ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը խոսել է հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին զարգացումներից՝ նշելով, որ բանակցությունները կհաջողեն, եթե Հայաստանի դիմադրունակությունն ավելանա: «Երկարատև խաղաղությունը հնարավոր է երկու զուգահեռ գործընթացների արդյունքում՝ մի կողմից Հայաստանի դիմադրունակությունն ավելանում է այնքան, որ մեզ հետ կռվելը թանկ է, մյուս կողմից՝ բանակցություններում մեր ասելիքն այնքան արդյունավետ է, որ մեզ հետ խոսելն էժան է»,-նշել է ԱՔՀԿ նախագահը։
Այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը վիճարկում Ալմա-Աթայի հռչակագիրը և երկկողմ բանակցային ձևաչափը, քաղաքագետը նշել է, որ ի հակառակ Հայաստանի և Ադրբեջանի՝ Ռուսաստանի դաշնակիցը հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է, որի հարատև լինելը ձեռնտու է հենց Ռուսաստանին: Անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական գործընթացներին, որին ի պատասխան Ա. Քոչինյանը նշել է. «Տեսականորեն Հայաստանում ընդդիմափոխությունը հնարավոր է և պետք է լինի, բայց դա ենթադրում է բավական լուրջ աշխատանք, որն այս պահին ես չեմ տեսնում՝ որևէ մեկն անում է»: