Հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման գործընթացում հիմնական խոչընդոտն Արեգ Քոչինյանը համարում է անկլավների հարցը, որից երկու կողմերն անընդհատ խուսափում են: «Հաշվի առնելով երկարատև պատերազմը, ատելությունն ու անվստահությունը՝ լավագույն որոշումը կլինի թողնել դրանք այնպես, ինչպես կան: Այնտեղ կառաջանան ավելի շատ խնդիրներ, քան օգուտն է»,-նշում է Արեգ Քոչինյանը:
Քաղաքագետի պնդմամբ՝ Հայաստանը պետք է աշխատի միաժամանակ երկու ուղղությամբ. առաջինը՝ Հայաստանի դիմադրունակության շուրջ, որը կմեծացնի Հայաստանի դեմ պատերազմի արժեքը, երկրորդը՝ երկկողմ բանակցությունների շուրջ, որն էլ իր հերթին կնվազեցնի Հայաստանի հետ համագործակցության և խաղաղության գինը:
Ըստ Արեգ Քոչինյանի՝ քանի դեռ Ռուսաստանն իր քաղաքական մասնակցությամբ և էներգիայով բացակայում է Հրվ․ Կովկասից, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտվեն ստեղծված իրավիճակից՝ տարածաշրջանում դրական տեղաշարժեր ապահովելու համար։ Քանզի հակառակ պարագայում կփակվեն բոլոր այն դռները, որոնք բաց են երկու երկրների համար։
Իսկ այն հարցին, թե արդյոք Հայաստանն իռացիոնալ խաղացող է տարածաշրջանում, քաղաքագետը նշում է, որ այդ քաղաքականությունը Հայաստանում ձևավորվել և շարունակվել է տասնամյակներ ի վեր, որի արդյունքում Հայաստանին առնչվող կարևոր հարցերը քննարկվում էին ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ: