2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խաղի կանոնների մասին 

by RCSP

Ընտրական դաշինքներ

Սույն աշխատանքը մաս է կազմում ընդհանուր վերլուծական շարքի, որտեղ քննարկվելու են Հայաստանի Հանրապետությունում գործող ընտրական և կուսակցական ինստիտուտներն ու պրակտիկաները, դրանց առանձնահատկություններն ու ազդեցությունն այլ քաղաքական ինստիտուտների վրա, հատկապես՝ 2026 թվականի ընտրությունների և առաջարկվող փոփոխությունների համատեքստում։ Այս աշխատանքում ուսումնասիրվելու է Հայաստանում ընտրական դաշինքների երևույթը, դրա կարգավորումների հիմնավորումներն ու հետագիծը, ինչպես նաև լավարկման հեռանկարները։ Աշխատանքում իրավական ակտերն ուսումնասիրելու նպատակով բացի կոնտենտ և իրավիճակային վերլուծության մեթոդներից, կիրառվել են նաև համեմատական, քանակական, նկարագրողական վիճակագրության մեթոդները։

Շուրջ երկու տարի կլինի ինչ օրակարգում է ընտրական օրենսգրքի և ընտրական խաղի կանոնները սահմանող այլ իրավական ակտերի փոփոխությունների նախագիծը՝ նախատեսված առաջին հերթին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։ Վենիտիկի հանձնաժողովը [i] խորհուրդ է տալիս ընտրական փոփոխություններ չկատարել ընտրություններին նախորդող մեկ տարում, որպեսզի ապահովվի հավասար մրցակցային միջավայր։ Ասվածից կարելի է կարծել, որ ընտրական փոփոխությունները պետք է ընդունվեն մինչ 2025 թվականի հունիս ամիսը։

Փոփոխությունները մեծածավալ են, սակայն չեն անդրադառնում գոյություն ունեցող մեկ կարևոր խնդրի՝ ընտրական դաշինքներին։ Այդ խնդիրն անտեսելու ընդհանրական պատճառը, որը հատուկ է Հայաստանում հանրային քաղաքականության մշակմանը, հայեցակարգի բացակայությունն է. հանրային իշխանության հստակ ձևակերպված պատկերացումների բացակայությունը, թե ինպիսին են ուզում տեսնել քաղաքական համակարգը։ Ընտրական փոփոխությունների փաթեթում առաջարկվող փոփոխությունների մասին բացատրություններ կարելի է գտնել, սակայն չկան բացատրություններ այն մասին, թե ինչու որոշ փոփոխություններ չեն կատարվում։ Հայեցակարգի բացակայության պայմաններում կարելի է միայն ենթադրություններ անել պատճառների մասին։ Սակայն, այն, ինչ չի փոփոխվում և քննարկվում, հայեցակարգի բացակայության պայմաններում հասկանալի չէ։ Չի փոփոխվում, որովհետև հանրային իշխանությունը քաղաքական համակարգն այդպիսին է ուզում տեսնել, թե պարզապես ինստիտուցիոնալ իներցիայով այդ խնդիրները ռեֆլեքսիայի չեն ենթարկվում։

Ընտրական դաշինքների ներկա ինստիտուցիոնալ կարգավիճակը

Ընտրական դաշինքները, ըստ էության, ձևավորվում են ընդհանուր գաղափարական, շահերի հիմքի վրա, երբ կուսակցությունները գտնում են, որ համատեղելով ռեսուրսներն իրենց արդյունքն ավելին կլինի, քան առանձին մասնակցության դեպքում։ Հայաստանյան կարգավորումներով՝ ընտրական դաշինքների մասին ասվում է, որ դրանք ձևավորվում են կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ։ Որևէ այլ իրավական լուծումներ ընտրական դաշինքի բովանդակության, կարգավիճակի և կառուցվածքի մասին չկան։ Ընտրական դաշինքն անգամ իրավական սուբյեկտայնություն չունի։ Ընտրական գործընթացներում դաշինքների կատարած խախտումների պատասխանատվությունը հավասարապես բաշխվում է մասնակից կուսակցությունների միջև։

Ընտրական դաշինքների կարգավորման կարևոր մեխանիզմ է անցողիկ շեմը, որը հնարավորություն է տալիս որոշել ընտրովի մարմնում կուսակցությունների ներկայացվածության աստիճանը և ապահովել ժողովրդավարական կառավարումն ու որոշումների արդյունավետ կայացումը։

Հայաստանում առաջին ընտրություններից ի վեր անցողիկ շեմը հարաբերականորեն բարձր է՝ 5%։ Օրենսդիրը, 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից սկսած, որոշեց առանձին՝ ավելի բարձր` 7%-անոց անցողիկ շեմ սահմանել ընտրական դաշինքների համար, որը մինչ այժմ պահպանվում է։ Օրենսդրի տրամաբանությունը հավանաբար հետևյալն է. քանի որ կուսակցությունները համադրում են ռեսուրսները, որի արդյունքում իրենց՝ ձայներ ստանալը հեշտանում է, հետևաբար պետք է առանձին կուսակցությունների նկատմամբ արդարությունն ու հավասարությունն ապահովելու նպատակով հավելյալ (2%-անոց) պահանջ սահմանել։ Դաշինքներ կազմելու, հավելյալ հարկ սահմանելու տրամաբանությունը հիմնավոր և արդյունավետ չէ՝ առանց այդ էլ բարձր անցողիկ շեմի պայմաններում։ Սա հանգեցրել է ընտրական համակարգի ցածր ներկայացուցչականության, անհամամասնականության և մանդատի չվերածված զգալի թվով ձայների։

Ենթադրենք կուսակցությունները համագործակցում ու համադրում են ռեսուրսները, ինչի արդյունքում ստանում են հավելյալ ձայներ և ըստ այդմ տեղեր խորհրդարանում, որոնք չէին ստանա ընտրություններին առանձին մասնակցելու դեպքում։ Սակայն, կուսակցությունները կիսում են այդ ստացած տեղերն իրար միջև, ինչն արդեն առանձին կուսակցության համար հանդիսանում է «բնական հարկ»։ Մինչդեռ, հանրային իշխանությունը սահմանում է դաշինք կազմած կուսակցությունների համար ևս մեկ «արհեստական հարկ», որով, ըստ էության, դաշինքի մաս կազմած կուսակցությունների համար ստեղծում են անհավասար պայմաններ։ Ավելին, հանրային իշխանությունն այսպես կարծես պատժում է քաղաքական համագործակցությունը։

Կուսակցությունների ֆինանսավորումն ու դաշինքները 

Հանրությունում, որտեղ միջանձնային և ինստիտուտների նկատմամբ վստահությունը բավական ցածր մակարդակի վրա է[ii], որտեղ գերակա է հետխորհրդային քաղաքական համակարգերին հատուկ նախագահական ինստիտուտներից բխող ոչ-համագործակցային ինստիտուցիոնալ ժառանգությունը[iii], թվում է, թե քաղաքական համագործակցության ռազմավարությունը խոչընդոտելն ամենարդյունավետ կառավարման մեխանիզմը չէ։

Ընտրական համակարգերի ուսումնասիրություններում առկա է անհամամասնականության ցուցանիշ եզրը, որը արտահայտում է կուսակցությունների ընտրական ձայների և ստացված մանդատների տարբերությունը։ Անհամամասնականության ցուցանիշը 2007 թվականի ընտրություններում երբևիցե ամենաբարձրն էր։ 2007 թվականին ներդրված ընտրական շեմը և կուսակցությունների ոչ պատշաճ ռազմավարությունը հանգեցրին ընտրողների ձայների 25%-ի փոշիացման։ Անհամամասնականության ցուցանիշը բարձր էր խորհրդարանական վերջին երկու ընտրություններում ևս։

 Մյուս ինստիտուցիոնալ լուծումը, որն ավելի է ամրապնդում այն փաստարկը, իբրև թե հանրային իշխանությունը խոչընդոտում է կուսակցությունների համագործակցությանն ու դաշինքների ձևավորմանը, վերաբերվում է կուսակցությունների ֆինանսավորմանը։ Գործող կարգավորումներով (2021 թվականից) պետությունից ֆինանսավորում են ստանում այն կուսակցությունները, որոնք խորհրդարանական ընտրություններում ստացել են ձայների 2%-ը, մինչդեռ կուսակցությունների դաշինքները պետությունից ֆինանսավորում ստանալու համար պետք է հաղթահարեն դաշինքների համար սահմանված 7%-անոց շեմը։ Այս մեխանիզմով ևս հանրային իշխանությունը վանում է կուսակցություններին դաշինքներ կազմավորել։

       Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

  Եզրափակելով առաջիկա ընտրությունների կարգավորումների մասին քննարկումը՝ պետք է նշել հետևյալը՝ 2021 թվականին ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ընտրական շեմը կուսակցությունների համար նախատեսվում է իջեցնել 4%-ի, ինչը խոսում է իշխանության քաղաքական դաշտն ավելի ներառական ու ներկայացուցչական դարձնելու կամքի մասին։ Պատկերը, սակայն, այդքանով ամբողջական չէ․ ըստ այդ փոփոխությունների՝ անցողիկ շեմը մինչև երեք կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում դառնում է 8%, իսկ 4 և ավել կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10%։ Այստեղ կրկին տեսնում ենք, որ դաշինքների համար մրցակցային պայմանները վատթարանում են՝ եղած «արհեստական հարկը» ավելացնելով։ Այս փոփոխությունն անդրադառնալու է նաև դաշինքների պետական ֆինանսավորման հնարավորությունների վրա։

Բացի այդ, ձևակերպումից կարող ենք նկատել, որ այն չի ծածկում երեք կուսակցությունների կողմից կազմվող դաշինքի դեպքը։ Հարկ է նշել նաև, որ ըստ օրենքի՝ այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրվանից, ինչը նշանակում է, որ տեսականորեն, դրանք կարող են երբեք ուժի մեջ չմտնել՝ անընդհատ արտահերթ ընտրություններ անցկացնելու պարագայում։ Իհարկե, վերոնշյալ իրավական տեխնիկայի խնդիրները կարելի է հեշտորեն շտկել, սակայն շատ ցանկալի է, որ այդ շտկումները զուգորդվեն բովանդակային խնդիրների քննարկմամբ։

Ամփոփում

Ամփոփելով՝ պետք է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին նախքան գալիք ընտրությունները քննարկում ծավալել քաղաքական համակարգի կառուցվածքի և ձևի վերաբերլյալ։ Հանրային իշխանությանը՝ հայեցակարգային կերպով ձևակերպել կուսակցական և քաղաքական համակարգի իր պատկերացումները, հստակեցնել դաշինքների իրավական սուբյեկտայնությունը, ապահովել մրցակցային պայմաններ դաշինքների համար։ ՔՀԿ-ներին, կուսակցություններին, մասնագիտական շրջանակներին և հանրությանը՝ օրակարգային դարձնել քաղաքական համակարգի ներառականության, ներկայացուցչականության և համագործակցային դարձնելու հարցը, հետևողականորեն աշխատել այդ սկզբունքների իրացման համար։


[i] Code Of Good Practice In Electoral Matters Guidelines And Explanatory Report, European Commission For Democracy Through Law (Venice Commission), 2002. https://rm.coe.int/090000168092af01

[ii] Haerpfer, C., Inglehart, R., Moreno, A., Welzel, C., Kizilova, K., Diez-Medrano J., M. Lagos, P. Norris, E. Ponarin & B. Puranen (eds.). 2022. World Values Survey: Round Seven – Country-Pooled Datafile Version 6.0. Madrid, Spain & Vienna, Austria: JD Systems Institute & WVSA Secretariat. doi:10.14281/18241.24

[iii] Shvetsova, O., Institutions and coalition-building in post-communist transitions, The architecture of democracy: Constitutional design, conflict management, and democracy, 2002, pp. 55-78

Հեղինակ՝ ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Տիգրան Մուղնեցյան

You may also like

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037