Հայաստանում կուսակցությունների հանրային ֆինանսավորումը

by RCSP

Հանրային ֆինանսավորման ընդհանուր սկզբունքները

Աշխարհում կուսակցությունների հանրային (այսուհետ՝ պետական) ֆինանսավորումը հանրային իշխանությունների՝ պետության և կամ ՏԻՄ-երի կողմից աջակցությունն է, որն ուղղված է կուսակցությունների կայացմանը, զարգացմանը, ինչպես նաև մասնավոր շահերից ու ֆինանսավորումից կախվածության թուլացմանը։ Հանրային ֆինանսավորումը միտված է հավասարակշռել և հավասար մրցակցային դաշտ ապահովել կուսակցությունների համար։ Մյուս կողմից առկա է նաև կուսակցություններին պետական ֆինանսների միջոցով կախվածության մեջ գցելու և պահելու ռիսկը։ Եվրոպական երկրներից միայն երեքում է (Իտալիա, Շվեյացարիա, Բելառուս), որ կուսակցությունները պետությունից որևէ ձևով կամ պայմանով ֆինանսավորում չեն ստանում ։ Հայաստանը նույնպես պատկանում է այն մեծաթիվ երկրների թվին, որտեղ պետությունը կուսակցություններին ֆինանսական աջակցություն է տրամադրում։ Իսկ թե ինչու, ինչ պայմաններով և ինչ արդյունավետությամբ, կքննարկենք ստորև։  

Արդեն քննարկել ենք Հայաստանում կուսակցական համակարգն ու մասնավոր ֆինանսավորումը[i]։ Նորմատիվ առումով Հայաստանում պետությունը ֆինանսավորում է որոշակի հանրային աջակցություն ունեցող և եկամտի այլ էական աղբյուրներ չունեցող կուսակցություններին՝ կենսունակությունն ու ինքնուրույնությունը խթանելու նպատակով։ Այդուամենայնիվ «Կուսակցությունների մասին»  օրենքով սահմանված այս նպատակին առկա կարգավորումներն այդքան էլ չեն նպաստում։

Հայաստանում կուսակցությունների պետական ֆինանսավորման ընդհանուր տվյալները

Հայաստանում կուսակցությունները կարող են պետությունից ֆինանսավորում ստանալ,եթե ԱԺ վերջին ընտրություններում ստացել են առնվազն 2% ձայն։ Մինչդեռ կուսակցությունների դաշինքը պետությունից ֆինանսավորում ստանալու համար պետք է հաղթահարի մանդատ ստանալու անցողիկ շեմը (ներկայումս 7%)։ Վերջինիս խնդրահարույց լինելու և այլ դրույթների[ii] մասին առավել մանրամասն քննարկվել է։ Հայաստանում չնայած արդեն որոշակի ժամանակ կուսակցություններին տրամադրվում է պետական աջակցություն, բայց  ներկա պայմաններով ու կառուցվածքով պետական ֆինանսավորումը գործում է վերջին՝ 2021թ․-ի ընտրություններից։

Վերոնշյալ պայմաններին բավարարող կուսակցությունները հինգն են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Բարգավաճ Հայաստան»ը, «Հանրապետություն»ը և «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստան»ը։ ԱԺ-ում հայտնված «Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները պետական ֆինանսավորում չեն ստանում, քանի որ չեն հաղթահարել անցողիկ շեմը և հայտնվել են ԱԺ-ում երրորդ ամենաշատ ձայն հավաքած ուժը լինելով։

Կուսակցություններին պետությունից տրվող ֆինանսավորման չափը որոշվում է հետևյալ կերպ՝ մինչև 5% ամեն ստացած ձայնի համար կուսակցությունը ստանում է 1000 դրամ, 5%-ից մինչև 20% ամեն ստացած ձայնի համար՝ 500 դրամ, 20%-ից ամեն ստացած ձայնի համար՝ 250 դրամ: Այս բանաձևից ելնելով 2021 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքում պետությունը վերոնշյալ հինգ կուսակցություններին ամեն տարի տրամադրում է ընդհանուր շուրջ 520 մլն ՀՀ դրամ[iii]։

ԿուսակցությունՏարեկան պետական ֆինանսավորում (ՀՀ դրամ)
Քաղաքացիական պայմանագիր 268 մլն
Հանրապետություն 38 մլն
Բարգավաճ Հայաստան 50 մլն
Հայաստան դաշինք 163 մլն

Այն կուսակցությունը, որի ակտիվների արժեքը գերազանցում է նախատեսված ընդհանուր գումարի հնգապատիկը՝ այս դեպքում շուրջ 2,6 մլրդ դրամը, չի ստանում պետական ֆինանսավորում։ Ակնհայտորեն Հայաստանում այս ծավալի ակտիվներ թափանցիկորեն հայտարարագրած որևէ կուսակցություն չկա։ Օրենքը նախատեսում է նաև հետևյալը՝ եթե տարվա կտրվածքով վարձակալության, բանկային ավանդի կամ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչության գործունեությամբ կուսակցության ստացած եկամուտը գերազանցում է պետական ֆինանսավորումը, ապա այդ տարվա համար կուսակցությունը պետությունից գումար չի ստանում։ Նման դեպքեր նույնպես պրակտիկայում չենք հանդիպում։

Հայաստանում կուսակցությունների պետական ֆինանսավորման կառուցվածքը

Հայաստանում պետության ֆինանսավորումն ունի  երկու բաղադրիչ՝ ընդհանուր և նպատակային ։

Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է պետական ֆինանսավորման 60%-ը և տրվում է կուսակցություններին ուղղակիորեն՝ առանց որևէ նախապայմանի։ Մնացած 40%-ը քաղաքականություն մշակողները որոշել են կուսակցություններին տրամադրել տարվա կտրվածքով հետևյալ 3 նախապայմաններին բավարարելու դեպքում։

  • Կուսակցության ղեկավար մարմնում սեռերի հավասար ներակայացվածության դեպքում տրվում է 20% պետական նպատակային ֆինանսավորում, եթե ներկայացված սեռի ներկայացուցիչների նվազ թիվը գերազանցում է ղեկավար մարմնում 40%-ը, տրվում է 10% պետական նպատակային ֆինանսավորում, եթե ներկայացված սեռի ներկայացուցիչների նվազ թիվը կազմում է 20-40%:
  • Մարզերի առնվազն կեսում տարածքային ստորաբաժանումներ ունենալու դեպքում տրվում է 10% պետական նպատակային ֆինանսավորում:
  • Կուսակցության գաղափարախոսության, ծրագրային նպատակների և հանրային քաղաքականության հարցերի մասին հետազոտություններ իրականացնելու և հրապարակելու դեպքում տրվում է 10% պետական նպատակային ֆինանսավորում:

Օրենսդիրը որոշել է, որ վերոնշյալ երեք ուղղություններն առաջնահերթ են կուսակցական համակարգում զարգացնելու համար և նպատակային ֆինանսավորումը կուսակցությունների կողմից պետք է ծախսվի այդ ուղղություններով։ Կուսակցություններն իրենց տարեկան հաշվետվություններում ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն են ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ), ինչի եզրակացության հիման վրա տրամադրվում է նպատակային ֆինանսավորումը։  Հատկանշական է, որ մասնագիտական քննարկումներում նշվում է, որ Հայաստանը միակ երկիրն է, որ ունի այս բաղադրիչները, որպես պետական ֆինանսավորման պայման։ Այդուամենայնիվ ԿԿՀ նախաձեռնությամբ 2021-ից մինչ այժմ օրենսդրական բացառություններ են սահմանվում, ինչի արդյունքում կուսակցությունները նպատակային ֆինանսավորում են ստանում առանց վերոնշյալ պայմանների համապատասխանության ստուգման։ ԿԿՀ-ն սա հիմնավորում է ստուգման գործընթացի բարդությամբ։ Վերջին պնդումն այդքան էլ հիմնավոր չէև գնահատել տարվա կտրվածքով 5 կուսակցության մի քանի տվյալի արժանահավատություն,մարմնի վարչարարական կարողությունների տիրույթում է։

Պետական ֆինասնավորման վերանայման կարևորությունը

Կուսակցությունների համար պետական ֆինանսավորումը իրենց ընդհանուր ֆինանսների զգալի մասն է կազմում։ Սակայն ի տարբերություն մեծամասամբ այլ կուսակցությունների, պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունները կարողանում են նաև մասնավոր եղանակով ֆինանսավորում հայթայթել։ Ներկա կարգավորումները  կուսակցությունների միջև ստեղծում են անհավասարության խորացման շղթա։ Կուսակցությունները, որոնք ինչ-ինչ հանգամանքներով ավել ֆինանսական կարողություններ ունեն(ՔՊ, ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ և այլն),  օգտագործելով դրանք, հավաքում են բավար չափով ձայներ պետական ֆինանսավորում ստանալու համար։ Պետական ֆինանսավորումն այս կուսակցություններին ընտրապայքարում զգալի ֆինանսական առավելություն է տալիս, ինչի արդյունքում այդ կուսակցությունները կրկին հավակնում են պետական ֆինանսավորման։  Այսպիսով, ներկա կարգավորումները որոշակի հարստություն ունեցող կուսակցություններին ավելի են հարստացնում և մրցակցային դարձնում՝ խորացնելով կուսակցությունների միջև անհավասարությունը։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում կուսակցությունները զրկվում են պետական ֆինանսավորում ստանալու հնարավորությունից, եթե քարոզարշավի ընթացքում ծախսերն անցնում են որոշակի շեմը։ Այլ կերպ՝ եթե կուսակցությունը կարող է զգալի գումար ծախսել իր քարոզարշավի համար, ուրեմն այդ կուսակցությունը պետությունից ֆինանսավորման կարիք չունի։ ԱՄՆ-ում, բացի վերոնշյալ մեխանիզմից, նաև առկա է այն հնարավորությունը, որով ֆիզիկական անձինք տարեվերջին իրենց հարկերի 1%-ը կարող են ուղղել քաղաքական և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորմանը։ 

Հայաստանում կարելի է վերոնշյալ սկզբունքների հիման վրա բարեփոխել գործող համակարգը։ Նպատակային ֆինանսավորումը վերաբերվում է միայն ընդհանուր ֆինանսավորում ստացող կուսակցություններին, այնինչ նախանշված երեք ուղղությունների զարգացումը կարևոր է կուսակցական համակարգի համար։ Ըստ այդմ կարելի է նպատակային ֆինանսավորումը բաշխել այդ պայմաններին բավարարող և այլ չափանիշներին համապատասխանող մնացած կուսակցությունների միջև ևս։

Ամփոփում

Ամփոփելով, պետք է շեշտել կուսակցությունների պետական ֆինանսավորման համակարգի վերաբերյալ երկու դրույթ։ Անկախ կարգավորումների բովանդակությունից, դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով հարկավոր է ուժեղացնել իրավական վերահսկողությունը։ Եվ հարկավոր է համակարգը բարեփոխել այնպես, որ այն չնպաստի կուսակցությունների միջև անհավասարության մեծացմանը, այլ ընդհակառակը զարգացնի կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ միջավայրն ու երաշխավորի հավասար մրցակցային պայմաններ։


[i] https://rcsp.am/entry/5290/kusakcakan-hamakargi-yndhanur-nkaragiry/

[ii] https://rcsp.am/entry/4697/2026-tvakani-xorhrdaranakan-yntrutyunnerin-yndaraj-xaghi-kanonneri-masin/

[iii] https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/GV1B-94CB-97C3-6658/178.1.pdf

Հեղինակ՝ ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Տիգրան Մուղնեցյան

You may also like

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037