Նախաբան
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը շատ տարածաշրջաններում է ստեղծել անորոշություններ։ Քաղաքական դաշտում ԱՄՆ 45-րդ և շուտով 47-րդ նախագահն առավել հաճախ բնորոշվում է որպես անկանխատեսելի գործիչ։ Այսօր դա էլ ավելի է ընդգծվում՝ հաշվի առնելով, որ հանրապետականները կարողացել են իրենց դիրքերը պահել Ներկայացուցիչների պալատում և մեծամասնություն են ստացել նաև Սենատում։ Դա նշանակում է, որ առաջիկա առնվազն 2 տարվա ընթացքում Թրամփը Կոնգրեսում այս կամ այն նախաձեռնության հետ կապված որևէ լուրջ խնդրի չի բախվի։
ԱՄՆ ընտրությունների նկատմամբ մեծ էր ուշադրությունը նաև Հայաստանում։ Հաշվի առնելով վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունների աննախադեպ ակտիվությունը, ինչպես նաև ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի զսպման հարցում՝ հայկական կողմի համար էական կարևորություն ունի, թե ԱՄՆ հաջորդ վարչակազմը ինչպիսի քաղաքականություն կորդեգրի տարածաշրջանի նկատմամբ ։
Ի՞նչ սպասել
Թե արտաքին քաղաքական ինչ առաջնահերթություններ կորդեգրի Թրամփի վարչակազմը, դեռ լիովին հստակ չէ։ Սակայն նրա նախագահության նախորդ շրջանի, նախընտրական հայտարարությունների և ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների համադրությունը հնարավորություն է տալիս առանձնացնել տարբեր գործոններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են ազդել տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության վրա։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։
- Արտաքին քաղաքականության ոլորտում Թրամփի մոտեցումները որակվում են որպես «մեկուսացման»։ Նա հակված է նվազեցնել ԱՄՆ ներգրավվածությունը տարբեր հակամարտություններում և անգամ միջազգային կառույցներում։ «Համաշխարհային ոստիկանի» դերակատարման փոխարեն նա առաջնորդվում է «America First» բանաձևով, որի շրջանակում առաջնայինն ԱՄՆ շահերն են։ Հաշվի առնելով այս ամենը՝ չենք կարող բացառել, որ 2025 թվականի հունվարի 20-ից ականատես կլինենք տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածության թուլացման։ Դա իր հերթին մարտահրավեր կլինի երկկողմ գործակցության, ընթացիկ ծրագրերի և տարբեր պայմանավորվածությունների համար։
- Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածության և ուժային հավասարակշռության վրա կարող է ազդել նաև Ուկրաինայի հակամարտության հանգուցալուծումը, ինչի անհրաժեշտության մասին քանիցս բարձրաձայնել է նաև Թրամփը։ Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այդ պատերազմը, այն հանգեցնելու է մեր տարածաշրջաններում ՌԴ ակտիվացման և իր դիրքերի վերականգնման փորձերի։ Իսկ դա, անխուսափելիորեն բերելու է ԱՄՆ և ԵՄ ներգրավվածության թուլացման։ Հաշվի առնելով տարբեր ոլորտներում Ռուսաստանից ունեցած կախվածությունը՝ Հայաստանն այս առումով խոցելի է։
- Տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության համատեքստում առանցքային է Իրանի գործոնը։ Իր նախագահության առաջին ժամկետում Թրամփը Թեհրանի նկատմամբ որդեգրել էր «առավելագույն ճնշման քաղաքականությունը»՝ միակողմանիորեն դուրս գալով միջուկային գործարքից և ընդլայնելով պատժամիջոցները։ Նախագահի պաշտոնի համար այս մրցապայքարում ևս Իրանի վերաբերյալ նրա հռետորաբանությունն աչքի է ընկել կոշտությամբ։ Իսրայել-Իրան վերջին լարվածության ֆոնին՝ Թրամփը Բենիամին Նեթանյահուին անգամ խորհուրդ էր տալիս հարվածել իրանական միջուկային օբյեկտներին։
Վերադառնալով Սպիտակ տուն, Թրամփը կկոշտացնի Իրանի նկատմամբ քաղաքականությունը, առաջին հերթին խստացնելով պատժամիջոցները։ Միևնույն ժամանակ, Իսրայելին Թրամփի անվերապահ աջակցությունը կարող է մեծացնել Իսրայել-Իրան ուղիղ և առավել մեծամասշտաբ առճակատման ռիսկերը։ Նման սցենարի դեպքում Վաշինգտոնի համար Իրանի անմիջական հարևանությամբ գտնվող Ադրբեջանի դերակատարումը կարող է մեծանալ՝ հաշվի առնելով մի կողմից Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա խորքային խնդիրները, մյուս կողմից՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործակցությունը։
Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության կոշտացումը զգալիորեն կսահմանափակի հայ-իրանական գործակցության հնարավորությունները։ Բացի դրանից, այն կարող է խաթարել Իրանի դերակատարումը Հարավային Կովկասում կայունության ապահովման և Ադրբեջանին զսպելու հարցում, ինչը հավելյալ մարտահրավերներ կստեղծի Հայաստանի համար։
Նախաձեռնողականությունը՝ որպես հնարավորություն
Հաշվի առնելով առկա իրողությունները և հնարավոր մարտահրավերները՝ կարևոր է, որ հայկական կողմը ցուցաբերի նախաձեռնողականություն՝ ամերիկյան նոր վարչակազմի հետ կապերի հաստատման և հայկական օրակարգի առաջմղման հարցում։ Այդ առումով անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հանգամանք։
- ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորման, նրա արտաքին քաղաքականության գերակայությունների հստակեցման համար կպահանջվի առնվազն մի քանի ամիս։ Անհրաժեշտ է, որ հայկական կողմն այդ ժամանակն օգտագործի հնարավորինս արդյունավետ՝ փորձելով հաղորդակցության ֆորմալ և ոչ ֆորմալ խողովակներ հաստատել Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Այս առումով կարևոր էր նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի և ԱՄՆ ընտրված նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։ Հաղորդակցության խողովակների ձևավորման, ՀՀ շահերի առաջմղման տեսանկյունից կարևոր ազդեցություն կարող է ունենալ նաև Թրամփի վարչակազմում, Կոնգրեսի երկու պալատների առանցքային պաշտոններում՝ նախկինում հայամետ դիրքորոշումներ ունեցող գործիչների նշանակումը։ Արդեն իսկ շրջանառվող թեկնածուների շարքում կան հայկական համայնքի հետ կապեր ունեցող նման գործիչներ։
- Բայդենի վարչակազմի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացել են աննախադեպ մակարդակի՝ թե օրակարգի, թե երկկողմ շփումների մակարդակով։ 2024 թվականի հունիսին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ երկկողմ հարաբերություններում ներկայիս ռազմավարական երկխոսությունից անցում կատարել ռազմավարական գործընկերության։ Բավական կարևոր է, որ այդ անցումը տեղի ունենա գործող վարչակազմի օրոք՝ մինչև հունվարի 20-ը։ Հակառակ դեպքում այդ գործընթացը լավագույն դեպքում կարող է ձգձգվել ամիսներ, իսկ վատագույն դեպքում՝ կասեցվել։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրագրումը կարող է նպաստել ամերիկյան շահերի քարտեզի վրա Հայաստանի դիրքերի ամրապնդմանը։
- Աշխարհում հակամարտություններին վերջ դնելու գաղափարը Թրամփն ակտիվորեն բարձրաձայնել է իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընտրությունից հետո իր առաջին հաղթական ելույթում ևս նա արձանագրել է, որ «չի պատրաստվում պատերազմներ սկսել, հակառակը՝ մտադիր է վերջ տալ պատերազմներին»։ Հաշվի առնելով այս մոտեցումը՝ ցանկալի է քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Թրամփի հետաքրքրության առարկա դարձնելու ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը Թրամփի՝ թեկուզ խորհրդանշական մասնակցությամբ, կարող է բավական լուրջ քաղաքական դիվիդենտներ բերել նրան՝ օգնելով կերտել «խաղաղարարի» կերպարը։ Գործընթացի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմի հետաքրքրվածությունը կարող է նպաստել Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելուն և խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացմանը։
- Եթե Բայդենի վարչակազմի համար միջազգային գործակցության շրջանակում առաջնային էին ժողովրդավարական արժեքները, Թրամփի դեպքում առաջին պլան են մղվելու տնտեսական շահերը: Այս տեսանկյունից, իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը հայկական կողմի համեմատ ունեն զգալի առավելություններ։ ԱՄՆ նոր վարչակազմի համար Հայաստանի տնտեսական գրավչության մեծացման տեսանկյունից կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ունի ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև միջազգային լոգիստիկ կարևորություն: Այն կարող է դառնալ Կենտրոնական Ասիան արտաքին շուկաներին կապող այլընտրանքային երթուղու մաս, որն այդ տարածաշրջանի երկրներին հնարավորություն կտա թուլացնել լոգիստիկ կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից, ինչը բխում է նաև ԱՄՆ աշխարհատնտեսական շահերից։
- Նոր վարչակազմի հետ հաղորդակցության և գործակցության զարգացման հարցում կարևոր են նաև արժեքային հիմքերը։ Դեմոկրատական վարչակազմի դեպքում հայ-ամերիկյան հարաբերությունները խարսխված էին ժողովրդավարության արժեքների ու սկզբունքների վրա, Հանրապետական վարչակազմի համար առաջնային պլան են մղվելու տնտեսական շահերը և քրիստոնեությունը։ Հանրապետականների օգտին քվեարկողների 10-ից 8-ն իրեն համարում է քրիստոնյա, ինչը չի կարող չազդել նաև այդ ուժի քաղաքական առաջնահերթությունների վրա։ Այս առումով հատկանշական է, ընտրությունից մի քանի օր առաջ Արցախի էթնիկ զտման վերաբերյալ Թրամփի գրառումը, որում նա խոստանում էր «պաշտպանել հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, և վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Բացի դրանից նա զանգահարել էր նաև Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։ Թեև այդ քայլերը քարոզչության մաս էին կազմում, այնուամենայնիվ պարունակում են որոշակի ուղենիշեր՝ ԱՄՆ հաջորդ վարչակազմի հետ երկխոսության կառուցման համար։
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Թրամփի նախագահությունը Հայաստանի համար կարող է ստեղծել ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ, որոնց ճիշտ հաշվարկը և համարժեք գործողությունները կարող են նպաստել Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը։
Լուսանկարը՝ Axios կայքէջից
Հեղինակ՝ ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյան