Հոդվածի առաջին մասը՝ այստեղ
Հայ-ադրբեջանական սահմանին կից ամեն մի անկլավ ունի իր յուրահատկությունները։ Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուրի հետ կապված խնդիրները:
Վերին Ոսկեպար (Յուխարը Ասկիպարա).
Հայաստանի ներսում ադրբեջանական նախկին ամենախոշոր անկլավն է (26 կմ² մակերեսով), որի տարածքի մեծ մասը ծածկված է անտառով: Անկլավի ներսում ադրբեջանական փոքր նույնանուն գյուղը, որի բնակչությունը 1980-ականների վերջին մոտ 500 հոգի էր, հիմնադրվել էր 19-րդ դարի կեսերին, ներկայիս Ղազախի շրջանի մի քանի ադրբեջանական գյուղերից տեղափոխված բնակիչների կողմից: Անկլավի վերադարձն Ադրբեջանին հիմնականում խնդիրներ կստեղծի Ոսկեպար գյուղի համար, որը կզրկվի բուն անկլավի տարածքում յուրացված արոտավայրերից, ջրային ռեսուրսների մի մասից, ինչպես նաև ամենահարմար և կարճ ճանապարհից դեպի լեռնային արոտները: Եթե այսպես կոչված «Ոսկեպարի եռանկյունու» հարցում նույնպես վերադարձ լինի խորհրդային շրջանի սահմաններին, գյուղը հայտնվելու է երկու կողմով Ադրբեջանի տարածքով սահմանափակված նեղ պարանոցի մեջ, ինչը գյուղի բնականոն կյանքի համար խոչընդոտներ կստեղծի:
Անկլավի արևելյան սահմանին կից, բայց ՀՀ տարածքով անցնում է Վրաստանից Հայաստան մտնող մայրուղային DN1000 գազատարը։
Թեև հաճախակի հիշատակումներ են լինում՝ կապված այն հարցի շուրջ, որ տվյալ անկլավի տարածքով է անցնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի հատվածը, սակայն այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը և այդ ճանապարհի 4 կտորներ (ընդհանուր երկարությունը՝ մոտ 1,9 կմ) անցնում են «Ոսկեպարի եռանակյունիով»: Այստեղ վստահ լինելով, որ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ ՀՀ-ի Բերքաբերի ջրամբարից հյուսիս գտնվող «եռանկյունու» վերադարձի հարցում, ինչը նաև հստակ էր նրանից, որ «չորս գյուղերի սահմանազատման» ընթացքի ժամանակ շրջանցեց այս հատվածը, և, հավանաբար, գնալու է փոխանակման «Ոսկեպարի եռանկյունու» հետ (թեև նշված հատվածների մակերեսները տարբեր են՝ հայկական «եռանկյունին» ջրամբարից հյուսիս, եթե հաշվենք ջրային մակերեսի հետ միասին, մոտ 7-7,3 կմ², ադրբեջանականը հայկական վերասկողության տակ՝ 4,5 կմ²), այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայկական կողմը նույնպես պետք է գոնե գրունտային այլընտրանքային լուծումներ ունենա այդ հատվածում: Ավելի ծախսատար տարբերակն Աճարկուտ գյուղի հատվածից մոտ 3 կմ երկարությամբ թունելի կառուցումն է դեպի Ոսկեպար գյուղ, որը երկարաժամկետ առումով արդարացված է, քանի որ միջպետական ճանապարհ նշված հատվածով երթևեկությունը կհեշտացնի ու կարագացնի, մյուս կողմից, նոր ճանապարհը հնարավորություն կտա զարգացնել Աճարկուտից վերև գտնվող Առաքելոց ու Կիրանցի վանքերի տուրիստական պոտենցիալը: Առաջինը 2025 թ.-ին հայտնվել է Եվրոպական 7 ամենավտանգված հուշարձանների ցանկում:
Մեկ այլ պնդում, որ անկլավի արևտյան սահմանը Լոռու ու Տավուշի մարզերը բաժանող լեռնաշղթան ու գլխավոր բարձունքներն են, նույնպես իրականության խեղաթյուրում է: Անկլավն ամբողջովին գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան լանջերին, Գուգարաց լեռնաշղթայի ջրբաժան գծի իշխող բարձրունքներից (որոնք ամբողջովին ՀՀ տարածքում են) ցածր:

Քարտեզ 1․ Ոսկեպար գյուղը Վերին Ոսկեպար անկլավի և «եռանկյունու» միջև՝ խորհրդային շրջանի վարչական սահմաններով
Սոֆուլու—Բարխուդարլը
Այս անկլավը գտնվում է Աղստև գետի հովտում և ենթակառուցվածքների առումով ամենաբարդ պատկերն է ներկայացնում: Անկլավի տարածքը 9,87 կմ² է: Անկլավի տարածքով խորհրդային տարիներին անցնում էր Իջևան-Ղազախ մայրուղին և երկաթուղին, ինչպես նաև անցնում է Իջևանի տարածաշրջանից Բերդի տարածաշրջան տանող հիմնական մայրուղին (թեև արդեն կա նաև այլընտրանքայինը):
Միաժամանակ անկլավի տարածքում է գտնվում խորհրդային տարիներին Կայան երկաթուղային կայարանին կից կառուցված Կայան բնակավայրը, ինչպես նաև «Բենտոնիտ» գործարանին կից կառուցված Ազատամուտ բնակավայրի բազմահարկ բնակարանների և ենթակառուցվածքների փոքր մասը: Սա, թերևս, խորհրդային վարչական սահմանների ու քաղաքականության բարդության լավագույն դրսևորումներից է՝ ՀԽՍՀ-ի ներսում գտնվող Խորհրդային Ադրբեջանին պատկանող անկլավի մեջ կար ադրբեջանական երկու գյուղ (Սոֆուլու և Բարխուդարլը), հայկական ավան (Կայան) և մյուս ավանի (Ազատամուտ) մի փոքր մասը:

Քարտեզ 2․ Սոֆուլու-Բարխուդարլու անկլավի տարածքում գտնվող հայկական Ազատամաուտ բնակավայրի բնակելի հատվածի մի մասը (1) և Կայան ավանը (2)
Անկլավի՝ Ադրբեջանին վերադարձնելու դեպքում, ըստ կողմերի ընդունած կանոնակարգի, որը ենթադրում է սահմանի օպտիմիզացիան ըստ սահմանային բնակավայրերի կարիքների, Կայան և Ազատամուտ գյուղերին պատկանող տարածքը (մոտ 25 հա (0,25 կմ²) մակերես) պետք է դուրս մնա անկլավի տարածքից և մնա ՀՀ-ի կազմում:
Նաև, անկլավի վերադարձի պայմաններում Իջևան-Բերդ մայրուղու անկլավով անցնող հատվածը պետք է տեղափոխել շրջանցող այլ ուղիով՝ Դիտավան-Այգեհովիտ գծով, ընդ որում, շրջանցող հատվածը երկարությամբ չի տարբերվելու ներկա տարբերակից (մոտ 7,5 կմ): Այլընտրանքային ճանապարհի ուղու վրա է գտնվում Սրվեղի միջնադարյան վանքը, որը տուրիստական կարևոր ուղղություն կարող է դառնալ:
Տիգրանաշեն (Քյարքի)
Տիգրանաշենն ամենափոքրն է բոլոր անկլավների մեջ, և նրա տարածքը 8,13 կմ² է, հիմնականում չոր, ժայռոտ ու բուսականությունից զուրկ մակերեսով: Անկլավի տարածքով անցնում է միջպետական Մ-2 Հայաստան-Իրան մայրուղու (կառուցվել է 1960-ականներին) 4,5 կմ հատվածը:
Նախկին անկլավային բոլոր բնակավայրերից անկլավը միակն է, որը բնակեցված է, հիմնականում Ադրբեջանի տարբեր հատվածներից հայ փախաստականներով: Պատճառներից մեկն այն է, որ այն անցել է հայկական վերահսկողության տակ 1990 թ. հունվարին, երբ մարտերը հիմնականում մանր տրամաչափի հրազենային զենքով էին և բնակարանային ֆոնդն այն աստիճանի չի վնասվել, ինչպես հետագա՝ 1992-1994 թթ. ռազմական գործողությունների ընթացքում:
Անկլավի տարածքով հոսում է Բիրալիչայ գետակը, որը, սակայն, ամռանը չորանում է, իսկ վերին հատվածը հայկական կողմում է՝ հետևաբար, նույնիսկ ջրի առկայության պարագայում, այն կարող է կառավարվել ՀՀ-ի կողմից: Սեփական ջրային ռեսուրսների անբավարարությունն անկլավի լրջագույն խնդիրն է լինելու Ադրբեջանին վերադարձնելու պարագայում: Այն ամբողջովին կախված է լինելու արտաքին մատակարարումից և ենթակառուցվածքներից, որոնք պետք է անցնեն ՀՀ տարածքով:

Քարտեզ 3․ Քյարքին (Տիգրանաշենը)՝ 1981 թ. խորհրդային բանակի Գլխավոր շտաբի քարտեզի տվյալներով
Թեև հաճախակի հնչում են կարծիքներ, որ անկլավի տարածքով Մ-2 միջպետական ճանապարհը միակն է, որով Հայաստանը կապվում է Սյունիքի և Իրանի հետ, կա երկու այլ ասֆալտապատ ճանապարհ ևս՝ Վեդի-Լանջառ (43 կմ, որը դժվարանցանելի է բեռնատարների համար), ինչպես նաև միջպետական Մ-10 Սևան-Մարտունի-Վայոց Ձոր ճանապարհը:
Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու ծրագրով կառուցվելիք մայրուղին պետք է շրջանցի անկլավը, հետևաբար անկլավի տարածքով անցնող ճանապարհի կարևոր տրանսպորտային դերը ժամանակավոր է, իսկ դրա նշանակության վերաբերյալ մոտեցումները՝ ուռճացված: Քանի որ անկլավը շրջանցող ճանապարհը կարող է անցնել միայն ավելի բարդ տեղանքով և ենթադրում է թունելների և էստակադաների կառուցում, կարծում եմ, որ լուծման լավագույն տարբերակը կլիներ անցումը Հյուսիս-Հարավ ճանապարհի Զովաշեն-Սուրենավան հատվածի շինարարությանը, որ ստեղծվելիք լուծումը մշտական լինի:

Քարտեզ 4․ Տրանսպորտային հաղորդակցությունները Տիգրանաշենի հատվածում
🟥Վեդի-Լանջառ ճանապարհը՝ 43 կմ,
🟧 Նույն ուղին Տիգրանաշենի տարածքով՝ 43,5 կմ
🟩Հյուսիս-Հարավ ճանապարհի անկլավը շրջանցող հավանական հատվածը
Արծվաշեն
Արծվաշենը և՛ տարածքով, և՛ նախկին բնակավայրի բնակչությամբ ամենախոշորն է բոլոր անկլավների մեջ: Անկլավի տարածքը հարուստ է արոտով, որն օգտագործվում է հարևան ադրբեջանական գյուղերի բնակիչների կողմից, և ջրային ռեսուրսներով՝ Խաչիջուր գետի մաս կազմող բազմաթիվ գետեր և աղբյուրներ (առնվազն 23): Անկլավի հարավ-արևմտյան հատվածում կա նաև ջրամբար, որը կառուցել է ադրբեջանական կողմը օկուպացիայից հետո, ինչը ևս ադրբեջանական կողմի համար անկլավի ջրային ռեսուրսների կարևոր նշանակության ցուցիչ է:

Քարտեզ 5․ Արծվաշենի հարավ-արևելյան հատվածում կառուցված ջրամբարը
Արծվաշենի տարածքով է անցնում միակ գործող ճանապարհը, որ կապում է Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Շընըխ-Այրում ենթաշրջանի 26 գյուղերը (ընդհանուր 10-12 հզ. բնակիչ, մոտ 130-140 կմ²) շրջկենտրոնի հետ: Նույն ճանապարհից օգտվում են նաև Թովուզի շրջանի հարևան գյուղերը: Անկլավը շրջանցող ճանապարհները շատ ավելի անհարմար են և անցնում են խիստ լեռնային տարածքով: Հենց այդ բնակավայրերի կիսաբլոկադային պայմաններն են եղել պատճառը, որ 1992 թ. օգոստոսի 8-ին Արծվաշենի հարևան ադրբեջանական գյուղերի բնակիչներն ակտիվ մասնակցել են հայկական անկլավի գրավման ռազմական գործողություններին:

Քարտեզ 6․ Գետաբեկի շրջանի Շընըխ-Այրում ենթաշրջանը (1), որի կապը շրջկետրոնի հետ կտրվում է Արծվաշենը (2) Հայաստանին վերադարձնելուց հետո
Ադրբեջանական աղբյուրներում հաճախակի նշվում է, որ անկլավը հեռու է Հայաստանից մոտ 30 կմ-ով, մինչդեռ ուղիղ գծով ՀՀ սահման-անկլավ հեռավորությունը 3,3 կմ է, իսկ նախկին մայրուղիով՝ 3,9 կմ:

Քարտեզ 7․ Արծվաշենը՝ ըստ խորհրդային բանակի Գլխավոր շտաբի 1988 թվականի քարտեզի
Թեև ադրբեջանական պաշտոնական խոսույթում և վերլուծական դաշտին բնորոշ է այն պնդումը, որ ի տարբերություն Հայաստանի ներսում ադրբեջանական անկլավների, Արծվաշենը չունի ռազմավարական դիրք, անկլավի հարևան ադրբեջանական գյուղերի բնակիչները կտրուկ դեմ են անկլավի վերադարձին Հայաստանին, իսկ ադրբեջանալեզու հրատարակություններում նշվում է անկլավի ռազմավարական դիրքի, կարևոր բարձունքների, որ իշխում են հարևան ենթաշրջանի նկատմամբ, ինչպես նաև տարածքի գյուղատնտեսական նշանակության մասին:
Անկլավների հետ կապված հնարավոր լուծումները
Թեև անկլավների վերադարձը կողմերին, ում նրանք պատկանել են խորհրդային տարիներին, ընդունելի լուծումներից մեկն է և հայկական կողմը պետք է պատրաստ լինի նաև այդ սցենարին, այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները այլևս ոչ թե վարչական են, այլ պետական, նման լուծումը բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու թե՛ անկլավներում բնակություն հաստատած բնակչության, թե՛ անկլավներին հարող բնակավայրերի և կոմունիկացիների համար:
Քանի որ անկլավների նախկին բնակիչները 1990-1992 թթ.-ից հետո վերաբնակվել են «մայր» երկրների այլ հատվածներում և արդեն ադապտացվել են նոր պայմաններում, կարծում եմ, որ միայն այդ բնակչության փոքր մասը ցանկություն կունենա վերադառնալ և ապրել նոր պայմաններում (մեծ սերունդը), ինչը ժամանակի ընթացքում ենթադրում է գրեթե անմարդաբնակ, ծախսատար հատվածներ, որոնց հիմնական բնակչությունը սահմանապահ ուժերն են լինելու: Անկլավը սնուցող բոլոր ենթակառուցվածքները պետք է անցնեն հարևան երկրի տարածքով և դրանց կառուցումը, վերանորոգումը և վթարներից հետո սպասարկումը ենթադրում է բարդ իրավական գործընթաց: Փոքր բնակչություն ունեցող անկլավների համար սուր են լինելու նաև բժշկական, փաստաթղթային և այլ ծառայություններին մուտք ունենալը: Լավագույն լուծումը, տվյալ պայմաններում, կարող է լինել կատարված փոխանակման ամրագրումը սահմանազատման ընթացքի վերջում՝ հանելով այդ թեման հանրաքվեի եռանկյունիների և այլ փոխանակվող հատվածների հետ միասին ընդհանուր փաթեթով:
Արծվաշենի և ադրբեջանական անկլավների մակերեսների տարբերությունը (մոտ 6 կմ²) կարող է կոմպենսացվել Ոսկեպարի հատվածում «եռանկյունիների» փոխանակմամբ (հայկական «եռնակյունին» մեծ է ադրբեջանականից մոտ 2-2,5 կմ²), ինչպես նաև Վազաշեն և Պառավաքար գյուղերի հատվածում ՀՀ տարածքի մի քանի հատվածների փոխանցմամբ Ադրբեջանին (որոնք ներկայումս նույնպես ադրբեջանական օկուպացիայի տակ են), որով այդ հատվածների ադրբեջանական գյուղերը (Բալա Ջաֆարլի, Թաթլը, Քյոհնաղշլաղ) կապվում են «մայր երկրի» հետ: Միաժամանակ, քանի որ անկլավների ու դրանց տարածքով անցնող կոմունիկացիաների թեման շահարկվում է ադրբեջանական կողմից, Հայաստանից ոչ համարժեք զիջումներ ստանալու համար (թեև Արծվաշենի վերադարձի մեջ շահագրգռված չի նաև ադրբեջանական կողմը), հայկական կողմը պետք է լուծի բոլոր խնդիրները, որոնք կապված են անկլավների տարածքով անցնող ենթակառուցվածքների և կոմունիկացիների հետ և զրկի ադրբեջանական կողմին շանտաժի գործիքից: Կարևոր է, որ այս շեշտադրումները լինեն նաև հայկական պաշտոնական և տեղեկատվական խոսույթում:
Սամվել Մելիքսեթյան