Երբ 2021թ․ ապրիլի 24-ին և դրանից հետո ևս 3 անգամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր խոսքում արտասանեց «ցեղասպանություն» բառը, շատերի կարծիքով՝ սա հավասար էր ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչմանը։ Այն ժամանակներում առավել սթափ գնահատականներն առ այն, որ պետության նախագահի կողմից արտահայտված տերմինն ընդամենը հոգեբանական նշանակություն ունի, կորչում էին ընդհանուր խանդավառության մեջ։ Այնինչ Բայդենի քառամյա կառավարման ընթացքում ԱՄՆ վարչակազմն այդպես էլ որևէ փաստաթուղթ չընդունեց կամ որոշում չկայացրեց, որը կբխեր «հայոց ցեղասպանություն» տերմինի տրամաբանությունից։
2025թ․ սկզբին Թրամփի վերադարձն ինքնին նշանակում էր այս հարցում ևս վերադարձ նախկին տերմինաբանությանը։ Ինչպես և սպասվում էր, 2025թ․ ապրիլի 24-ի իր ուղերձում Թրամփն արտասանեց «Մեծ եղեռն» բառակապակցությունը։ Ինչպես նախորդ 4 տարվա նախագահության ընթացքում, այնպես էլ այժմ, նա կրկնեց նախկին նախագահ Օբամայի կողմից առաջին անգամ օգտագործված այս տերմինը։ Այն ժամանակին գնահատվել էր որպես «երկու կողմերին էլ չբավարարելու, բայց որևէ մեկին չնեղացնելու» քաղաքական ակտ։ Թրամփը, փաստորեն, շարունակում է նշված տրամաբանությունը։ Սակայն, ի տարբերություն նրա առաջին նախագահության ժամանակաշրջանի, այս անգամ ինչպես միջազգային հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և մեր տարածաշրջանում իրերի դրությունը բացարձակ այլ են։
Թրամփի՝ 2025թ․ ուղերձում կար մեկ այլ արտահայտություն, որն այսօր շատ ավելի կարևոր և կենսական է Հայաստանի համար։ Մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 25-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցը, որից հետո պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում ընդգծվել էր երկու երկրների հարաբերություններում «ռազմավարական գործընկերության» նշանակությունը։ Թրամփն իր ուղերձում երկրորդեց այն՝ կապելով տարածաշրջանում կայունության ապահովման տրամաբանության հետ։ ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնային պատասխանատուների կողմից նման համաչափ հիշատակումը հարկ է դիտարկել որպես նախկին վարչակազմի հետ կնքված ռազմավարական գործընկերության կանոնադրության նկատմամբ հստակ վերաբերմունքի արտահայտում։ Իրական քաղաքականության առումով՝ նման վերաբերմունքը Հայաստանի համար առաջիկայում նոր քայլերի վերաբերյալ առաջարկների ձևավորման և ամերիկյան կողմին ներկայացման ազդակ պիտի հանդիսանա։ Մասնավորապես, կարելի է քայլերից մեկով «հիշեցնել» մաքսային և սահմանապահ ծառայության խմբի՝ Հայաստան գալու վերաբերյալ համաձայնությունը, որը դեռևս չի իրագործվել։
Արդեն ժամանակն է՝ չգերագնահատել տարբեր անձանց կողմից արտահայտված բառերի կամ տերմինների կարևորությունը, և այդ ջանքերը ևս կենտրոնացնել գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Այս կոչն ուղղված է թե՛ ՀՀ պատկան մարմիններին ու հասարակությանը, թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցներին ու կառույցներին։
Ռոբերտ Ղևոնդյան