Այսօր՝ մայիսի 9-ին, Մոսկվայում տեղի է ունենում ռազմական շքերթ՝ նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած հաղթանակի 80-րդ տարելիցին։ Շքերթն առաջին անգամ տեղի է ունենում արտակարգ պայմաններում։ Ռուսաստանը հայտարարել է պատերազմում եռօրյա հրադադարի մասին, սակայն ուկրաինական կողմը ոչ միայն մերժել է նույնն անելու առաջարկը, այլև նշել, որ Կարմիր հրապարակում կուտակված ռազմական տեխնիկան և զինվորական անձնակազմը գնահատում է որպես լեգիտիմ թիրախ։
Թեև մեծ էր հավանականությունը, որ Կիևի հայտարարություններն ունեն առավելապես հոգեբանական նշանակություն, սակայն ՌԴ իշխանությունների և անձամբ նախագահի համար շքերթն առանց անակնկալների անցկացնելը գերկարևոր ներքին և արտաքին քաղաքական գործողություն է։ Պատահական չէ, որ մասնակցության համար Մոսկվա են հրավիրվել բազմաթիվ երկրների ղեկավարներ։ Այլ հարց է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի՝ մեղմ ասած բացասական միջազգային հեղինակությունը, հրավիրվածներից շատերը մերժել են այն։ Հրավերը մերժել է, օրինակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մերժումը պատճառաբանելով Բաքվում անցկացվող միջոցառումներին իր մասնակցության անհրաժեշտությամբ։ Այնինչ ակնհայտ է, որ Ալիևի համար այս մերժումն ունի աշխարհաքաղաքական հիմքեր և կապիտալ, որի զարգացման՝ ադրբեջանական փորձերին մենք ականատես կլինենք մոտ ապագայում։
Մոսկվա է հրավիրվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեև ՀՀ քաղաքական դաշտի բազմաթիվ դերակատարներ խորհուրդ էին տալիս մերժել հրավերը, սակայն Փաշինյանը որոշեց ընդունել այն և մասնակցում է շքերթին։ Նման որոշումը կարելի է մեկնաբանել որպես հայտարարված «բալանսավորման և բալանսավորված» քաղաքականության արտահայտություն։ Փաշինյանի այցը նման կերպ են մեկնաբանում նաև իշխանական շրջանակները։
Ի վերջո, Մոսկվայում գտնվելը կարելի է գնահատել որպես հնարավորությու՞ն, թե՞ մարտահրավեր։ Ըստ էության, այս հարցի պատասխանը հանգում է Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքականությունում հետապնդվող նպատակի բացահայտմանը։ Մի կողմից, Հայաստանը հայտարարում է եվրաինտեգրման արտաքին քաղաքական կուրս որդեգրելու, ԵՄ անդամակցության ուղղությամբ գործելու մտադրության մասին, մյուս կողմից՝ «բալանսավորումը» պատկերացնում է այդ գործընթացում մյուս գործընկերների հետ հարաբերությունների առկա մակարդակը պահելու մեջ։ Այնինչ, ժամանակակից միջազգային հարաբերություններում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական դերակատարների շահերը շատ դեպքերում փոխբացառող են։ Եվ եթե Ադրբեջանը որոշ չափով կարող է իրեն թույլ տալ «բալանսավորել» տարբեր խաղացողների հետ իր հարաբերությունները, ինչի համար նա պարտական է հիմնականում իր էներգակիրներին և աշխարհագրական դիրքին, ապա Հայաստանի դեպքում նման գործելաոճը կարող է կործանարար հետևանքների հանգեցնել։
Կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետը միայն մեկ դեպքում հնարավորություն ունի մասնակիորեն չեզոքացնել շքերթին իր մասնակցության բացասական ընկալումները։ Դա տեղի կունենա, եթե նա վերադառնա համաձայնություններով, որոնք որոշակի նշանակություն կունենան ՀՀ ինքնիշխանության առումով։ Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է Հայաստանում ՌԴ ազդեցության հետագա նվազմանը, օրինակ, հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններից ռուս սահմանապահների հեռացման միջոցով։ Սակայն անգամ այս դեպքում Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցն ինչ-որ չափով «տհաճ համատեքստ» է հաղորդելու ՀՀ-Արևմուտք հարաբերություններին։
Ռոբերտ Ղևոնդյան