Երկրորդ համաշխարհային պատերազմի արձագանքները 2025թ․ մայիսին՝ Հայաստանում

հեղ․ RCSP

Ինչպես և ամեն տարի, 2025թ․ ևս Ռուսաստանը մեծ շուքով նշեց մայիսի 9-ը՝ 2-րդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի կապիտուլյացիայի օրը։ Այն, որ Ռուսաստանում այս պատերազմը անվանում են «հայրենական», հասկանալի է, քանի որ այդ երկրի համար վճռվել է հայրենիքի գոյության հարցը։ Այլ է իրավիճակը նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների, հատկապես՝ Հայաստանի Հանրապետության դեպքում։

Հայաստանի բռնակցումը Խորհրդային Միությանը փաստացի սկսվել է 1920թ․ դեկտեմբերի 2-ից։ Լինելով ԽՍՀՄ հանրապետություն՝ Հայաստանի մասնակցությունը պատերազմին սահմանափակվել է ճակատին և թիկունքային աշխատանքներին մարդկային ռեսուրսի տրամադրմամբ։ ՀԽՍՀ-ն չի ունեցել որոշում կայացնելու որևէ գործառույթ, իսկ «հայրենիքի» անմիջական վտանգը տարիներ շարունակ ներկայացվել է որպես ԽՍՀՄ նկատմամբ սպառնալիք, Հայաստանի դեպքում՝ ավելացնելով «Ստալինգրադի անկումից հետո Թուրքիայի կողմից ՀԽՍՀ ներխուժելու պատրաստության» մասին խոսակցությունները։ Իրականում, բազմաթիվ են ռազմական և քաղաքական վերլուծություններն առ այն, որ եթե Թուրքիան, որպես Գերմանիայի դաշնակից, պատրաստվում էր երկրորդ ճակատ բացել, ապա դրա լավագույն պահը Ստալինգրադի գործողության ժամանակամիջոցն էր։ Այդ դեպքում խորհրդային զորքերը ստիպված կլինեին պայքարել երկու ուղղությամբ, ինչը Գերմանիային հնարավորություն կտար առավել հեշտությամբ վերցնել Ստալինգրադը։

Սակայն ուշադրություն դարձնենք 2025թ․ իրադարձություններին։ Մոսկվայում հավաքվեցին մի շարք պետությունների ղեկավարներ, որոնց միջոցով ՌԴ նախագահը փորձեց ի ցույց դնել «բազմաբևեռ աշխարհի»՝ իր պատկերացումները։  Հայաստանում, սակայն, բուն պատերազմի վերաբերյալ խոսույթը առաջացրեց մեծ աժիոտաժ։ Այսպես կոչված «արմատական ընդդիմության» ներկայացուցիչներին զայրացրեց և մտահոգեց 2-րդ համաշխարհայինի վերաբերյալ խորհրդային բարդույթներից դուրս հանրային քննարկումներ ծավալելու փաստը։ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած մտքերը, որ 1939թ․ պատերազմն սկսել է խորհրդա-գերմանական դաշինքը, որ երկու բռնատիրական ռեժիմներ՝ նացիստական Գերմանիան և կոմունիստական ԽՍՀՄ-ը, պայքարել են միմյանց դեմ, և ով էլ հաղթեր, բռնատիրությունը չէր վերանալու, վերջապես այն, որ Գերմանիայի պլաններից մեկի համաձայն՝ Կովկասից և Բուլղարիայից Թուրքիայի դեմ հարձակում էր նախապատրաստվում, հունից հանել է Հայաստանում ռուսական շահերը «ամեն գնով» պաշտպանողներին։

 Իսկ իրականությունն այն է, որ տասնյակ տարիներ խորհրդային պրոպագանդան խնամքով թաքցրել է պատերազմին վերաբերող հարյուրավոր իրողություններ և ձևավորել կենտրոնին շահավետ պատկերացումներ։ ՀՀ անկախության ժամանակաշրջանում էլ, մինչ օրս, բարդույթներից ձերբազատվել հնարավոր չի եղել։ Այնինչ, ինչպես շատ այլ հարցերի վերաբերյալ, այնպես էլ 2-րդ համաշխարհային պատերազմի իրական հանգամանքների շուրջ ազատ և քննադատական հայեցակետերի գոյությունը և խոսույթի ձևավորումը անհրաժեշտ պայման են ՀՀ քաղաքական գերակայությունների և միջազգային հարաբերությունների վերաբերյալ պատկերացումների արդիականացման համար։

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037