Թրամփը ձախողվում է Ուկրաինայում և շրջվում է դեպի Հարավային Կովկաս

հեղ․ RCSP

Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է վերջ դնել Ուկրաինայի հետ պատերազմին, ԱՄՆ նախագահ Թրամփը խոստացել է պատասխանել 2 շաբաթ անց։ Միաժամանակ, նա նշել է, որ հիասթափված է տեղի ունեցող զարգացումներից։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Politico լրատվականը, վերջին մի քանի օրը Թրամփը փոխել է Պուտինի նկատմամբ իր վերաբերմունքը։ Նախ, մայիսի 24-ին նա Պուտինին անվանեց «բացարձակ խելագար», իսկ 2 օր անց՝ մայիսի 26-ին, հայտարարեց, թե «Պուտինը կրակի հետ է խաղում»։ ԱՄՆ նախագահը, կարծես, սկսել է վերջապես գիտակցել Ռուսաստանի իրական մտադրությունները և պատերազմը կանգնեցնելու դժվարությունները։ Հավանաբար, դրան նպաստել են ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից վերջին շրջանում հնչող անհեթեթությունները՝ «ԽՍՀՄ լուծարման անիրավաչափության» կամ «Արևմուտքի կողմից Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը երբեք ՆԱՏՕ-ի կազմ չընդգրկելու խոստում տալու» և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ամերիկյան բազմաթիվ վերլուծաբաններ վերջին շրջանում նկատում են վարչակազմի մոտեցումների փոփոխությունը։ Թեև պետքարտուղար Ռուբիոն շարունակում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ քննարկել բանակցությունների հաջորդ փուլը, իսկ հատուկ բանագնաց Ուիթկոֆը փորձում է համառորեն առաջ մղել հանգուցալուծման օրակարգը, ԱՄՆ նախագահի «հաջողությունների պատմությունները» ավելի ու ավելի են ուշանում։

Այս իրավիճակում նույնիսկ նախկինում երկրորդական համարվող խնդիրների լուծումը կարող է մեծ կարևորություն ձեռք բերել Թրամփի գահավիժող վարկանիշի վրա ազդեցության համար։ Առաջին հայացքից՝ նման խնդիրների շարքում ամենահեշտ լուծման հնարավորություններն առկա են հայ-ադրբեջանական գործընթացներում։ Նախ, խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, և մնում է համաձայնեցնել ստորագրման ժամանակը և վայրը, բացի այդ, Հայաստանը և Ադրբեջանն ավարտել են սահմանագծման և սահմանազատման աշխատանքների կանոնակարգման ողջ գործընթացը, և մնում է ֆիզիկապես իրագործել արձանագրված կետերը։

 Վերջին օրերի իրադարձությունները վկայում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի ակտիվացման մասին։ Նախ, պետքարտուղար Ռուբիոն Ադրբեջանի անկախության օրվա առթիվ իր ուղերձում կարևորեց Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը, որից հետո՝ Թրամփի խոսքում, այս խոսույթն ընդլայնվեց և վերածվեց շուտափույթ առաջընթաց գրանցելու վերաբերյալ կոչի։ Հարկ է ուշադրություն դարձնել, որ Թրամփը խաղաղության հաստատումը կապում է ԱՄՆ հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների հետ։ Կարելի է մեծ հավանականությամբ կանխատեսել, որ կարճ ժամանակ անց ԱՄՆ վարչակազմը փորձեր կձեռնարկի ավելի մեծ մասնակցություն հանդես բերել հայ-ադրբեջանական գործընթացներին կամ, այլ կերպ ասած, խրախուսել և առաջ մղել դրանք։ Մասնավորապես, խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հասնելու դեպքում Թրամփը հնարավորություն կունենա հանրությանը ներկայացնել իր առաջին իրական «հաջողության պատմությունը»։ 

         

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037