Հայաստանը փորձում է հնարավորինս ավելի քիչ կորուստներով դուրս գալ աշխարհաքաղաքական ներկա իրադարձություններից։ Արցախի կորստից և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքներից հետո պարզ դարձավ, որ գոյություն ունեցող անվտանգային ճարտարապետությունը չի կարող վստահելի լինել փոփոխվող միջազգային հարաբերությունների պայմաններում։ Հայաստանում որոշում կայացվեց փնտրել և ներմուծել անվտանգային այլ հնարավորություններ։
Միաժամանակ, տեղի ունեցած իրադարձությունները մեծ ազդեցություն գործեցին տարածաշրջանում ուժային հավասարակշռության վրա։ Ռուսաստանը կորցրեց որոշումների կայացման հարցում գերակայությունը, ինչի արդյունքում այլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուժեր իրենց ազդեցության մասնաբաժինը ավելացնելու հայտ ներկայացրին։
Նման զարգացումները որևէ կերպ չեն համընկնում տարածաշրջանում ռուսական շահերի և պատկերացումների հետ։ Ինչպես տարիներ առաջ Վրաստանում, այնպես էլ այսօր՝ Հայաստանում, ռուսական ազդեցության նվազումը Մոսկվան համարում է «իր իրավունքների նկատմամբ ոտնձգություն»։ Վրաստանի արևմտյան կողմնորոշումը մեղմելու, այնուհետև՝ ռուսական ազդեցության դաշտ բերելու նպատակով տարիներ առաջ վրացական արմատներով ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին գործուղվեց Վրաստան, որտեղ արդեն հաստատված ժողովրդավարական խաղի կանոններով կարողացավ հավաքել քաղաքական դաշտում ազդեցությունների «հսկիչ փաթեթը»։ Երբ անհրաժեշտ պահը, ըստ Մոսկվայի, հասունացավ, Իվանիշվիլին «բացեց խաղաքարտերը»՝ սկսելով աշխատել ռուսական տիրույթում և նվազեցնելով Արևմուտքի ազդեցությունը երկրում։
Թեև Իվանիշվիլու պարտիան ամբողջական հաջողություն չի կարելի համարել Ռուսաստանի համար, սակայն, հավանաբար, այս սխեման Մոսկվայում գնահատում են որպես հաջողված։ Դրանով կարելի է բացատրել նմանատիպ մեկ այլ փորձ՝ հայկական արմատներով ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի գործուղումը Հայաստան։ ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների միջև հակասությունների ֆոնին Սամվել Կարապետյանը կտրուկ հայտարարություններով հանդես եկավ, որից հետո կալանավորվեց։ Կալանավորմանն անմիջապես հետևեցին Ռուսաստանում գործող և Հայաստանում ռուսական շահերը սպասարկող տարբեր հանրային դեմքերի և քաղաքական գործիչների պաշտպանության կոչերը, իշխանություններին հակադրվելու ուղերձները, Կարապետյանի «իմիջի» վերաբերյալ իրական և միֆական պատմությունները և այլն։ Եթե համեմատում ենք Վրաստանում Իվանիշվիլու հայտնվելու հետ, ապա քաղաքական տեխնոլոգիաները չափազանց նման են տեղի ունեցողը պատահականություն համարելու համար։
Կարելի է ենթադրել, որ Մոսկվայում տարածաշրջանի համակարգմամբ զբաղվող նոր դերակատարները որոշել են «հեծանիվ չհորինել» և գնալ արդեն մեկ անգամ անցած ճանապարհով կամ, այլ կերպ ասած, «Իվանիշվիլի-2» գործողություն իրականացնել, այս անգամ՝ Հայաստանում։ Ռուսաստանին կհաջողվի կասեցնել ՀՀ ինքնիշխանության վերականգնման ընթացքը, թե ոչ, կախված կլինի հայ հասարակության դիմակայունության աստիճանից և իշխանությունների վճռականությունից։ Սակայն պետք է նկատել, որ տեղի ունեցողը անկախության ճանապարհին ևս մեկ ծանր փորձություն է վերջին շրջանում այդքան աղետների մեջով անցած Հայաստանի համար։
Ռոբերտ Ղևոնդյան