Հայաստանի քաղաքացիներն՝ ահաբեկիչների թիրախում

հեղ․ RCSP

2025թ․ հունիսի 25-ը շոկային էր Հայաստանի համար։ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց արմատական ընդդիմադիր դաշտի մի խմբավորման կողմից Հայաստանում ահաբեկչություններ իրականացնելու միջոցով իշխանություն զավթելու փորձ։ Կալանավորվեցին մի շարք ընդդիմադիրներ, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներ։ Աշխարհիկ և հոգևոր իշխանությունների ներկայացուցիչների բախման պայմաններում նման բացահայտումը ոչ միայն իրավական, այլև քաղաքական մեծ ընդգրկում ունեցավ։ Եկեղեցու ընդդիմադիր թևը զրկվեց քաղաքական դաշտում գործունեություն ծավալող ակտիվ անդամից, իսկ ընդդիմադիրների մեկ այլ հատված իշխանություններին մեղադրեց քաղաքական խաղում անազնիվ գործիքներ կիրառելու մեջ։

Քաղաքական դաշտում նմանատիպ դրսևորումներ էլի են եղել։ Կարելի է հիշատակել Ռուսաստանում վերապատրաստում անցած բանդայի անդամների ձերբակալությունը 2023թ․ նոյեմբերին, կամ 2015թ․ նոյեմբերին Նորք-Մարաշում բացահայտված խմբի գործը։ Քաղաքական խնդիրները անօրինական ճանապարհներով լուծելու հիմքերը դրվել են դեռևս 1996թ․ նախագահական ընտրություններից հետո, որին հետևել են 1999թ․ հոկտեմբերի 27-ի, 2008թ․ մարտի 1-ի և այլ իրադարձություններ։

Սակայն վերջին բացահայտումը շոկային է մեկ այլ համատեքստում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ քաղաքական նպատակներով թիրախավորվում են ոչ թե քաղաքական գործիչներ կամ ինստիտուտներ, այլ խաղաղ քաղաքացիներ։ ՔԿ հրապարակած ձայնագրություններից պարզ է դառնում, որ գործողությունների թիրախում քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է լինեին, իսկ որոշ քանակի անմեղ զոհերը ոչ միայն «թույլատրելի» էր համարվում, այլև՝ «ցանկալի»։ Սա չափազանց վտանգավոր նախադեպ է։ Մինչ օրս Հայաստանում տեղի ունեցած ցավալի քաղաքական իրադարձությունների թիրախում մշտապես եղել են փոխկապակցված անձինք, ինչը «իշխանության զավթման փորձ» կամ նմանատիպ որակավորումներ է ունեցել ոչ միայն իրավական առումով, այլև՝ հանրային ընկալումներում։ Այս մի բացահայտումը սպառնում է Հայաստանում արմատավորել հանրային անվտանգության խարխլման մշակույթ՝ այն փաթեթավորելով իբր «իշխանության համար պայքարի» տրամաբանությունում։ Սրա իրական նպատակները, սակայն, հեռուն են տանում։ Հանրության մոտ «անվտանգային դիսոնանս» առաջացնելը տեղավորվում է այլ պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ հիբրիդային գործողությունների համատեքստում։ Հիմնական նպատակը նույնն է՝ առաջացնել էմոցիոնալ, քաոտիկ վիճակ, անպաշտպանության զգացում, որը պետք է իր հետ բերի պետական ինստիտուտների գործունեության նկատմամբ անվստահություն, որից էլ բխում է ենթադրությունը, որ մարդիկ այլևս չեն գնահատի պետությունը և կսկսեն չենթարկվել նրա կարգավորումներին, ինչի վերջնական փուլը պետության կազմաքանդումն է։

Այս սպառնալիքն ուղղված է Հայաստանի ամեն մի քաղաքացու և խորքում նպատակ ունի ազդել պետության և պետականության նկատմամբ պատկերացումների վրա։ Հետևաբար, Հայաստանի իշխանությունների և հասարակության կարևորագույն խնդիրն է՝ արմատից հատել նման թիրախավորումները և թույլ չտալ այդպիսի մշակույթի ձևավորում։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037