Տարիներ շարունակ Ռուսաստանը մեծ հետաքրքրություն է դրսևորել Հայաստանում տնտեսական գործունեության ուղղությամբ։ Զարմանալի չէ, որ ՌԴ պետական կամ պետության հետ սերտ առնչություն ունեցող մասնավոր կազմակերպությունների կողմից գնվել կամ պայմանագրային հիմունքներով վերցվել են գազի մատակարարման, երկաթուղու, բջջային կապի, արտադրության և ծառայությունների ամբողջական ոլորտներ կամ մեծ մասնաբաժիններ։ Հիմնական շարժառիթը եղել է մեկը՝ պետության տոտալ ռուսիֆիկացում, ինչը պետք է ժամանակի ընթացքում հնարավորություն ստեղծեր ամբողջապես կառավարել ՀՀ տարածաշրջանային և գլոբալ քաղաքականությունը, իսկ եթե հարմար առիթ լիներ, միացնել Հայաստանը ռուսական ինտեգրացիոն գլխավոր նախագծին՝ «Միութենական պետությանը»։ Նշված ծրագրի իրականացման համար պարարտ հող էր Հայաստանում ռուսամետ իշխանության գոյությունը՝ ի դեմս ՀՀ երկրորդ նախագահ, Ռուսաստանի մեծ նվիրյալ Ռոբերտ Քոչարյանի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը նման կազմակերպություններից մեկն էր։ Այն սկզբում վաճառվել է ռուսական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բ.Վ.» ընկերությանը, իսկ 2015թ․, երբ գների բարձրացման դեմ խոշոր ընդվզումներ եղան Հայաստանում, ռուսական ընկերությունը ՀէՑ-ը վաճառեց հայկական արմատներով ռուս գործարար՝ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությանը։
2025թ․ մայիս-հունիս ամիսներին ՀՀ կառավարությունը սկսեց ՀԷՑ-ի վաճառքի հիմքերի ուսումնասիրությունը, ինչի արդյունքում հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀԷՑ պետականացման մասին օրենք։ Այս իրողությունը արմատապես փոխում է «ռուսիֆիկացման» տրամաբանությունը։ ՀՀ ինքնիշխանության ամրապնդումը և ռուսական հիբրիդային գործիքների նվազեցումն, իրենց հերթին, հանգեցնում են ռուսական ազդեցության գահավիժմանը։ Զարմանալի չէ, որ Մոսկվան մեծ անհանգստությամբ և ուշադրությամբ է հետևում այս գործընթացներին։ Իսկ առանձին պաշտոնյաներ, լրագրողներ և փորձագետներ խիստ քննադատում են ՀՀ իշխանությունների գործողությունները։ Ավելին, ռուսական ազդեցությունը Հայաստանում պաշտպանող քաղաքական ուժերը և ռուսական ֆինանսներից օգտվող փորձագետները Հայաստանի իշխանություններին մեղադրում են «սեփականություն խլելու» մեջ, թեև նույն մարդիկ երբեք չեն բողոքել, երբ ՀՀ ենթակառուցվածքները ակնհայտ անհամարժեք էժան գներով օտարվել կամ նվիրվել են ռուսական կազմակերպություններին։
Սակայն միայն ՀԷՑ պետականացումը չի կարող բավարար համարվել «ռուսիֆիկացման» գործընթացը կասեցնելու համար։ «Հայռուսգազարդ», «Հարավկովկասյան երկաթուղի» և մի շարք այլ կազմակերպություններ դեռևս շարունակում են հանդիսանալ ռուսական հիբրիդային հարձակումների օջախներ, թեև, ինչպես էլեկտրական ցանցերի դեպքում, այս ենթակառուցվածքները ևս ՀՀ սեփականությունն են և պետք է վերադարձվեն Հայաստանին։ ՀՀ իշխանությունները պիտի բավարարեն ժողովրդի պահանջը, որը վերաբերում է պետականության և անվտանգության ամրապնդման գործընթացի շարունակականության ու զարգացման տեմպերի ավելացման հիմքեր ստեղծելուն։ Դրա շրջանակներում առանցքային նշանակություն ունի Հայաստանի բնական հարստություններն, այդ թվում՝ ենթակառուցվածքները, Հայաստանի ժողովրդին վերադարձնելը։