Ի տարբերություն հետխորհրդային մի շարք այլ երկրների՝ ռուսական հեռուստաալիքներից մի քանիսը, ՀՀ և ՌԴ միջկառավարական համաձայնագրի հիման վրա, Հայաստանում մինչ օրս շարունակում են հանրային մուլտիպլեքսի մաս կազմել։ Սա՝ այն դեպքում, երբ հատկապես «ՕՌՏ» և «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքների բազմաթիվ հաղորդումներում հյուրերի և հաղորդավարների կողմից պարբերաբար ոչ նորմատիվ խոսույթով և վիրավորական բառերով բազմաբնույթ մեղադրանքներ են հնչում ոչ միայն արևմտյան և այլ երկրների, այլև՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բազմաթիվ են օրինակները, երբ նման հաղորդումներում թիրախավորվել են Հայաստանի պետականությունը, իշխանություններն, ընդհանուր առմամբ, կամ դրա առանձին ներկայացուցիչներ, ժողովուրդը և այլն։ Հատկանշական է, որ նման հաղորդումներում առանձին տեղ է հատկացվում հայկական «յան» վերջնամասով ազգանուններ կրող ռուսներին, որոնք, ներկայանալով որպես հայկական էթնիկ ինքնության ժառանգորդ, սովորաբար մյուսներից ավելի մեծ եռանդով են լուտանքներ և սպառնալիքներ ուղղում Հայաստանին։ Թեև կարևոր է, թե այս հիբրիդային տեխնոլոգիան կիրառելու միջոցով ինչպիսի շահեր են հետապնդում ռուսական մեդիայի ներկայացուցիչները, սակայն առավել էական է Հայաստանից համարժեք պաշտոնական արձագանքի բացակայությունը։
Հայաստանում այս խնդրին սկսեցին ուշադրություն դարձնել հիմնականում 2020-2023թթ․ իրադարձություններից ընթացքում, երբ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտականությունների կատարումից հրաժարվելու արդյունքում հասարակության վերաբերմունքը փոխվեց, իսկ ռուսական հեռուստաալիքներից հնչող հակահայկական ձևակերպումները սկսեցին աստիճանաբար աճել։ Հայաստանում սկսեցին ավելի ու ավելի շատ դժգոհել ռուսական եթերից։ Հասարակության վրդովմունքը հիմք հանդիսացավ 2024թ․ մարտին «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների արգելափակման համար՝ ոչ միայն հանրային մուլտիպլեքսում, այլև՝ կաբելային հեռուստատեսության ծառայություններ մատուցող այլ ընկերությունների եթերում։ Միաժամանակ, ՀՀ պատասխանատու մարմինների ներկայացուցիչները հայտարարեցին, որ շարունակում են աշխատել ՌԴ գործընկերների հետ՝ հետագայում անհամաձայնություններից խուսափելու համար։ Սակայն իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ ռուսական հիբրիդային այս տեխնոլոգիան ավելի մեծ թափով է զարգանում ու կիրառվում ՀՀ հասարակության նկատմամբ։ Եթե ռուսական տելեգրամյան մի շարք ալիքներ (Ejdaily.ru, Два майора, Московская прачечная և այլն) ակնհայտ անհարգալից և հեգնական տոնով հիբրիդային հարձակումներ են կազմակերպում Հայաստանի նկատմամբ, ապա «ՕՌՏ» և «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքները նույն բանն անում են ավելի «քաղաքակիրթ»՝ քողարկելով իրենց հաղորդումների կողմից այլ մեդիա-ռեսուրսներին կառավարելու և ուղղորդելու գործառույթները։
Հայաստանի անվտանգության ապահովման նպատակով միայն ռազմական ոլորտի դիվերսիֆիկացումը չի կարող արդյունավետ լինել, եթե հաշվի չառնվեն և միջոցներ չձեռնարկվեն նաև նմանատիպ հիբրիդային հարձակումներին համարժեք պատասխան տալու համար։ Այս տրամաբանությունն ընկալելի և ընդունելի է նաև պատկան մարմինների ներկայացուցիչների մոտ։ Մասնավորապես, դեռ 2024թ․ հունվարին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կարծիք էր հայտնել, որ «որևէ օտար հեռարձակող, անկախ նրանից՝ բարեկամ երկիր է, թե՝ ոչ, հանրային մուլտիպլեքսում չպետք է լինի»։
Ներկա պայմաններում առաջնային կարևորություն ունի ռուսական «ՕՌՏ» և «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից և ՀՀ տարածքում գործող կաբելային հեռուստատեսային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եթերից հեռացնելու հարցը։ Խնդիրն առնչվում է ներքին հանրային համերաշխության, ժողովրդավարական արժեքների արմատավորման, այլատյացության մթնոլորտի կանխման, տեղեկատվական անվտանգության և պետության համար կենսական մի շարք այլ ոլորտների։