ԱԱԾ մեկուսարանում գտնվող հայազգի ռուս մեծահարուստ Սամվել Կարապետյանը հայտարարել է «նոր քաղաքական ուժ» ստեղծելու մասին։ Նա նշել է, որ նոր ուժը համալրվելու է նոր թիմով և գնալու է սեփական պատկերացումներով ու ճանապարհով։ Նա, այդուհանդերձ, չի բացառել համագործակցությունն այլ ուժերի հետ։ Օգտվելով Հայաստանի ժողովրդավարական կարգերի հնարավորություններից՝ խիստ ավտորիտար պետության քաղաքացի Սամվել Կարապետյանը փորձում է քաղաքական դերակատարում ստանձնել, ինչը, թեև, անտրամաբանական է, սակայն, քաղաքական և իրավական տեսակետից, ընդունելի։ Սակայն որո՞նք են նրա «պատկերացումները», «ճանապարհը» և «թիմը», որոնց մասին խոսում է հայտարարության մեջ։
Սամվել Կարապետյանի քաղաքական պատկերացումների մասին կարելի է ենթադրել՝ ելնելով նրա նախկին հայտարարություններից։ Ըստ էության, ՀՀ քաղաքական դաշտում Սամվել Կարապետյանն ունեցել է երկու հիշվող դերակատարում։ Առաջին հանրային նշանակալի գործողությունը թվագրվում է 2015թ․, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խիստ ընդդիմադիր դիրքավորում էր ընտրել այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության նկատմամբ և սկսել էր քաղաքական գործընթաց։ Սամվել Կարապետյանի հետ հանդիպումից և զրույցից հետո, սակայն, Ծառուկյանը ետ կանգնեց իր ճանապարհից։
Երկրորդ «հայտնությունը» ՀՀ քաղաքական դաշտում տեղի ունեցավ 10 տարի անց՝ 2025թ․ հունիսին, երբ Հայաստան ժամանած Կարապետյանը ՀՀ իշխանությունների և ՀԱ եկեղեցու ղեկավար շրջանակի միջև հակասության վերաբերյալ կարծիք հայտնեց, որը իրավապահ մարմինները գնահատեցին առերևույթ հակաօրինական, ինչից հետո Կարապետյանը հայտնվեց ԱԱԾ մեկուսարանում։
Այս երկու իրադարձությունների և ԱԱԾ մեկուսարանից մի քանի հայտարարությունների ընդհանուր վերլուծությամբ կարելի է հանգել մեկ եզրակացության․ քաղաքական գործընթացների վերաբերյալ Կարապետյանի պատկերացումները ընդգրկվում են ՀՀ արմատական ընդդիմության տիրույթում. արտաքին քաղաքականության մեջ ենթադրվում է ռուսամետ միտումների առկայություն, ներքին քաղաքականության մեջ՝ ուժեղ և մեծ լիազորություններ ունեցող լիդեր և ավտորիտար փոխհարաբերություններ։ Այս եզրահանգումը հիմք է տալիս ենթադրելու, որ Կարապետյանի ազդարարած «նոր ուժը» բաղկացած է լինելու վերջին յոթ տարվա ընթացքում ՀՀ ինքնիշխանության և պետականության ամրապնդման դեմ ամեն կերպ պայքարող մարդկանցից, որոնք որևէ դեպքում ՀՀ քաղաքական դաշտում «նոր» համարվել չեն կարող, ինչքան էլ ստվերային լինի նրանց դերակատարումը։ Մյուս կողմից, հաշվի առնելով, որ 2018-25թթ․ այս քաղաքական հատվածի կողմից իշխանությունների դեմ և հանուն ռուսական կողմնորոշման ու ժողովրդավարության վարկաբեկման կիրառվել են գոյություն ունեցող գրեթե բոլոր տեխնոլոգիաները, ապա անհասկանալի է, թե ինչ «նոր ճանապարհ» է գծագրելու Կարապետյանը։ Ամենայն հավանականությամբ, Սամվել Կարապետյանը կփորձի հավաքագրել արմատական ընդդիմության տարբեր թևերի ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով ստանալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ընտրազանգվածի քվեները և երկրորդ տեղը գրավել 2026թ․ խորհրդարանական ընտրություններում։ Սա ենթադրում է նաև արմատական ընդդիմադիրների ճամբարում հակասությունների աճ։
Հանրագումարելով՝ կարող ենք մեծ հավանականությամբ կանխատեսել, որ «նոր ուժը» իրենից ներկայացնելու է «հին ուժ՝ հին տեխնոլոգիաներով և դեմքերով», ընդամենը՝ նոր փաթեթավորմամբ կամ նոր անվանումով։ Ըստ էության, քաղաքական գործընթացներում էական փոփոխություններ չեն լինի, իսկ «նոր ուժը» կպայքարի ընդամենը խորհրդարանում արմատական ընդդիմադիրների ներկա տեղերը 2026թ․ պահպանելու համար։
Ռոբերտ Ղևոնդյան