ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչների և Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների առճակատումը նոր թափ է ստանում։ Ենթադրյալ ահաբեկչության կատարման մեղադրանքով ձերբակալություններից և ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կուսակրոնության ուխտի խախտումների հանրայնացումից հետո իշխանություններն ու մի շարք հավատացյալներ շարունակում են կաթողիկոսի փոփոխություն պահանջել։ Հարցը, սակայն, դուրս է եկել բացառապես անձնական հակասության շրջանակներից և վերածվել քաղաքական հակամարտության հիմնական կիզակետի։
Իրավիճակի հանգուցալուծման մի քանի տարբերակ կա։ Ակնհայտ է, որ կողմերն անցել են, իրենց դիրքերն ամբողջությամբ պահպանելու միջոցով, խնդիրը փոխշահավետ լուծելու շեմը, և այլևս որևէ կողմի հաղթանակը նշանակելու է մյուս կողմի պարտություն։ Այս առումով, ՀՀ իշխանությունների դիրքերն ավելի ուժեղ են, քանի որ նրանք օժտված են լեգիտիմությամբ և տիրապետում են օրենքով նախատեսված ուժային ռեսուրսների։ Հետևաբար, ավելի հավանական է կաթողիկոսի հեռացումը և նոր ընտրությունները եկեղեցում, քան վարչապետի հեռացումը 2026թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Կաթողիկոսի հեռացման սցենարները, սակայն, ևս տարբեր են, որոնցից ամեն մեկը կարող է բերել ավել կամ պակաս խնդրահարույց հետևանքների։
Առաջին հերթին պետք է նշել, որ, չնայած նախորդիվ արված հայտարարություններին, Հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են դեպքեր, երբ գործող կաթողիկոսը հեռացել է։ Այսպես, 968թ․ կաթողիկոս օծված Վահան Ա Սյունին մեկ տարի անց՝ 969թ․, գահընկեց է արվել և հեռացել Վասպուրական, իսկ նրա փոխարեն կաթողիկոս է օծվել Ստեփանոս Գ Սևանցին։ Մի քանի տասնամյակ անց՝ 992թ․, կաթողիկոս օծված Սարգիս Ա Սևանցին 1019թ․ ինքնակամ հրաժարվել է գահից և անձամբ օծել հաջորդ՝ Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1418թ․ Սիս քաղաքում հաստատված Մայր աթոռի գահակալ Գրիգոր Ը Խնձողատ կաթողիկոսը գահընկեց է արվել, և նոր կաթողիկոս է օծվել Պողոս Բ Գառնեցին։ 1439թ․ կրկին Սիս քաղաքում կաթողիկոս օծված Գրիգոր Թ Մուսաբեգյանցը 1441թ․ հրաժարվել է ժամանել Վաղարշապատ և գլխավորել այնտեղ վերադարձած Մայր աթոռը, ինչի արդյունքում ամենայն հայոց նոր կաթողիկոս է օծվել Կիրակոս Ա Վիրապեցին, որն, իր հերթին, 1443թ․ գահընկեց է արվել, և նոր կաթողիկոս է օծվել Գրիգոր Ժ Ջալալբեգյանցը։
Ինչպես տեսնում ենք, Հայ առաքելական եկեղեցում եղել են դեպքեր, երբ նոր կաթողիկոս է օծվել նախկինի կենդանության պայմաններում։
Ըստ այդմ, ներկա հակասությունների հանգուցալուծման եղանակներից մեկը կաթողիկոսի ինքնակամ հրաժարումն է գահից կամ եկեղեցականների կողմից նրան գահընկեց անելը։ Կարելի է պնդել, որ այս տարբերակը լավագույնը լուծումը կլինի։ Նման զարգացման համար, սակայն, անհրաժեշտ է ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ Գարեգին Երկրորդի կողմից ՀՀ պետականության հիմքերի գերակա նշանակության գիտակցումը։
Հանգուցալուծման վատագույն սցենարը կարող է լինել ՀՀ իշխանությունների կողմից ուժային գործիքների կիրառումը, եթե բավարար հիմքեր լինեն ենթադրելու, որ կաթողիկոսը հակաօրինական գործողություններ է կատարել։ Այս դեպքում հասարակության երկփեղկվածությունը հղի կլինի անկանխատեսելի հետևանքներով։
Մեկ այլ սցենար կարող է լինել Հայաստանում ժողովրդի, որպես ՀԱ եկեղեցու հետևորդի, հրապարակային անհամաձայնությունը Գարեգին Երկրորդի գահակալության հետ, ինչի դրսևորումը կարող է դառնալ Էջմիածնում մեծ հանրահավաքը։ Նման հանրահավաքի հնարավորության մասին ՀՀ վարչապետի հայտարարությունն արդեն որոշակի արձագանքներ է գտել։ Սակայն հանրահավաքը կարող է անարդյունավետ լինել խնդրի հանգուցալուծման հիմնական նպատակի իրացման տեսանկյունից, քանի որ եկեղեցականները հնարավորություն կունենան անտեսել հավաքվածների պահանջները։ Բացի այդ, իրավիճակի սրման ֆոնին «ձեռքերը տաքացնող» որոշ ընդդիմադիրներ, հավանաբար, կփորձեն հակառակ դիրքավորում ունեցող քաղաքացիներ հավաքագրել և հակընդդեմ հանրահավաքներ անցկացնել։
