«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության զարգացման հիմնական խոչընդոտներն արդի աշխարհաքաղաքական վերափոխումների պայմաններում

հեղ․ RCSP

2013 թվականին «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության (ԳՃՆ)  մեկնարկից ի վեր Չինաստանը մեծ փոփոխությունների է ականատես եղել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ աշխարհաքաղաքական միջավայրում։ ԳՃՆ-ի իրականացման ճանապարհին ի հայտ են եկել բազմակողմանի և բազմաչափ խնդիրներ ու մարտահրավերներ։ Այդ մարտահրավերները կարելի է դասակարգել ըստ չորս մակրոաշխարհագրական տարածքների՝ Խաղաղօվկիանոսյան տնտեսական գոտի և ծովային մետաքսի ճանապարհ, Հարավ-Կենտրոնական Ասիա և Ռուսաստան, Աֆրիկա և ԵՄ[1]։

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԳՃՆ-ի իրականացման ճանապարհին առկա են մի շարք տեխնիկական, քաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի մարտահրավերներ։ Ամենաակնառու տեխնիկական խոչընդոտներից մեկը Հարավարևելյան Ասիայի երկրներում երկաթուղային գծերի անհամատեղելիությունն է։ Այս խնդիրը բարդացնում է անխափան տրանսպորտային ցանց կառուցելու ջանքերը։ Հարավարևելյան Ասիայի ավանդական երկաթուղիների և Չինաստանի ստանդարտ արագընթաց երկաթուղային գծերի միջև տարբերությունը անհրաժեշտություն է առաջացնում բոլորովին նոր ենթակառուցվածքների, ինչը զգալիորեն մեծացնում է նախագծի ծախսերը և բարդությունը։ Իսկ ինչ վերաբերում է «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհ»-ին, ապա այն մարմնավորում է Չինաստանի ձգտումը՝ ստեղծել համապարփակ, հիբրիդային կապի ցանց, որը համատեղում է նավահանգիստները և երթուղիները։ Իսկ արդյունավետ և ինտեգրված տարածաշրջանային երկաթուղային ցանցը կարող է դառնալ ներքին պահանջարկի աճի, զբաղվածության, ինչպես նաև տնտեսական աճի խթան:

ԳՃՆ-ի համար որպես քաղաքական մարտահրավերներ կարող ենք դիտարկել որոշ երկրներում «քաղաքական դիմադրության» դրսևորումները, որոնք պայմանավորված են ազգային ինքնիշխանության նկատմամբ մտահոգություններով, Չինաստանի տնտեսական և քաղաքական ազդեցության խորացման վախերով, ինչպես նաև թափանցիկության և արդար վեճերի կարգավորման մեխանիզմների բացակայությամբ։ Այս համատեքստում խոսուն օրինակ է Մալայզիան, որը, չնայած, որ շահագրգռված է ԳՃՆ-ով, հրապարակայնորեն արտահայտել է իր անհանգստությունները վեճերի կարգավորման մեխանիզմների բացակայության վերաբերյալ՝ մտավախություն ունենալով, որ Չինաստանը սեփական շահերի առաջմղման համար կարող է օգտագործել իր տնտեսական և քաղաքական առավելությունները։

Աշխարհաքաղաքական առումով ԳՃՆ-ն գործում է ռազմավարական մրցակցության ուժգնացման միջավայրում։ Չինաստանի՝ Մալակկայի նեղուցը շրջանցելու ջանքերը (որը կարևոր ծովային անցուղի է և գտնվում է ԱՄՆ-ի և Հնդկաստանի ազդեցության ներքո) հանգեցրել են Քրա ջրանցքի կարգի առաջարկների առաջքաշմանը (ջրանցքը պետք է կառուցվի Թաիլանդում)։ Սակայն այս նախագծերը բախվում են ինչպես տարածաշրջանային անկայունությանը, այնպես էլ Թաիլանդի դժկամությանը։ Բացի այդ, Շրի Լանկայում Չինաստանի ենթակառուցվածքային ներդրումները Հնդկաստանի մոտ առաջացրել են ռազմավարական մտահոգություններ, ինչի հետևանքով Նյու Դելին հրաժարվել է միանալ ԳՃՆ-ին և, փոխարենը, սկսել է համագործակցել Չինաստանի դեմ ուղղված նախաձեռնությունների հետ, ինչպիսին է QUAD-ը, որում ընդգրկված են ԱՄՆ-ն, Ճապոնիան և Ավստրալիան։

Ռուսաստանի և Հարավային ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ԳՃՆ-ի որոշ մարտահրավերներ համընկնում են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մարտահրավերների հետ, ինչպիսին է երկաթուղային գծերի անհամատեղելիությունը։ Լուծելի տեխնիկական խնդիրներից զատ, այս տարածաշրջաններում իրական մարտահրավերները հիմնականում զուտ աշխարհաքաղաքական են։ Դրանք կարող են ազդել երեք հիմնական գործոնի վրա՝ Չինաստան–Ռուսաստան, Չինաստան–STANS հարաբերություններ, ինչպես նաև խնդիրների բարդ համադրություն, ներառյալ՝ ահաբեկչություն, անջատողականություն և ծայրահեղականություն։ Եվրոպա հասնելու համար ԳՃՆ-ի միջանցքները պետք է հատեն հինգ երկրից մի քանիսը, որոնք ավանդաբար գտնվել են Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ազդեցության ներքո։ Սակայն Սառը պատերազմից հետո այս տարածաշրջանում աճել է նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի ազդեցությունը՝ տնտեսական օգնության և համագործակցության տեսքով։

Տարածաշրջանը լի է քաղաքական և անվտանգային խնդիրներով․ որոշ երկրներ ունեն իրենց ռազմավարությունները՝ տարածաշրջանի հիմնական առևտրային գործընկերներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններ և հարևան Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ազդեցության միջև կայուն հավասարակշռություն պահպանելու համար։ Որդեգրած այս ռազմավարությունը, սակայն, բախվում է մի շարք մարտահրավերների։ Նախ, ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացների խորացումը կարող է այս երկրներին ստիպել կատարել ընտրություն հօգուտ Մոսկվայի, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ Արևմուտքից և այլընտրանքային աղբյուրներից ներդրումներ ներգրավելու համար։ Բացի դրանից, որոշ երկրների միջև առկա են տարածքային և ջրային ռեսուրսների վերահսկման հետ կապված վեճեր, հատկապես, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմաններին, որոնք տարածաշրջանային կայունության խաթարման միտում ունեն և, բացի այդ, խոչընդոտներ են ստեղծում ԳՃՆ-ի ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Միևնույն ժամանակ, Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները թեև ներկայումս ունեն ռազմավարական գործընկերության բնույթ, և առկա է համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդուհանդերձ, բնորոշվում են խորքային ռազմավարական անվստահությամբ։ Ռուսաստանը, լինելով ԵԱՏՄ-ի առաջնորդը, զգուշանում է չինական նախագծերի ներթափանցումից։ Սա հատկապես ակնառու է դառնում, երբ համեմատում ենք երկու նախաձեռնությունների՝ ԳՃՆ-ի և ԵԱՏՄ-ի բնույթները․ ԳՃՆ-ն իր բնույթով գլոբալ և դեպի արտաքին աշխարհն ուղղված տնտեսական նախագիծ է՝ Չինաստանի դերակատարմամբ, մինչդեռ ԵԱՏՄ-ն տարածաշրջանային և քաղաքական ինտեգրացիայի նախաձեռնություն է՝ ուղղված ետխորհրդային տարածքում Ռուսաստանի գերիշխանության վերականգնմանը։ Այսպիսով, ԳՃՆ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում Չինաստան-Ռուսաստան համագործակցությունը, մեծ հաշվով, կախված է երկու գերտերությունների քաղաքական կամքից և փոխադարձ հաշվարկված շահերից։

Աֆրիկայում առկա մարտահրավերները՝ Չինաստանի հետ հարաբերությունների համատեքստում, կապված են թե՛ տնտեսական հնարավորությունների, թե՛ քաղաքական ռիսկերի հետ։ Չինաստանը երկարամյա կապեր ունի Աֆրիկայի հետ, և ԳՃՆ-ի շրջանակներում իրականացվող ենթակառուցվածքային ներդրումները, որոնք ուղղված են մայրցամաքում առկա ենթակառուցվածքների սղության հաղթահարմանը, մեծամասամբ ողջունել են աֆրիկյան բոլոր պետությունները։ Չնայած ներդրումների ողջունմանը, աֆրիկյան բազմաթիվ երկրներ մտավախություն ունեն, որ չինական մոդելը կարող է խորացնել իրենց պետական պարտքի մակարդակը՝ կախվածություն առաջացնելով Չինաստանից։ Սա կարող է վտանգել երկրների ինքնիշխանությունը, քանի որ տնտեսական ազդեցությունը կարող է Չինաստանին հնարավորություն տալ ներգործել այդ երկրների ներքաղաքական որոշումների վրա։ Այս միտումն արդեն տեսանելի է Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանում, որտեղ Չինաստանը մեծ տնտեսական ներկայություն ունի, որը վերածվում է քաղաքական լծակի։ Այս պատճառով մի շարք աֆրիկյան երկրներ փորձում են հավասարակշռել իրենց արտաքին գործընկերներին՝ չինական մոդելի և արևմտյան մոդելի միջև։ Այս ամենին զուգահեռ, Աֆրիկայում առկա են նաև այլ մարտահրավերներ, որոնք ներառում են անվտանգային ռիսկեր, կոռուպցիա և այլն։

Չնայած տնտեսական ներուժին, ԵՄ ներսում առաջացել է մտավախություն, որ նախաձեռնության շուրջ ձևավորվող անդամ երկրների աճող խումբը կարող է խորացնել արդեն իսկ առկա բաժանարար գծերը ԵՄ-ի ներսում՝ թուլացնելով դրա քաղաքական և տնտեսական հիմքերը, ինչպես նաև ազդեցություն ունենալով միության արժեքային համակարգի վրա։ Այս մտավախության հիմնական պատճառն այն է, որ, չնայած՝ Չինաստանն ընդգծում է նախաձեռնության տնտեսական բնույթը, սակայն գնալով ավելի տեսանելի են դառնում դրա աշխարհաքաղաքական հետևանքները։ ԵՄ-ի մոտեցումը պայմանավորված է երկու հիմնական մտահոգությամբ. առաջինը՝ ԳՃՆ-ի ինստիտուցիոնալացման գործընթացն է, որը կարող է ձևավորել Չինաստանի ազդեցության նոր մեխանիզմներ, և երկրորդն՝ այն ռիսկը, որ Չինաստանի աճող ազդեցությունը կարող է տնտեսական կախվածություն ստեղծել ինչպես անդամ, այնպես էլ՝ ոչ անդամ երկրների համար, Չինաստանին հնարավորություն տալով թելադրել պայմաններ։

Ընդհանրացնելով՝ գալիս ենք եզրահանգման, որ 2013 թվականից ի վեր ԳՃՆ-ի ճանապարհին Չինաստանը բախվել է բազմաշերտ մարտահրավերների, որոնք գերազանցում են զուտ տնտեսական բնույթը՝ ներառելով տեխնիկական, քաղաքական, աշխարհաքաղաքական և անվտանգային տարրեր։ Չնայած՝ նախաձեռնության ընդհանուր նպատակը ենթակառուցվածքային կապերով աշխարհը փոխկապակցելն է, դրա իրականացումը յուրաքանչյուր տարածաշրջանում ձեռք է բերում յուրահատուկ բնույթ՝ պայմանավորված տեղային աշխարհաքաղաքական հարաբերություններով, տնտեսական և ռազմավարական շահերի բախումներով։

Հեղինակ՝ Գնել Ղազարյան, Արտաքին քաղաքականության առցանց ակաեմիայի շրջանավարտ


[1] Տե՛ս Enrico C․, Geopolitical Implications of the Belt and Road Initiative: The Backbone for a New World Order?, Contemporary Chinese Political Economy and Strategic Relations, An International Journal Vol. 4, No. 1, 2018, էջ 14 https://icaps.nsysu.edu.tw/var/file/131/1131/img/2374/CCPS4(1)-Cau.pdf [հասանելի է՝  20.04.2025]։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037