Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի արձագանքները չեն դադարում։ Բազմաթիվ երկրներ և այլ հեղինակավոր դերակատարներ, այդ թվում՝ ԵՄ-ը և արաբական որոշ երկրներ, Հնդկաստանը, Վրաստանը, Հռոմի Պապը, ՆԱՏՕ-ն և այլն, ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված համաձայնությունները։ Միևնույն ժամանակ, որոշ անհանգստություն նկատվեց Իրանի կողմից։ Այն բանից հետո, երբ օգոստոսի 11-ին ՀՀ վարչապետ Փաշինյանը Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ, իսկ ԱԳ նախարար Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ հեռախոսազրույցներում ներկայացրին վաշինգտոնյան փաստաթղթերի էությունը, իսկ հաջորդ օրը ՀՀ ԱԳ փոխնախարար Կոստանյանը մեկնեց Իրան և հանդիպումներ ունեցավ մի շարք պաշտոնյաների հետ, Իրանի պաշտոնական շրջանակների ըմբռնումը դարձավ ավելի նկատելի։ Հայկական կողմը հավաստիացրեց իրանցի գործընկերներին, որ ստորագրված փաստաթղթերը, այդ թվում՝ Սյունիքով անցնող ճանապարհներին վերաբերող համաձայնություններն ամբողջապես հաշվի են առնում Իրանի շահերը և մոտեցումները։
Զարմանալին այն է, որ, կարծես, ձևավորվել է հայ-ռուսական ընդհանրական մի հանրույթ, որի անդամներն ավելի մեծ եռանդով են փորձում «պաշտպանել» Իրանի շահերն ու կարմիր գծերը, քան հենց իրենք՝ իրանցիները։ Եվ եթե Ռուսաստանից հնչող լացակումած մեկնաբանությունները հասկանալի են, ապա Երևանում դրանց սինխրոն կրկնությունները զավեշտալի տպավորություն են ստեղծում։
Երևույթին ուշադրություն դարձնենք ավելի մանրամասն։ Մի շարք ռուս փորձագետներ, քաղաքական գործիչներ և մեդիայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ազգանվան «յան» վերջածանց ունեցող, գուժում են Ռուսաստանի շահերի ոտնահարումը Վաշինգտոնում։ Այս խոսույթը ներառում է «Մոսկվայի փոխարեն Վաշինգտոնը ընտրելուց» («Իզվեստիա») մինչև «Հայաստանում ամերիկյան կիսառազմական բազայի ձևավորում» (Մարկով) և «Գյումրիի ռուսական բազայի՝ մազից կախված լինել» (Զատուլին)։ Որոշ «քաղաքագետներ» ավելի հեռուն են գնում՝ հայտարարելով, թե «Փաշինյանը ամերիկյան դրածո է, որը փորձում է պոկել Հայաստանը Ռուսաստանից, բայց չի կարողանա» (Ագրանովսկի)։ Այս անհեթեթ բարբաջանքն այդքան էլ հետաքրքիր չէր լինի, եթե չուղեկցվեր զգուշացումներով, թե «Թեհրանի համար աշխարհաքաղաքական ռիսկեր են գոյանում» (Մելոյան), «Իրանի հետ Հայաստանի սահմանը կհայտնվի արտաքին հսկողության տակ» (Աբրահամյան) կամ «Հայաստանն իր ցամաքային տրանսպորտային երթուղիները դեպի Իրան հանձնեց ամերիկյան մասնավոր ընկերությանը» («Կոմսոմոլսկայա պրավդա»)։
Ռուսական աղբյուրների՝ նման արձագանքին ձայնակցում են հայաստանյան քաղաքական և վերլուծական դաշտի ներկայացուցիչները, որոնք կարևոր են համարում նկատել Իրանի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, հոգեբանական, տնտեսական նույնիսկ՝ «ֆունդամենտալ» խնդիրները, որոնք ոչ միայն մեծ արհավիրքներ են առաջացնելու Իրանի համար, այլև «հանգեցնելու են Հայաստանի դանդաղ մահվան» (Թևանյան, Ոսկանյան, Բագրատյան, Զուրաբյան և ուրիշներ)։ Հատկանշական է, որ նույն մարդիկ երբևէ չեն անհանգստացել, երբ Ռուսաստանը փորձում էր «Նոյեմբերի 9»-ի հայտարարության 9-րդ կետի մանիպուլացմամբ կտրել Հայաստանը Իրանից։ Եվ անգամ Իրանի հոգևոր իշխանության ներկայացուցիչների կողմից առաջին՝ մտահոգ հայտարարություններից հետո հետագա հավասարակշռված մոտեցումները չեն կանգնեցնում Իրանի «իրական շահերը հասկացողներին»։
Ժամանակը ցույց կտա՝ Երևանում և Մոսկվայում «խիստ անհանգիստ» գործիչներին կստացվի՞ իրանցիներին «բացատրել» իրենց իսկ իրական շահերը։ Իսկ մինչ այդ, վստահ ենք, եթե վաշինգտոնյան համաձայնություններն ի կատար ածվեն, հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ամբողջական ապաշրջափակումը կհանգեցնի անվտանգության ռիսկերի նվազման ու տնտեսական զարգացման համընդհանուր հնարավորությունների կտրուկ ավելացման։
Ռոբերտ Ղևոնդյան