Ռուսաստանում անհանգիստ են․ Օվերչուկի այցի հետքերով

հեղ․ RCSP

      2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնությունները տարածաշրջանում նոր զարգացումների և աշխարհաքաղաքական իրողությունների հիմք են հանդիսանում։ Սա չի կարող չմտահոգել տարածաշրջանում ավանդաբար գերակա դիրք ունեցող պետություններին, առաջին հերթին՝ Ռուսաստանին։ Թեև ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի ազդեցության գործիքներն ու հնարավորությունները նվազել են, սակայն այդ պետությունը դեռևս մնում է տարածաշրջանային կարևոր դերակատար, որը եթե նույնիսկ չի կարող որոշումներ կայացնել ու իրագործել, ապա կարող է խնդիրներ ստեղծել այլ դերակատարների համար, եթե նրանց գործողությունները գնահատում է իր շահերին հակասող։

      Վաշինգտոնյան գործընթացների վերաբերյալ Ռուսաստանից հնչած որոշ հայտարարություններին զուգահեռ, պաշտոնական Մոսկվան զերծ է մնում ընդգծված դեմ դիրքորոշումից։ Այս վարքագիծն առաջին հերթին կապված է Ուկրաինայի հարցում Պուտին-Թրամփ գործընթացներով։ Հաշվի առնելով Թրամփի կողմից Ուկրաինայում ռուսական շահերի որոշակի ըմբռնումը, Կրեմլը չի ցանկանում Հարավային Կովկասում ԱՄՆ գործողություններին դեմ արշավ իրականացնել։ Մյուս կողմից, սակայն, ստորագրված փաստաթղթերը բազմաթիվ ուղղություններով շրջանցում են Ռուսաստանի պատկերացումները, հետևաբար, ինչ-որ բան ձեռնարկելն անհրաժեշտություն է։

      Եվ ահա, Հայաստան է գործուղվել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մինչ ժամանումը նա հայտնել էր, թե Մոսկվայում վերապահումներ ունեն ՀՀ կառավարության որոշումներից մեկի և ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության անհամապատասխանության վերաբերյալ, հույս հայտնելով, թե կկարողանա քննարկել դա ՀՀ վարչապետի հետ։ Օվերչուկի հանդիպումները ՀՀ վարչապետի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ արդեն տեղի են ունեցել։  Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։ Սակայն Մհեր Գրիգորյանի հետ եղել է նաև առանձնազրույց, որի ընթացքում, հավանաբար, մանրակրկիտ քննարկվել են վաշինգտոնյան համաձայնագրերի և Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների վերաբերյալ կարևորագույն խնդիրները։

      Այնուամենայնիվ, ինչ էլ ներկայացրած լինեն Փաշինյանն ու Գրիգորյանը Օվերչուկին, վաշինգտոնյան համաձայնությունների իրականացումը ավելի է նվազեցնելու Մոսկվայի ազդեցության լծակները տարածաշրջանում, և Ռուսաստանն, ի վերջո, դրա հետ համակերպվելու է։ Սակայն այդ համաձայնությունների իրականացումը պետք է դառնա նաև ՀՀ օրակարգի գլխավոր հարցը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում օր ու գիշեր պետք է աշխատեն ստորագրված փաստաթղթերի իրականացման շուրջ և դրանց առանձին բաղադրիչների վերաբերյալ անընդհատ առաջարկներ ներկայացնեն գործընկերներին։

Կարճաժամկետ առումով, Հայաստանի համար կարևորագույն խնդիր է նաև Ռուսաստանի հնարավոր հակաքայլերը կանխատեսելը և դրանց չեզոքացման մարտավարության մշակումը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ուղիղ ճնշման լծակների միջոցով Հայաստանի նկատմամբ ազդեցությանը, այլև՝ տարածաշրջանի պետություններում, հատկապես՝ Վրաստանում և Իրանում, Ռուսաստանի  ազդեցության միջոցների գործարկմամբ, վաշինգտոնյան ծրագրերի խափանման փորձերին։ Հետևաբար, մեծ ուշադրություն է հարկավոր դարձնել հայ-վրացական և հայ-իրանական հարաբերություններին՝ ուղիղ երկխոսության միջոցներով հնարավոր մտահոգությունները փարատելու և այդ մտահոգությունների հիման վրա մանիպուլյացիաներ թույլ չտալու համար։

Կարևոր է հիշել, որ ընդհուպ մինչև վաշինգտոնյան համաձայնությունների իրականություն դառնալը Ռուսաստանը չի կորցնելու դրանց իրականացումը խափանելու հույսերը։

Ռոբերտ Ղևոնդյան

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037