Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետագա աճի տեմպերի պահպանման խնդիրները ՀՀ-ում

հեղ․ RCSP

Ներածություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ աճող ոլորտներից է եղել 2021-2024 թթ.: Նույն ժամանակահատվածում տվյալ ոլորտի բա­ղադ­րյալ տարեկան աճի տեմպը (CAGR) կազմել է 41.62% (տե՛ս աղյուսակ 1): Թեպետ 2024 թ. առաջին կիսամյակում, նա­խորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ոլորտում անկում էր արձանագրվել, սա­կայն տարեկան կտրվածքով 2023 թ. նկատմամբ 14.5% աճ է արձանագրվել: 2025 թ. առաջին կիսամյակում ոլորտը ևս զգալի աճ արձանագրեց 2024 թ. առաջին կիսամյակի համեմատ: 2024 թ. առաջին կիսամյակի կատարողականը փաստում է ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորված ՀՀ դրամի պատճառով առաջացած խնդիրների մա­սին, ինչպես նաև՝ բացատրվում աշխատուժի էմիգրացիայով: 2024 թ. երկրորդ և 2025 թ. առաջին կիսամյակների կատարողականներից կարելի է եզրահանգել, որ ոլորտը կարողանում է համաշխարհային մակարդակով մրցունակ պրո­դուկ­տներ առաջարկել, քանի որ արտահանման ծա­վալներն աճում էին: Ոլորտի հետագա աճի վրա միջնաժամկետ հատ­վածում կարող են ազդել մի շարք գոր­ծոններ՝ պայմանավորված արհեստական բանականության (ԱԲ) ընձեռնած նոր հնարավորու­թյուն­ներով, ինչպես նաև՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հետագա արժևորմամբ։

Ծառայությունների
տեսակները
 
20212022202320242024 հունվար-հունիս2025 հունվար-հունիս
 Ընթացիկ գներ, մլրդ. ՀՀ դրամԱճի տեմպ (%) Ընթացիկ գներ, մլրդ. ՀՀ դրամԱճի տեմպ  (%) Ընթացիկ գներ, մլրդ. ՀՀ դրամԱճի տեմպ  (%) Ընթացիկ գներ, մլրդ. ՀՀ դրամԱճի տեմպ  (%) Ընթացիկ գներ, մլրդ. ՀՀ դրամԱճի տեմպ  (%) Ընթացիկ գներ, մլրդ. ՀՀ դրամԱճի տեմպ  (%)
Տեղեկատվական
տեխնոլոգիաներ, որից`
167.717.8294.675.7449.152.4514.114.5186.9-14.1298.425.6
Ծրագրային ապա­հովման մշա­կում և հարակից
գործողություններ
151.818274.380.7420.153.2483.415.1175.0-14.4280.025.9
Տվյալների մշա­կում, ցան­ցում տեղեկատվության
տեղաբաշխում
14.816.817.820.125.643.727.05.610.6-5.614.79.7

Աղյուսակ 1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայությունների դինամիկան (մլրդ. ՀՀ դրամ) և աճի տեմպերը[i]

Ոլորտի աճի պատճառները 2021-2024 թթ. և 2025 թ.-ի I կիսամյակում. բացահայտված հիմնական խնդիրները

ՀՀ ՏՏ ոլորտը, 2021 թ. համեմատ, 2022 թ. 75.7% աճ է արձանագրել, ինչը պայմանավորված է եղել ծրագրային ապա­հովման մշա­կմամբ և հարակից
գոր­ծո­ղություններով: Դրա վրա էլ, իր հերթին, ազդել էր, 2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ՌԴ-ից Հայաստան ՏՏ ոլորտի մասնագետների էմիգրացիան և մի շարք համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարների գործունեությունը, որոնք հիմնել էին իրենց դուստր ձեռնարկությունները և/կամ հայաստանյան մասնաճյուղերը: Ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտահանման ծավալների աճով (տե՛ս աղյուսակ 2):

 20212022202320242024 (1-ին եռամսյակ)2025 (1-ին եռամսյակ)
Հեռահաղորդակցության, համա­կար­գչային և տեղեկատվական ծառա­յություն­ների արտահանումը՝ ըստ վճարային հաշվեկշռի382.37711.381,073.971,180.57257.62314.89

Աղյուսակ 2. ՏՀՏ ոլորտի արտահանումը (մլն ԱՄՆ դոլար)[ii]

Արտահանման ծավալների շարժընթացը փաստում է այն մասին, որ ՀՀ-ն կարողացել է առաջարկել այնպիսի պրոդուկտներ (ներառյալ՝ օտարերկրյա գլխամասային ընկերությունների միջոցով առաջարկվող), որը ՀՀ արժևորված դրամի պարագայում մրցունակ է համաշխարհային շուկայում և հանգեցրել է միջին աշխատավարձերի աճին (տե՛ս աղյուսակ 3): Սակայն 2023-2024 թթ. ՏՏ ոլորտի արտահանման ծավալների փոփոխությունը և 2025 թ. առաջին կիսամյակի գրանցած ցուցանիշը՝ 2024 թ. առաջին կիսամյակի համեմատ, կարող են փաստել այն մասին, որ, համաշխարհային ՏՏ ոլորտների միտումներին համահունչ, ՀՀ ընկերությունները (ներառյալ՝ օտարերկրյա գլխամասային ընկերությունների համար) կարողացել են զարգացնել իրենց շուկան: Միևնույն ժամանակ, ոլորտի հետագա աճը կարող է չուղեկցվել ոլորտում ներգրավված մասնագետների զգալի աճով, և կարող է որոշակի կրճատում արձանագրվել:

 Ցուցանիշ20212022202320242024 հունիս2025 հունիս
ՏՀՏ  ոլորտի աշխատողների թվաքանակը27,64036,62740,66545,61044,92645,566
ՏՀՏ ոլորտի միջին ամսական աշխատավարձը610,134797,190915,0191,015,249824,100833,967

Աղյուսակ 3. Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների թիվը և միջին աշխատավարձը (ՀՀ դրամ)[iii]

Այս զարգացումների հետևանքով ոլորտը ներգրավեց ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա մասնագետների, ինչի վրա դրականորեն էր ազդել կառա­վա­րության վարած քաղաքականությունը[iv], որի արդյունքում տեղեկատվական հեռա­հաղոր­դակցական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվածների թվաքանակը 2021-2024 թթ․ աճել է և գրեթե կրկնապատկվել՝ կազմելով 45.6 հազար մարդ՝ 2021 թ. 27.6 հազարի համեմատ (տե՛ս աղյուսակ 3)։ Թեպետ 2023 թ. երկրորդ կեսին մասնա­գետների արձանագրված միգրացիան և/կամ ընկերությունների գործունեությունն այլ երկիր տեղա­փոխելը դանդաղեցրել էր 2024 թ. առաջին կիսամյակի ՏՏ ոլորտի աճի տեմպը՝ համեմատած 2023 թ. առաջին կիսամյակի, սակայն 2025 թ. ոլորտն առաջին կիսամյակում զգալի աճ էր արձանագրել 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 2024-2025 թթ. մասնագետների թվաքանակի՝ գրեթե նույն մակարդակի վրա պահպանվելը կարող է փաստել հետևյալի մասին.

  • Ոլորտում առկա է կադրերի խնդիր, և տվյալ ընկերությունները նոր, հատկապես՝ փորձառու մասնագետների ներգրավում են այլ ընկերությունից՝ առաջարկելով ավել բարձր աշխատավարձ, իսկ հետագա աճի տեսանկյունից բավական բարդ կլինի մասնագետ գտնել, եթե հատկապես փորձառուները այլ երկիր տեղափոխվեն:
  • Արտահանող ընկերությունների համար, որոնք հետագայում նոր մասնագետների աշխատանքի ընդունելիս նրանց աշխատավարձը ՀՀ դրամով վճարեն, հնարավոր է՝ դրամի արժևորումը լրացուցիչ բեռ դառնա:
  • Հնարավոր է՝ ԱԲ-ի ընձեռնած հնարավորություններն արդեն իսկ հանգեցրել են ոլորտի աշխատակիցների որոշ գործառույթներն ԱԲ-ի միջոցով կատարելուն, ինչն էլ, իր հերթին, հանգեցնի նոր աշխատակիցների թվաքանակի հետագա աճի կասեցմանը:

Բարձրորակ մասնագետներ պահելու նպատակով գլխամասային ընկերությունների կողմից բարձր աշխատավարձերի առաջարկումն՝ արժևորված ՀՀ դրամի պարագայում, կարող է փաստել այն մասին, որ ՀՀ ՏՏ ոլորտի աշխատուժը բավականին բարձր որակավորում ունեցող է:

Ոլորտի հետագա մարտահրավերները և հնարավորությունները

Մարտահրավերները

  • ՏՏ ոլորտի համաշխարհային զարգացումներին համահունչ համապատասխան գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացում, որպեսզի ՏՏ մասնագետները կարողանան նոր լուծումներ և պրոդուկտներ առաջարկել (ներառյալ՝ գլխամասային ընկերությունների անվան տակ առաջարկվող) և արժևորված դրամի պարագայում ու ԱԲ-ի ընձեռնած լուծումների դեպքում չկորցնեն աշխատանքը:
  • Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի[v]՝ ամենախոցելի ոլորտներից է ծրագրային ապահովման մշակումը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ «GitHub»-ը ստանում է ավելի քան 420 միլիոն պահոց (repository), ներառյալ՝ առնվազն 28 միլիոն բաց հասանելիության օրինակ, թե ինչպես լուծել ծրագրավորման խնդիրները: «GitHub Copilot»-ի նման գործիքները սովորում են այս ծրագրերն ինքնուրույն գրել: Մշակողների երեք քառորդն այժմ օգտագործում է ԱԲ օգնականներ։ Իսկ սա, իր հերթին, կարող է նվազեցնել, հատկապես, սկսնակների պահանջարկը: Համաշխարհային մակարդակով, ՏՏ ոլորտում զբաղվածության աճը, ինչպիսիք են համակարգչային համակարգերի զարգացումը, ծրագրակազմի հրապարակումը և ինտերնետում որոնման հարթակների ստեղծումը, արդեն իսկ կտրուկ դանդաղել են: 2022 թ. նոյեմբերից ՏՏ ոլորտում զբաղվածների մասնաբաժինը ընդհանուր զբաղվածության մեջ անշեղորեն նվազում է։  Մասնագիտությունները, որոնք առաջիկա տարիներին առավելագույն ռիսկով կփոխարինվեն ԱԲ-ով, ներառում են համակարգչային ծրագրավորողներին, հաշվապահներին, աուդիտորներին, տեքստերի խմբագիրներին և այլն[vi]։

Հնարավորությունները

  • Տվյալների մշա­կման և ցան­ցում տեղեկատվության տեղաբաշխման ոլորտը, որպես ՏՏ-ի ենթաոլորտ, կարող է աճ արձանագրել՝ պայմանավորված ԱԲ մեծ տվյալների (Big Data) և ամպային հաշվարկների (Cloud Computing) նկատմամբ աճող պահանջարկով։
  • Եթե 2022 թ. մայիսին համաշխարհային առաջատարներից մեկը՝ «NVIDIA»-ն հայտարարել էր Հայաստանում գիտահետազոտական կենտրոնի հիմնման մասին՝ ներգրա­վելու Հայաստանի ճարտարագետներին[vii], ապա արդեն 2025թ. հունիսին հայտարարվեց, որ ՀՀ կառավարության, «NVIDIA»-ի, «Firebird»-ի և «Team Group»-ի հա­մագոր­ծակցության արդյունքում Հայաստանում կառուցվելու է ԱԲ լուծումների հիման վրա աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը, որի շրջանակում նախատեսվում է 2026 թ. աշխատեցնել տվյալների կենտրոնը՝ հագեցած[viii] «NVIDIA Blackwell» գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով։ Ակնկալվող 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներն ուղղվելու են նորարարական մոդելների, ռոբոտաշինության և գիտության մեջ՝ համագործակցելով աշխարհի առաջատար համալսարանների հետ, ինչը երկրում կնպաստի նաև «նորարարության ոլորտում գործունեություն ծավալող սերնդի ձևավորմանն ու ոլորտի խթանմանը»[ix]։

Եզրակացություն

ՀՀ ՏՏ ոլորտը 2021-24 թթ. զգալի աճ է արձանագրել, որի տեմպերը բավականին բարդ կլինի կրկնել միջնաժամկետ հատվածում, եթե ՏՏ ոլորտը, համաշխարհային զարգացումներին համահունչ, չկարողանա մեծացնել շուկայի իր հատվածն՝ առաջարկելով համաշխարհային մակարդակով մրցունակ պրոդուկտներ և լուծումներ (ներառյալ՝ գլխամասային գրասենյակների համար  ստեղծվող), հատկապես՝ ԱԲ-ի միջոցով ընձեռնված: Այս պարագայում ՀՀ ՏՏ ոլորտը կարող է դիմակայել ՀՀ դրամի հետագա արժևորմանը, հատկապես՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ: Միևնույն ժամանակ, ոլորտի աճը կարող է չուղեկցվել ՏՏ ոլորտում աշխատող մասնագետների թվաքանակի այնպիսի աճով, որն արձանագրվել էր 2021-2024 թթ.։ Թվաքանակը կարող է նույնիսկ կրճատվել, եթե, համաշխարհային միտումներին համահունչ, աշխատակիցները նոր հմտություններ և կարողություններ չզարգացնեն՝ մրցունակ պրոդուկտ առաջարկելու նպատակով:     

Հեղինակներ

Աննա Մակարյան, տնտեսագիտության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, https://orcid.org/0000-0003-0505-7869։ 

Համլետ Մկրտչյան, տնտեսագիտության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, https://orcid.org/0009-0002-8588-2921։   

Վրեժ Իսանյանս, հանրային քաղաքականության թեկնածու (ԱՄՆ), «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ, https://orcid.org/0009-0008-1145-9251։

Աղբյուրներ


[i] ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի մասին 2022-2025 թթ. ամսական տարբեր զեկույցներ:

[ii] ՀՀ Վիճակագրական կոմիտեի «Վճարային հաշվեկշիռ 6» առցանց տվյալների բազա, հասանելի է՝ https://www.armstat.am/am/?nid=203։

[iii] ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի  մասին 2022-2025 թթ. ամսական զեկույցներ: ՀՀ վիճակագրական կոմիտեի «Աշխատանքի շուկան Հայաստանում» 2022-2024 թթ զեկույցներ։

[iv] ՀՀ կառավարության՝ 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» որոշման հավելված 2, հասանելի է՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=167054։

[v] Kumar, A. (2025, August 12). Why AI is replacing some jobs faster than others. World Economic Forum. Retrieved from։ https://www.weforum.org/stories/2025/08/ai-jobs-replacement-data-careers/.

[vi] Goldman Sachs. (2025, August 13). How will AI affect the global workforce? Retrieved from։ https://www.goldmansachs.com/insights/articles/how-will-ai-affect-the-global-workforce.

[vii] Invest in AM. (2022, October 5). NVIDIA opens office in Yerevan and builds research center for hundreds of engineers in Armenia. Retrieved from։ https://investin.am/hy/news/nvidia-opens-office-in-yerevan-and-builds-research-center-for-hundreds-of-engineers-in-armenia/.

[viii] Hetq. (2025, June 11). Team Group, NVIDIA, and Firebird announce a $500 million megaproject to build a regional AI supercomputing hub. Retrieved from։ https://hetq.am/hy/article/174903.

[ix] Տե՛ս նույն տեղում:

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037